Սա կատակ չէ, պետք է արթնանանք. Լեգիայի կիսապաշտպանի կոչը թիմակիցներին — Armsport.am

Վարշավայի «Լեգիայի» կիսապաշտպան Դամիան Շիմանսկին «Նոայից» կրած պարտությունից հետո Polsat Sport-ին տված հարցազրույցում խոսել է թիմի անհաջողությունների, մարտավարական բացթողումների և հոգեբանական ծանր վիճակի մասին։

«Նման հանդիպումից հետո դժվար է որևէ բան ասել։ Ամեն ինչ մեզ համար լավ դասավորվեց. արագ գոլ խփեցինք և հաշվի մեջ առաջ անցանք։ Կարծում էի՝ դա մեզ թևեր կտա, բայց այդպես չեղավ։ Չգիտեմ՝ ինչու չկարողացանք վերահսկել խաղի ընթացքը։ Մինչև ընդմիջում հաջողվեց պահպանել դրական արդյունքը, սակայն երկրորդ խաղակեսում սխալներ թույլ տվեցինք և դրա պատճառով պարտվեցինք։

Չեմ կարող ստույգ ասել, թե ինչը վճռորոշ եղավ բաց թողած երկրորդ գոլի դրվագում։ Պետք է հանգիստ պայմաններում դիտել և վերլուծել այդ պահը։

Մենք վերլուծել էինք մրցակցին և գիտեինք, որ նրանք շատ են խաղում եզրերով: Ցավոք, մենք չէինք հասցնում բավականաչափ արագ փակել գոտիները՝ տանտերերի եզրային փոխանցումները կասեցնելու համար։ Մեզ վրա կարծես ինչ-որ անեծք լինի: Պետք է վերջապես արթնանանք, քանի որ սա կատակ չէ։

Հուսով եմ՝ դուրս կգանք այս ծանր իրավիճակից։ Սա ազդում է յուրաքանչյուրիս վրա՝ թե՛ ակումբի աշխատակիցների, թե՛ երկրպագուների, և թե՛ ֆուտբոլիստների։ Բոլորն էլ փորձում են և ցանկանում են հաղթել։ Հուսով եմ՝ ի վերջո մեր փողոցում էլ տոն կլինի։

Մենք փորձում ենք խոսել իրար հետ, մոտիվացնել միմյանց։ Երբեմն մեզ պակասում է սառնասրտությունը, հատկապես գոլային պահերին։ Պաշտպանությունում ևս կարող էինք ավելի լավ գործել։ Ստեղծված իրավիճակի համար մեղավոր են բոլորը. պետք է ընդունենք մեր մեղքը և քրտնաջան աշխատենք մարզումների ժամանակ։ Հավատում եմ, որ դա կտա իր արդյունքը»,- նշել է Շիմանսկին։

Leave a Comment