Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրված հավաստագրերի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը, հայտնել է ԱՍՀ նախարարությունը։
Ծրագրի շրջանակում այս պահի դրությամբ հավաստագիր է ստացել 3947 ընտանիք, որից 3687-ն արդեն իրացրել է հավաստագիրը։
Ծրագրի շրջանակում տեղահանված ընտանիքները կարող են ձեռք բերել, կառուցել և վերակառուցել իրենց սեփական տունը։ ՄՍԾ-ի հետ համագործակցող բանկից կամ վարկային կազմակերպությունից հիփոթեքային վարկ ստանալու դեպքում՝ պետությունը հավաստագրի միջոցով իրականացնում է վարկային ժամանակացույցին համապատասխան մայր գումարի և տոկոսագումարի սուբսիդավորում։
Կառավարությունն ավելի վաղ ընդունել էր նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին բնակարաններով ապահովելու ծրագիր։ Կառավարությունը ծրագրի մասնակիցներին կտրամադրի հավաստագրեր։ Armenia Today-ն ուսումնասիրել էր ծրագիրը և պատրաստել կարճ ուղեցույց, որը կօգնի արցախցի մեր հայրենակիցներին ծանոթանալ ծրագրի պայմաններին։
