«Նոան» Կոնֆերենցիաների լիգայի 5-րդ տուրում վճռորոշ հաղթանակ տարավ՝ Երևանում 2:1 հաշվով պարտության մատնելով լեհական «Լեգիային»: Այս հաջողությունը գործնականում ապահովեց հայկական ակումբի տեղը փլեյ-օֆֆում, ինչը կարող է դառնալ պատմական ձեռքբերում ողջ հայկական ֆուտբոլի համար:
Խաղից հետո «Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը հանդես եկավ ծավալուն մամուլի ասուլիսով՝ վերլուծելով հանդիպումը, թիմի վիճակն ու հաջորդ փուլ դուրս գալու հեռանկարները:
«Շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր մասնակցել են այս հանդիպման նախապատրաստմանը: Հատուկ շնորհակալություն երկրպագուներին, ովքեր եկել էին մարզադաշտ այս ցուրտ եղանակին: Եվ, իհարկե, հսկայական շնորհակալություն իմ խաղացողներին: Մենք ցուցադրեցինք շատ բարձր մակարդակի ֆուտբոլ: Մենք հաղթեցինք եվրոպական մեծ թիմի. հիշեցնեմ, որ նախորդ մրցաշրջանում «Լեգիան» հասել էր Կոնֆերենցիաների լիգայի քառորդ եզրափակիչ:
Խաղի սկիզբը մեզ համար հաջող չէր, սակայն արդեն առաջին խաղակեսում ունեինք լավ պահեր: Դրանից հետո ամբողջությամբ վերահսկողության տակ առանք խաղն ու հավատացինք մեր ծրագրին: Երեկ ես ասել էի, որ խաղադաշտ ենք դուրս գալիս ոչ թե ինչ-որ մեկին տպավորելու, այլ բնավորություն ցույց տալու համար: Բայց այսօր ես ինքս տպավորված եմ թիմով և շատ երախտապարտ եմ տղաներին: Սա մեծ հաղթանակ է մեզ համար:
Ութ միավոր Կոնֆերենցիաների լիգայում՝ դա ապշեցուցիչ է: Հուսով եմ, որ սա բավարար կլինի փլեյ-օֆֆ դուրս գալու համար: Հայկական ֆուտբոլի համար սա կլինի պատմության մեջ առաջին դեպքը:
Իմ կարծիքով՝ մենք այսօր ավելի լավ խաղացինք, քան Լյուբլյանայում: Սանգարեն և Էտեկին հրաշալի և կարևոր խաղացողներ են, բայց այս խաղի համար ես այլ ծրագիր ունեի: Մատեուշ Այաշը և Թորարինսոնը գերազանց կատարեցին իրենց խնդիրները: Սանգարեն և Էտեկին դուրս եկան փոխարինման և կարևոր ներդրում ունեցան հաղթանակի մեջ: Ես շատ գոհ եմ նրանց ելույթից:
Մաթեմատիկորեն ութ միավորը իսկապես կարող է բավարար լինել: Բայց մենք պայքարելու ենք հաղթանակի համար Կիևի «Դինամոյի» դեմ խաղում: Սա մեծ թիմ է, և թեև նրանք եվրոպական հանդիպումները տանը չեն անցկացնում, սակայն ցուցադրում են լավ ֆուտբոլ:
Ես ասացի տղաներին, որ մենք լավ ֆուտբոլ ենք ցուցադրում ուժեղ մրցակցի դեմ: Իհարկե, մենք ցանկանում էինք ընդմիջման գնալ 1:1 հաշվով, քանի որ արժանի էինք դրան, բայց սա ֆուտբոլ է: Կարևորն այն է, որ մենք չկորցրինք խաղի թելը և երկրորդ խաղակեսում դրսևորեցինք բնավորություն:
Մենք շատ հնարավորություններ ունեինք: Այաշը և Յակոլիշը հիանալի պահեր ունեին առաջին խաղակեսում, վտանգավոր հարվածներ փոխանցումներից հետո… մեր բախտը պարզապես չէր բերում: Բայց ուրախ եմ, որ ընդմիջումից հետո գոլ խփեցինք ավելի ցածր xG-ով (սպասվող գոլեր), քան առաջին կեսում:
Գոհ չեմ, որ մենք կրկին առաջինը գոլ բաց թողեցինք: Բայց ուրախ եմ, որ թիմը գիտի՝ ինչպես վերադառնալ խաղի մեջ, ցուցադրել բնավորություն և ոգի: Սա որակ է, որը պետք է պահպանենք, թեև, իհարկե, կաշխատենք նվազեցնել սխալները»:
Ես վաղուց եմ ֆուտբոլում և գիտեմ՝ ինչ են քննադատությունն ու ճնշումը: Ես կենտրոնացած եմ խաղացողների հետ աշխատանքի վրա, տեսնում եմ կրակը նրանց աչքերում և զգում ակումբի ու ինձ հետ աշխատող բոլոր մարդկանց աջակցությունը: Ուստի ճնշում չեմ զգում. մենք շարունակում ենք քրտնաջան աշխատել»,- նշել է խորվաթ մասնագետը։