12 դեկտեմբերի 2025 – 11:59 AMT
PanARMENIAN.Net – Վերաքննիչ դատարանը, նախագահությամբ դատավոր Ժ. Մելիքսեթյանի, մերժել է հայտնի գործարար և բարերար Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի և դատախազության վերաքննիչ բողոքները։
Նոյեմբերի 18-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարել էր քննչական խմբի միջնորդությունը՝ երկու ամսով երկարաձգելով ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի կալանքը։
«Որոշման հրապարակմանը նախորդել էր «Հայկական ժամանակ» օրաթերթի համանման բովանդակությամբ հրապարակումը: Նշվածը իրավական աբսուրդի հերթական բաղադրիչն էր, քաղաքական հետապնդման հերթական փաստն էր:
Վերաքննիչ դատարանը` նախագահությամբ դատավոր Ժ. Մելիքսեթյանի, որոշեց մերժել փաստաբանական խմբի և դատախազության վերաքննիչ բողոքները:
Այս ամենն իրավական ցանկացած տիրույթից դուրս է և հաստատապես վերացնում է քրեական դատավարությունը Հայաստանի դատարաններից:
Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգման հիմք Առաջին ատյանի դատարանը վկայակոչել էր միայն խոչընդոտելու, իբրև ռիսկը, իսկ Վերաքննիչ դատարանը փաստացի համաձայնել է դրա հետ՝ ուղիղ անտեսելով երեք անհերքելի փաստական տվյալ. 1) մեղադրանքի նվազագույն հիմնավորվածության բացակայությունը, 2) շուրջ 6 ամիս ապօրինի կալանքը 3) այլընտրանքային խափանման միջոցների հնարավորությունը: Չնայած մեղադրանքների աբսուրդայնությանը, մեր կողմից հարկադրված ներկայացված նման միջնորդությունը մերժելու իրավական որևէ հնարավորություն առկա չէր:
Այս ամենն ապացուցում է, որ Սամվել Կարապետյանի դեպքում որևէ ձևով՝ դատարաններում իրավունքը չի գործում, իրավական փաստարկները չեն գնահատվում, արդարադատություն չի իրականացվում: Սամվել Կարապետյանի դեպքում բացառապես գործում է քաղաքական հետապնդումը, վրեժխնդրությունը, իրավունքի և օրենքի «վճռական» ոչնչացումը:
Հետագա զարգացումների վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,–ասվում է փաստաբանների հայտարարության մեջ։
Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը կալանավորվել է երկու ամսով և տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ` «ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալnւն ուղղված հրապարակային կոչի» մեղադրանքով։ Դրանից մի քանի ժամ առաջ Կարապետյանը հանդես էր եկել Հայ Առաքելական եկեղեցուն աջակցող հայտարարությամբ․«Ես մեր եկեղեցու, մեր ժողովրդի կողքին եմ: Ինչքան էլ փորձեն սևացնել, ոչ մի էլեկտրական ցանց… թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլցանցի վրա էլ: Ամեն ինչ լավ է լինելու, ժողովուրդը մեկ է իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են, որ սխալվեցին»։ Այնուհետև նրա կալանքը երկարացվել է։
Ի պատասխան Փաշինյանը գրել էր․ «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»: Ավելի ուշ նա հավելել է, որ ՀԷՑ–ը պետք է պետականացվի և շատ արագ։ Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ է նշանակվել։