«Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը տեւում է արդեն 177 օր, նա քաղաքական պատանդի կարգավիճակ ունի»․ Արամ Վարդեւանյան

Գործարար Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը տեւում է արդեն 177 օր։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց փաստաբան Արամ Վարդեւանյանը։

«Սամվել Կարապետյանի գործով իրավունք, օրենք ընդհանրապես չի գործում։ Սամվել Կարապետյանի գործով հստակ առկա է իրավունքի եւ օրենքի ոչնչացման վարքագիծ։ Իրավաբանները եւ փաստաբանները մշտապես հենվում են իրավունքի եւ օրենքի վրա, բայց այստեղ այդ հենարանները չկան, բացակայում են։ Ի՞նչն է առկա շատ հստակ՝ առկա է քաղաքական հետապնդում, քաղաքական վերժխնդրություն, առկա է ՀՀ-ում քաղաքական պատանդի կարգավիճակ ունեցող Սամվել Կարապետյան»,- ասաց Վարդեւանյանը։

Նա նշեց, որ քննչական մարմին ու դատախազությունը գործում են համատեղ։ Եվ, գործելով համատեղ, չեն կարողանում մեկ փաստարկ ներկայացնել, թե ինչո՞ւ Սամվել Կարապետյանը պետք է լինի կալանավորված։ «Բայց Սամվել Կարապետյանը կալանավորված է, որովհետեւ ՀՀ դատավորները չեն իրականացնում արդարադատություն, քաղաքական հետապնդում է, ճնշման մթնոլորտ է, եւ չեն կարողանում  լինել անկախ։ Բաց դրանք ի՞նչ կապ ունեն օրենքի եւ իրավունքի հետ, կապ չունեն։ Դատավորները, նույնիսկ ամենածանրագույն իրավիճակում հայտնվելով, պետք է լինեն անկախ»,- հավելեց նա։

Արամ Վարդեւանյանի խոսքով՝ 177 օր տեւող նման ապօրինի կալանքը հակասում է ոչ միայն գրված նորմերին ու օրենքներին, այլ նաեւ չգրված ու բարոյական տիրույթներում գտնվող արժեքներին։ «Հիմա ավելի հստակ է, թե ինչի համար էր անհրաժեշտ Սամվել Կարապետյանին ամեն գնով կալանավորել եւ կալանքի տակ պահել։ Խնդիրներից մեկը թաքնված է նրանում, որ մեր ինքնության, մեր Մայր Աթոռի նկատմամբ կա ուղիղ քաղաքական որոշում՝ ճնշման, նսեմացման միջամտություն։ Եվ Սամվել Կարապետյանը խոչընդոտ է նման վարքագծին։ Բայց Մայր Աթոռը պաշպանելը Հայաստանում ոչ իրավաչափ երեւո՞ւյթ է դառնում, «մեր ձեւով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը» նախադասությունը ՀՀ-ում հանգեցնում է 177 օր տեւող կալանքի։ Եվ այդ կալանքը հաստատող դատավորները, նման միջնորդություն ներկայացնող քննիչները, նման միջնորդությունը պաշտպանող դատախազները ՀՀ քաղաքացիներ են։ Սամվել Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իրավասու մարմինների կողմից, եւ Սամվել Կարապետյանը 177 օր է բանտում է ՀՀ-ում»,- նշեց նա։

Վարդեւանյանի խոսքով՝ երկրորդ խնդիրը, որը կրկին հանգեցնում է քաղաքական պատանդի կարգավիճակին, վերաբերում է ՀԷՑ-ին։ Ակնհայտ է, որ այս ամենը զուգահեռ սկսվեց, որոշվեց ՀԷՑ-ին զրկել լիցենզիայից։ «ՀԷՑ-ի վերաբերյալ մի հետաքրքիր բացահայտում անեմ. ՍԴ-ում, որ քննվում է Ազգային ժողովի պատգամավորների 1/5-ի կողմից ներկայացված համապատասխան դիմումը, այդ վարույթի շրջանակներում ներկայացրել ենք դիմում, որ հարցի քննություն իրականացվի բանավոր ընթացակարգով, բայց ՍԴ-ն մերժել է նշված միջնորդությունը»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում.

Արամ Վարդեւանյանն անդրադարձավ նաեւ Արցախի ներկայացուցչությունում երեկ տեղի ունեցած խուզարկությանը․ «Պաշտոնապես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ Սամվել Կարապետյանը նշված գործողությունների հետ, նշված գործողությունների շրջանակներում հարուցված վարույթի հետ ունի զրո առնչություն։ Նախաքննական գաղտնիքը եթե չլիներ, այսօր կհրապարակեինք նաեւ փաստաթղթեր։ Մեր ձեռքի տակ կան իրավասու մասնավոր մարմնի կողմից տրված փաստաթուղթ, ցուցմունքներ առ այն, որ Սամվել Կարապետանը դրա հետ որեւէ առնչություն չունի։ Այդ ամենը գիտեն քննչական մարմիններում ու դատարաններում։ Ցավալին այն է, որ 53 քննիչներից բաղկացած քննչական խումբը մինչ օրս ոչ թե ավարտում է այս պրիմիտիվ ու խայտառակ վարույթը, այլ փոխարենը տարատեսակ անհասկանալի վարույթային գործողություններով է զբաղված»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment