Շրջակա միջավայրի պահպանությունը, կլիմայի փոփոխության ազդեցությունների մեղմացումը ՀՀ-ի համար ռազմավարական առաջնահերթություններ են. ՇՄ նախարար


ՇՄՆ-ից հայտնում են, որ ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ասամբլեայի 7-րդ նստաշրջանի (UNEA-7) շրջանակում շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «Կայուն լուծումների առաջմղում՝ դիմակայուն մոլորակի համար» խորագրով բարձր մակարդակի քննարկմանը, որի ընթացքում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության Ազգային հայտարարությունը և հանդես եկել ելույթով։


Իր խոսքում նախարարն ընդգծել է, որ շրջակա միջավայրի պահպանությունը, կլիմայի փոփոխության ազդեցությունների մեղմումը և երկրի դիմակայունության բարձրացումը Հայաստանի համար ռազմավարական առաջնահերթություններ են։ Նա նշել է, որ ձևավորվում և իրականացվում են մի շարք ռազմավարական և ինստիտուցիոնալ լուծումներ՝ ուղղված՝


  •  ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը,

  •  կլիմայական ռիսկերին դիմակայելու կարողությունների ուժեղացմանը,

  •  շրջանաձև տնտեսության զարգացմանը և կայուն շարժունակության խթանմանը։


Նախարարն արտահայտել է այն համոզմունքը, որ բնական կապիտալի հաշվառումն ու էկոհամակարգային ծառայությունների գնահատումը պետք է դառնան ազգային պլանավորման և ներդրումային որոշումների անբաժանելի մաս, իսկ նորարար ֆինանսական գործիքները՝ կապի ամրապնդման միջոց պահպանության և զարգացման միջև։ Շեշտել է, որ որևէ երկիր չի կարող միայնակ ապահովել շրջակա միջավայրի դիմակայունությունը, և գլոբալ համագործակցությունը վճռորոշ է այս գործընթացում։


Հայաստանը պատրաստվում է 2026 թվականի հոկտեմբերին Երևանում հյուրընկալել ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի 17-րդ համաժողովը, որը լինելու է կարևոր հարթակ՝ գնահատելու Կունմին–Մոնրեալի Գլոբալ կենսաբազմազանության շրջանակի իրականացումն ու ձևավորելու դրա նպատակներին հասնելու հետագա ուղիները։


Համբարձում Մաթևոսյանը հաստատել է Հայաստանի պատրաստակամությունն ու հանձնառությունը՝ շարունակելու աշխատել ավելի անվտանգ և կայուն ապագայի համար։

Leave a Comment