Այդ ինչպե՞ս է պատահել, որ Ադրբեջանը Հայաստանին անթիվ-անհամար պահանջներ է ներկայացնում, իսկ մենք Ադրբեջանից ոչ մի պարտք-պահանջ չունենք: Վերջերս, օրինակ, Ադրբեջանի ԱԳՆ-ն, մեկնաբանելով Հայաստան – ԵՄ «ռազմավարական հռչակագիրը», առաջ է քաշել նոր պահանջներ՝ չանվանել Ադրբեջանից վտարված արցախցիներին «փախստականներ», չանդրադառնալ Միջազգային դատարանի որոշումներին, գերի չհամարել Բաքվի բանտերում «դատվող» մեր հայրենակիցներին եւ այլն:
Իսկ մենք ի՞նչ խաղաքարտեր ունենք այս խաղում: Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվել ենք, Մինսկի խումբը լուծարել ենք, էլ չթվարկեմ: Հիմա էլ վարչապետն ասում է՝ եկեք մենք հրաժարվենք արցախցիների՝ իրենց տները վերադարձից, իսկ Ադրբեջանը թող հրաժարվի «Արեւմտյան Ադրբեջան» վերադարձից: Պարզ է, որ դա ասվում է ներքին լսարանի համար, ի պատասխան հայաստանյան ընդդիմության մտահոգությունների: Քարոզչական թեզը հետեւյալն է՝ նրանք կհրաժարվեն, որովհետեւ մենք ենք հրաժարվում:
Բայց դա ասվում է աշխարհով մեկ, եւ զուտ դիվանագիտական առումով դա, իհարկե, «մասթեր-կլաս» է: Դու հրաժարվում ես միջազգայնորեն ընդունված, բազմիցս հաստատված քո իրավունքից՝ ակնկալելով, որ Ադրբեջանը նույնը կանի իր երեւակայական «իրավունքի» հետ, որն իրականում Հայաստան պետությունը քանդելու իր եւ Թուրքիայի ռազմավարական ծրագիրն է: Կասկածո՞ւմ եք, որ Ադրբեջանի պատասխանը կլինի՝ «դուք ոնց գիտեք, բարեկամներ, բայց մենք Արեւմտյան Ադրբեջանից չենք հրաժարվի»: Փաշինյանի այս առաջարկը նման է 2022-ի ադրբեջանական ագրեսիայի ժամանակ «զորքերի հայելանման հետ քաշման» առաջարկին՝ մենք հետ քաշեցինք, իսկ նրանք մնացին մեր տարածքում:
… Գնալ Գերմանիա եւ այնտեղ բամբասել Հայ առաքելական եկեղեցուց նույնպես, հավանաբար, դիվանագիտական հերթական «ձեռքբերումն» է: Այդ բանսարկությունները դարձյալ «ներքին լսարանի» համար են՝ Հայաստանում ապրող նիկոլական զանգվածին հերթական անգամ հաճոյանալու համար: Բայց օտարների վրա այդ խեղկատակությունը, վստահ եմ, վատ տպավորություն է թողնում: Հայ ժողովրդի մի մասի ներկայացուցիչը հրապարակավ վարկաբեկում է այդ ժողովրդի 17 դար գոյություն ունեցող եկեղեցին: Սահմանափակ ուղեղ ունեցող մարդիկ ուրախանում են, երբ «օտար քեռիները» նրանց ուսին թփթփացնում են: Խաբուսիկ եւ խիստ ժամանակավոր հաճույք է:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: