Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը հնարավորինս շուտ կստորագրեն խաղաղության պայմանագիրը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ղազախստանի նախագահը հայտարարել է Աշգաբաթում անցկացվող «Խաղաղության և վստահության միջազգային տարի 2025» համաժողովի ընթացքում։
«Մեր կարծիքով՝ Հայաստանի և Ադրբեջանի կողմից խաղաղության վերաբերյալ համատեղ հռչակագրի ստորագրումը պատմական նշանակություն ունի, ինչը լայն հեռանկարներ է բացում տվյալ տարածաշրջանում և դրանից դուրս բազմակողմանի համագործակցության համար։ Հույս ունենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի հնարավորինս շուտ»,- հայտարարել է Տոկաևը։
Ղազախստանի նախագահը նաև կարծիք է հայտնել, որ Երևանի ու Բաքվի միջև խաղաղության վերջնական ու ամբողջական պայմանագրի ստորագրումը կերաշխավորի կայունությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում։
Նշենք, որ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ևս Թուրքմենստանի նախագահի հրավերով աշխատանքային այցով գտնվում է Աշգաբաթում՝ Թուրքմենստանի մշտական չեզոքության 30-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով։
Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը՝ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը, որի դրույթները համաձայնեցվել էին 2025 թվականի մարտին։