Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է, որ Կասպից ծովում հարձակվել է զենք տեղափոխող ռուսական 2 նավի վրա

Քաղաքականություն

12.12.2025 | 17:50

Ուկրաինայի զինված ուժերի Հատուկ գործողությունների ուժերը  հայտարարել են Կասպից ծովում «Կոմպոզիտոր Ռախմանինով» նավի և «Ասկար-Սարիջա» բեռնատար նավի վրա հարձակման  մասին, գրում է Current time-ը։

Նշվում է, որ գործողությունն իրականացվել է «Черная Искра» շարժման հետ համատեղ:

«Ապստամբական շարժման ներկայացուցիչները մանրամասն տեղեկություններ են տրամադրել նավերի երթուղու և բեռի մասին», – հայտարարել են ուկրաինացի զինվորականները։

Մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ նրանք «տեղափոխում էին ռազմական տեխնիկա և զենք»: Ըստ տեղեկությունների՝ «Կոմպոզիտոր Ռախմանինովը» և «Ասկար-Սարիջան» օգտագործվում են ռազմական նպատակներով և գտնվում են ԱՄՆ պատժամիջոցների տակ՝ Իրանի և Ռուսաստանի միջև ռազմական բեռների տեղափոխման գործում իրենց մասնակցության համար։

Ռուսաստանը դեռևս չի մեկնաբանել Հատուկ գործողությունների ուժերի տարածած տեղեկությունը:

Ավելի վաղ ուկրաինական լրատվամիջոցները և Astra-ն, հղում անելով աղբյուրներին, հաղորդել էին, որ Ուկրաինայի անվտանգության ծառայության «Ալֆա» հատուկ գործողությունների կենտրոնի կողմից Կասպից ծովում գտնվող «Լուկоյլ» նավթային հարթակի վրա հարձակում է իրականացվել: Հարձակման հետևանքով ավելի քան 20 հորատանցքից դադարեցվել է նավթի և գազի արդյունահանումը, և հարթակի գործունեությունը կասեցվել է:

 

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի

Leave a Comment