Արցախից տեղահանված ընտանիքներից անգամ 10 տոկոսը չի կարողացել օգտվել բնակարանային աջակցության ծրագրից. ժամկետը երկարացվել է


Հասարակություն


Արցախի Հանրապետությունից բռնի  տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրված հավաստագրերի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը։ 

Այս մասին հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ նշելով, որ ծրագրի շրջանակում այս պահի դրությամբ հավաստագիր է ստացել 3947 ընտանիք, որից 3687-ն արդեն իրացրել է հավաստագիրը։ 


Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում տեղահանված ընտանիքները պետության կողմից ստացված հավաստագրերով կարող են ձեռք բերել, կառուցել և վերակառուցել իրենց սեփական տունը։ 

Ըստ այդմ, Միասնական սոցիալական ծառայության հետ համագործակցող բանկից կամ վարկային կազմակերպությունից հիփոթեքային վարկ ստանալու դեպքում՝ պետությունը հավաստագրի միջոցով իրականացնում է վարկային ժամանակացույցին համապատասխան մայր գումարի և տոկոսագումարի սուբսիդավորում, մասնավորապես՝ Երևանում ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 8մլն դրամ մայր գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող մինչև 8% տոկոսագումարի գծով, 

ՀՀ մարզային բնակավայրերում ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 10 մլն դրամ մայր գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող մինչև 10% տոկոսագումարի գծով, 

ՀՀ առանձին գյուղական բնակավայրերում ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 12 մլն դրամ մայր գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող մինչև12% տոկոսագումարի գծով,

Սահմանամերձ բնակավայրում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռքբերելու դեպքում հիփոթեքային վարկի ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 14 մլն դրամ մայր գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող մինչև 13% տոկոսագումարի գծով, 

Սահմանամերձ բնակավայրում անհատական բնակելի տուն կառուցելու, ինչպես նաև Սյունիքի և Վայոց ձորի մարզերում առաջնային շուկայից (անմիջապես կառուցապատողից) բազմաբնակարան բնակելի շենքում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու դեպքում հիփոթեքային վարկի ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 16 մլնդրամ մայր գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող մինչև 13% տոկոսագումարի գծով։

Ծրագրից օգտվելու համար կարեւոր նախապայման է ՀՀ քաղաքացիություն ստանալը, թեեւ արցախցիները ունեցել են ՀՀ քաղաքացիության կապույտ անձնագիր։ Այս պահանջն էլ հանդիսանում է ծրագրի իրականացման հիմնական խոչընդոտը։ Ընդհանուր առմամբ՝ Արցախից տեղահանվել է 115.000 մարդ, որից, ըստ պաշտոնական տվյալների, պետծրագրով բնակարան է ձեռք բերել միայն 3687-ը։ Այսինքն՝ անգամ 10 տոկոսը չի կարողացել օգտվել ծրագրից։


Leave a Comment