«Եթե 53 քննիչներից բաղկացած քննչական խումբն իր անգործության մեջ փոփոխություն չունենա, քննարկելու ենք ընդհանրապես մեր մասնակցության հարցը»

«Եթե այս գործով վարույթի շրջանակներում 53 քննիչներից բաղկացած քննչական խումբն իր գործողությունների մեջ, այսինքն՝ անգործության մեջ փոփոխություն չունենա, մենք նորից գտնվենք դռնփակ, գաղտնի նախաքննության աբսուրդի պայմաններում, եւ նորից ներկայացվի միջնորդություն՝ կալանքը որպես խափանման միջոց երկարաձգելու վերաբերյալ, մենք ընդհանրապես քննարկելու ենք դրան մեր մասնակցության հարցը։ Դատարանում հրապարակավ, դռնբաց ու ուղիղ եթերով հեռարձակումից իրավասու մարմինները  վախենում են, թող հակառակն ապացուցեն, եթե դժվար չէ։ Համանման գործերով 4-5 ամսից ավելի նախաքննություն չի տեւում, ինչո՞ւ է այս գործով արդեն 6 ամիս տեւում, 53 քննիչների պայմաններում»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց փաստաբան Արամ Վարդեւանյանը՝ խոսելով գործարար Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի մասին։

Փաստաբան Արշակ Վարդանյանն ասաց, որ փաստաբանական թիմն անգամ այս պահին պատրաստ է եզրափակիչ ելույթներին։ «Կոչ դրվագի շրջանակներում երեկ կատարվել են նաեւ որոշակի գործողություններ։ Սամվել Կարապետյանը շուրջ 5 ամիս կալանքի տակ է գտնվում բացառապես կոչի դրվագով փաստված հիմնավոր կասկածի շրջանակներում։ Ու այդ 5 ամսվա ընթացքում մենք ներկայացրել էինք փորձագիտական կարծիքներ, այսինքն՝ լեզվաբանության բնագավառում հատուկ մասնագիտական գիտելիքների տիրապետող անձանց կարծիքներ, որոնք փորձագիտական մակարդակով վերլուծել էին Սամվել Կարապետյանի խոսքը։ Նաեւ հոգեբաններին էին դիմել, իրենք էլ վերլուծել էին ժեստիկուլյացիա, միմիկա եւ այլն։ Եվ փորձագետները միանշանակ պնդում էին, որ այդտեղ նախ կոչ չկա, առավել եւս՝ բռնության կոչ չկա։ Ընդ որում, այս երկու հատկանիշները պետք է պարտադիր առկա լինեին, որ կարողանային Սամվել Կարապետյանին ոչ միայն կալանավորել, այլ նախապես քրեական հետապնդում հարուցել։ Եվ ահա երեկ խուզարկություն է կատարվել լեզվաբանական բնագավառի փորձագետներից մեկի բնակարանում»,- ասաց Արշակ Վարդանյանը։

Նա նշեց, որ եթե 53 անդամից բաղկացած քննչական խումբը գործողություններ չունի անելու, արդեն փորձագետների բնակարաններն է խուզարկում, առանձնապես արդարադատություն ու օբյեկտիվություն ակնկալելը շատ դժվար է։

Մանրամասները՝ տեսանյութում.

Փաստաբան Արմեն Ֆերոյանն ասաց՝ այնպես չէ, որ փորձագետի բնակարանում խուզարկություն իրականացնելը գերկարեւորություն ուներ քննչական մարմնի համար։ «Փորձագետի տունը խուզարկելը հավելյալ ապացույց է, որ այդ մարդիկ շահագրգռված են միմիայն շինծու եւ մեղադրական բնույթի ապացույցներ հավաքելով։ Եվ դա հենց ճնշման մեթոդ է, որ այն մարդիկ, ովքեր ի օգուտ այս գործի կգան կխոսեն, թող համոզված լինեն, որ իրենց բնակարանները խուզարկվելու են։ Բայց ես վստահ եմ, որ մեր հանրությունն անտարբերության մատնված չէ, եւ խիզախներ անպայման լինելու են։ Իսկ ապօրինություն թույլ տված անձինք անպայման պատասխանատվության են ենթարկվելու, տարիներ էլ անցնեն, մենք բոլորի հետեւից անպայման գնալու ենք, թակելու ենք իրենց բնակարանի դուռը, որպեսզի գան ու պատասխան տան, թե ինչու են կատարել այդ ապօրինությունը»,- նշեց Ֆերոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում.

Արմեն Ֆերոյանը նաեւ ասաց, որ դատարանների նկատմամբ տեղի են ունենում անասելի ճնշումներ։ «Եվ իմ ու իմ գործընկերների մոտ շատ մեծ հիասթափություն առաջացավ, երբ այդ անասելի մեծ ճնշումներին ամենարարագը տուրք տվեց հենց ՀՀ վճռաբեկ դատարանը՝ ի դեմս հակոկոռուպցիոն պալատի»,- հավելեց նա։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment