Հանրային քննարկում Արմավիրի համայնքային բյուջեն հաստատելուց առաջ

Արմավիրում հանրային քննարկման էր դրվել մարզկենտրոնի 2026թ բյուջեի նախագիծը, որի եկամուտներն ու ծախսը նախնական հաշվարկներով 3.6 մլրդ դրամ է: Եկող տարի ավելանալու է բազմահարկ շենքերի բակային տարածքների բարեկարգման ու ջրամատակարարման ցանցի կառուցման աշխատանքների ծավալը: Սակայն շենքերի տանիքների ու կոյուղագծերի հիմնանորոգման ծախսեր չեն նախատեսվել, տանիքները կհիմնանորոգվեն 2027թ սուբվենցիոն ծրագրերով:

Արմավիր քաղաքի 2026թ բյուջեն կազմվել է համայնքի զարգացման 2021-2026 թթ հնգամյա և միջնաժամկետ ծախսերի ծրագրերին համապատասխան: Համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական բաժնի գլխավոր մասնագետ Կարինե Պողոսյանը ներկայացնում է բյուջեի որոշման նախագիծը:

«2026 թ բյուջեով կանխատեսվել են եկամուտներ 3 մլրդ 631 մլն 324 հազար 400 դրամ: Սեփական եկամուտները կանխատեսվել են 1 մլրդ 363 մլն 820 հազար դրամ: Պետության կողմից պատվիրակված լիազորությունների համար միջոցները 5 մլն 997 հազար դրամ է, պետական բյուջեից տրվող դրամաշնորհները, որի մեջ մտնում են դոտացիան և սուբվենցիան, կազմում են 2 մլրդ 261 մլն 510 հազար 400 դրամ»:

Համայնքի բյուջեն ձևավորվում է սեփական եկամուտների՝ հարկերի, տեղական տուրքերի ու վճարների հավաքագրման հիման վրա: Բյուջեի մաս է կազմում նաև ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրվող դոտացիան: Համայնքում տարեցտարի ավելանում է ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված շինարարության ծավալը։ Այդ աշխատանքները իրականացվում են հիմնականում սուբվենցիոն ծրագրերով: 2026-ին լայնածավալ աշխատանքներ կսկսվեն Արմավիրի կենտրոնական ու ծայրամասային թաղամասերում: 

«Նախատեսվում է իրականացնել Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի  35.37.39.43, Չարենցի փողոցի 1/1,5,7,9,34,36, Ջիվանու 13.15.17.19, Սայաթ-Նովա 120 բազմաբնակարան շենքերի բակային տարածքների հիմնանորոգում և ջրամատակարարման նոր համակարգի կառուցում»:   

Ընդհանուր առմամբ՝ 2026թ-ին նախատեսվում է բարեկարգել Արմավիրի շուրջ 57 շենքերի բակերը: Ցանկում ներառված են նաև արևելյան ու արևմտյան ծայրամասային թաղամասերը, ինչպես նաև Լուկաշին ու Մայիսյան գյուղերը: Լուկաշինում հիմնանորոգվելու են փողոցները, Մայիսյանում՝ մանկապարտեզը:

Թեպետ խմելու ջրի մատակարման պատասխանատուն «Վեոլիա ջուր» ընկերությունն է, Արմավիրի համայքապետարանը ջրամատակարաման ցանցի հիմնանորոգման պարտավորությունն ամբողջությամբ վերցրել է իր վրա: Այս սկզբունքը որդեգրել է խմելու ջրագծերի հետագա վթարներից խուսափելու և  ասֆալտապատ փողոցները չքանդելու համար:

Արմավիրում վթարային են նաև կոյուղագծերը: Այս խնդիրը համայնքի ցավոտ կողմերից մեկն է: Բյուջեում ծախսեր նախատեսվո՞ւմ են այս ուղղությամբ՝ հարցնում եմ համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանին։

«Մենք բյուջեով տող չենք նախատեսել, կարծում եմ, որ «Վեոլիա ջրի» պարտականությունները պետք չի, որ Արմավիրի համայնքապետարանը վերցնի իր ուսերին: Դրա համար «Վեոլիա ջուրը» պատվիրակված լիազորություն ունի և պետք է կատարի»:

Համայնքի ղեկավարը նշեց, որ հոկտեմբերին խցանվել էր քաղաքի գլխավոր կոլեկտորը, կոյուղաջրերը լցվել էին հարակից տարածքներ: «Վեոլիա ջուրը» չի արձագանքել ու համայնքապետարանը հարկադրված է եղել միջամտել ու զգալի միջոցներ է ներդրել:

««Վեոլիա ջուրը» ձեռքերը ծալել էր և 20-25 օր ոչ զանգի էր պատասխանում, ոչ հաղորդագրության: Երբ հասկացանք, որ կենսական հարց է դարձել, գնացինք ու սկսեցինք այդ հարցով զբաղվել: Բայց էլի մեր պարտականությունը չէր: Ոչ ամբողջովին, մեր միջոցներով վերանորոգվեց, բայց ահագին ծախսեցինք: Հետո շատ մեծ աղմուկ բարձրացրեցինք, ու կառավարությունը սկսեց խնդրով զբաղվել»:

Քաղաքում խնդիր է նաև բազմահարկ շենքերի տանիքների վիճակը: Դրանք մեծ մասամբ ազբեստից են ու վնասված: Քաղաքացիներին հուզում է այդ խնդիրը: Տանիքների նորոգում 2026 թ համայնքի բյուջեով նախատեսված չէ, սակայն հաջորդող տարիներին համաֆինանսավորմամբ հարցը կլուծվի՝ ասում է համայնքի ղեկավարը:

«Արմավիր քաղաքում կա 138 բազամաբնակարան շենք, 6-7 շենք էլ՝ գյուղերում: Քաղաքում  երեք շենքի տանիքն է նորոգված, երկուսն էլ այս տարի մենք վերանորոգեցինք, որովհետև ամբողջ տանիքը վնասվել էր քամու հետևանքով: Բայց պլանավորում ենք 2027-2028 թթ-ին բոլոր բազմաբնակարան շենքերի տանիքները համաֆինանսավորմամբ հիմնանորոգենք»:

Քննարկման մասնակիցներից Էմմա Բաղդասարյանը հետաքրքրվեց երիտասարդական ծրագրերին հատկացվող միջոցներից:

«Ինձ հետաքրքրում է երիտասարդական ծրագրերի մասով ինչքան բյուջե է առանձնացված, և ի՞նչ միջոցառումների, ի՞նչ ծրագրերի համար է նախատեսվում բյուջեն ծախսել»:

Արմավիրի համայնքապետարանն ամեն տարի դրամական միջոցներ է հատկացնում «Արմավիրի երիտասարդների տուն» կենտրոնին՝ միջոցառումներ կազմակերպելու համար՝ ասում է Վարշամ Սարգսյանը:

«Անցած ու նախանցած տարի գրեթե բոլոր միջոցառումները, երիտասարդներին նվիրված կամ երիտասարդներին ներգրավող տոները պատշաճ նշել ենք, այս տարի ևս պլանավորում ենք երիտասարդներին ուղղված միջոցառումներ իրականացնել: Նաև, որոշել ենք երիտասարդական կենտրոնի ծախսերը մեծացնել, որպեսզի ավելի լավ ներգրավված լինի համայնքային կյանքին»:

Համայնքի 2026 թ բյուջեի եկամուտներն ու ծախսերը նույնն են. ինչքան մուտքագրվելու է, այնքան էլ ծախսվելու: Միջոցներ են տրամադրվելու ընթացիկ ու կապիտալ ծախսերի համար:

Leave a Comment