Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հինգշաբթի՝ դեկտեմբերի 11-ին, խոստովանել է, որ Ուկրաինան այժմ «պատրաստ» է ընդունել տարածքային զիջումները: Կիևը համաձայնել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ բանակցությունների հիմնական կետերից մեկին՝ ընդունելով Դոնբասում ապառազմականացված գոտու ստեղծումը․ գրում է Le Monde-ը։
Զիջումը ներառված էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու պատրաստած և չորեքշաբթի երեկոյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին փոխանցված ԱՄՆ-ի վերանայված խաղաղության ծրագրում: Գերմանիայի կանցլերը հաստատել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և ինքը մասնակցել են առաջարկի մշակմանը։
Կիևի կարծիքով՝ ապառազմականացված գոտին կպահանջի, որ ինչպես ուկրաինական, այնպես էլ ռուսական ուժերը դուրս գան Դոնբասի ներկայիս առաջնագծի երկու կողմերից:
«Գծի երկու կողմում էլ պետք է գոյություն ունենա ապառազմականացված գոտի»,- Le Monde-ի հետ զրույցում նշել է ուկրաինացի բանակցող Միխայիլ Պոդոլյակը:
«Մենք պետք է տրամաբանական և իրավական տեսանկյունից ճշտենք, թե բոլոր տեսակի զենքե՞րը պետք է դուրս բերվեն, թե՞ միայն ծանրները: Հնարավոր խախտումները կանխելու համար անհրաժեշտ կլինի մոնիթորինգային առաքելությունների և օտարերկրյա զորախմբի ներկայացուցիչների ներկայությունը՝ համաձայնեցված սկզբունքների և համաձայնագրերի պահպանումն ապահովելու համար։ Սա հակամարտությունը դադարեցնելու բնական ձևաչափ է՝ գիտակցելով, որ տարածքի մի մասը, ցավոք, փաստացի կմնա ռուսական օկուպացիայի տակ, և որ, ամեն դեպքում, կստեղծվի բաժանարար գիծ»,- նշել է նա։
Պոդոլյակը հավելել է, որ ուկրաինացիների համար «իդեալական» տարբերակն այն է, որ ԱՄՆ-ն մասնակցի վերահսկողական ուժին՝ «համաձայնագրերի կիրառման մոնիթորինգը, հետախուզությունը, վերահսկողությունը, բաժանարար գծի հարգումն ապահովելու համար»: