«Իրավագիտակից քաղաքացի»
Տարիներ շարունակ դեկտեմբերի 10-ն առանձնակի խորհուրդ է ունեցել Արցախում. տոնացույցում այդ օրը նշվել է որպես անկախության հանրաքվեի, Սահմանադրության ընդունման եւ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԽՍՀՄ կազմից դուրս գալու գործընթացը պետք է լիներ խիստ կանոնակարգված ու ԽՍՀՄ գործող օրենսդրությանը համապատասխան, ղեկավարվելով «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ օրենքի 2-րդ հոդվածով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդական պատգամավորների խորհուրդը 1991 թ. նոյեմբերի 27-ի որոշման 1-ին կետով որոշեց. «1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցկացնել հանրաքվե»։ Ընդ որում, հանրաքվեի անցկացման համար հիմք է հանդիսացել նաեւ 1990 թ. ապրիլի 3-ի օրենքի 3-րդ հոդվածը, ըստ որի. «…. իր կազմի մեջ ինքնավար հանրապետություններ, ինքնավար մարզեր եւ ինքնավար շրջաններ ունեցող միութենական հանրապետություններում հանրաքվեն յուրաքանչյուր ինքնավարությունում անց է կացվում առանձին»։
ԼՂՀ ժողպատգամավորների խորհրդի գործկոմը 1991թ. դեկտեմբերի 4-ին ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրաքվեի դրվող հարցի ճշգրտված ձեւակերպման մասին» թիվ 4/151 որոշումը, որի 1-ին կետին համապատասխան` հաստատվեց հանրաքվեի դրվող հարցի վերջնական ձեւակերպումը՝ հետեւյալ խմբագրությամբ. «Համաձա՞յն եք Դուք, որպեսզի հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի անկախ պետություն, ինքնուրույն որոշելով համագործակցության ձեւը ուրիշ պետությունների եւ ընկերակցությունների հետ»։ Վերոհիշյալ որոշումը փոխանցվել է հանրաքվեի անցկացման Կենտրոնական ընտրական հանձնաժողովին` հարցը քվեաթերթիկ մտցնելու համար։
ԼՂՀ անկախության հանրաքվեին մասնակցել են 50-ից ավելի միջազգային դիտորդներ ու լրատվամիջոցների ներկայացուցիչներ, որոնք հանրաքվեի ավարտից հետո կազմել են համատեղ արձանագրություն, իսկ նրանցից շատերն առանձին խմբերով եղել են տարբեր բնակավայրերում եւ կազմել առանձին ակտեր։ Այդ ակտերում առանձնակի շեշտադրվում է հանրաքվեի կազմակերպման ու անցկացման համապատասխանությունը եւ՛ միջազգային իրավունքին, եւ՛ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հանրաքվե անցկացնելու մասին» ժամանակավոր կանոնակարգին, քվեաթերթիկներ՝ 3 լեզուներով կազմված լինելու, քվեարկությունը սահմանված ժամին սկսելու ու ավարտելու մասին եւ այլն։
Հանրաքվեի մասին պահպանվել են որոշ նյութեր, այդ թվում՝ կադրեր միջազգային դիտորդներ Յուրի Աֆանասեւի եւ Վլադիմիր Սմիռնովի հարցազրույցից։ Խոսելով հանրաքվեի օրվա եւ կարեւորության մասին՝ Վլադիմիր Սմիռնովը տեսակետ է հայտնել, որ. «…. հանրաքվեի օրվա ընտրությունն ամենեւին էլ պատահական չէ, եւ հանրաքվեի կազմակերպիչներն այն զուգադիպեցրել են այդ խորհրդանշական օրվա հետ` մարդու իրավունքների պաշտպանության օրվան, որովհետեւ ուրիշ ոչ մի տեղ այնքան չեն ոտնահարվում այդ իրավունքները, որքան Ղարաբաղում»։
Հանրաքվեում սովորաբար ընդունված է համարվում այն որոշումը, որի օգտին տրված են քվեարկությանը մասնակցած ընտրողների վավեր ձայների պարզ մեծամասնությունը։ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հանրաքվե անցկացնելու մասին» ժամանակավոր կանոնակարգի 13-րդ հոդվածի 3-րդ ենթակետի համաձայն՝ «Հանրաքվեի դրված հարցը համարվում է ընդունված, եթե քվեարկությանը մասնակցել են քվեարկության համար ցուցակներ մտցված անձանց կեսից ավելին, եւ հանրաքվեի արդյունքում դրան հավանություն են տվել քվեարկությանը մասնակցած բնակիչների 2/3-ը։ Քվեարկության արդյունքներն ամփոփվում են հանրաքվեի Կենտրոնական հանձնաժողովի նիստում, ձեւակերպվում են արձանագրության տեսքով, որը ստորագրում են հանձնաժողովի անդամները, եւ հրապարակվում է»։
Համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական տվյալների` ԼՂՀ անկախության հանրաքվեին 132328 ընտրողներից մասնակցել են 108736-ը (82.2 %), որոնց ճնշող մեծամասնությունը` 108615 մարդ կամ 99,89%-ը, կողմ է արտահայտվել ԼՂՀ անկախությանը։ Հանրաքվեին դրված հարցին դեմ է արտահայտվել 24 ընտրող կամ 0,02%-ը, իսկ անվավեր է ճանաչվել 95 քվեաթերթիկ կամ 0,09%-ը (ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայք)։
Չնայած այն հանգամանքին, որ հանրաքվեի օրը ադրբեջանական ուժերը փորձել են խոչընդոտել համապետական կարեւորագույն միջոցառման բնականոն ընթացքը, սակայն արցախահայությունը, լի վճռականությամբ եւ տոգորված անկախությունը վերականգնելու ձգտումով, մասնակցել է հանրաքվեին, իսկ հանրաքվեին չմասնակցած զանգվածը, ինչպես արդեն նշվեց, կազմել են ադրբեջանցիները։
Ամփոփելով նյութը՝ կարելի է ներկայացնել հետեւյալ եզրահանգումները՝
– ԼՂՀ անկախության հանրաքվեի իրավական արժեքը նախ եւ առաջ այն է, որ դրա արդյունքում ժողովրդի միաձայն քվեի միջոցով իրավաբանորեն հաստատվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության` որպես ինքնիշխան, ժողովրդավարական եւ իրավական պետության կառուցման հայեցակարգը, այսինքն՝ այդ պետաիրավական ակտը բավարար հիմք է հանդիսացել անկախ պետականություն հիմնադրելու համար,
– անկախության հանրաքվեի իրավական արժեքը նաեւ նրանում է, որ, չնայած Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հանրաքվեի եւ ընտրությունների հետ կապված որեւէ միջազգային պարտավորություն չուներ, այնուհանդերձ, դրա անցկացման ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու հրավերներ է ուղարկել միջազգային կառավարական եւ ոչ կառավարական կազմակերպություններին, իսկ վերջիններս իրենց կազմած «ԼՂՀ անկախության մասին հանրաքվեի արդյունքների մասին» ակտում փաստել են, որ քվեարկության արարողակարգի, քվեաթերթիկների տրման, դրանց ձեւակերպման, ձայների հաշվման ընթացակարգում դիտորդների կողմից խախտումներ չեն հայտնաբերվել, ինչը ենթադրում է, որ ամբողջ գործընթացը տեղի է ունեցել ԽՍՀՄ Սահմանադրությանը, օրենսդրությանը, տեղական իրավական ակտերին, ինչպես նաեւ միջազգային իրավունքի տառին ու ոգուն խիստ համապատասխան,
– Անկախության հանրաքվեից մի քանի օր անց` դեկտեմբերի 28-ին, ԼՂՀ-ում տեղի են ունեցել ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները, որով հիմք դրվեց օրենսդիր մարմնի ստեղծմանը։ Դրան հաջորդել է մինիստրների խորհրդի (կառավարության), իսկ 1994թ. դեկտեմբերի 22-ին՝ Նախագահի ինստիտուտի ստեղծումը, որոնք ներհատուկ են միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող ժամանակակից պետություններին` հաշվի առնելով իշխանությունների տարանջատման սկզբունքը, եւ որոնց վրա դրված էր այդ մարմիններին բնորոշ գործառույթներ, որոնք, տարիների ընթացքում դիմակայելով ժամանակի փորձությանը եւ ավելի հստակորեն բաժանելով լիազորությունները, իրենց արտահայտությունն են գտել երկրի Հիմնական օրենքում։
– Վերջապես Անկախության հանրաքվեն, որպես ժողովրդաիշխանության դրսեւորման կարեւոր ինստիտուտ, մեծ ներդրում ունեցավ երկրում սահմանադրականության ձեւավորման գործում, քանի որ, չնայած ԼՂՀ հռչակումից 15 տարի անց է ընդունվել Սահմանադրությունը, հանրաքվեի ամբողջ գործընթացը եղել է աշխարհում ընդունված սահմանադրական նորմերի պահանջներին խիստ համապատասխան:
Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Ավե Յուս» փաստաբանական գրասենյակի հիմնադիր, փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
«Առավոտ» օրաթերթ
12.12.2025
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: