Լոնդոնի ոստիկանները պետք է հայտնեն իրենց մասոն լինելու մասին

Լոնդոնի ոստիկանության աշխատակիցները ղեկավարությանը պետք է հայտնեն Մասոնական օթյակներին իրենց անդամակցության մասին, հայտնում է BBC-ին։

«Ազատ որմնադիրները», ինչպես մասոններն են իրենց անվանում, «այլ հիերարխիկ» կազմակերպությունների ցուցակում են հայտնվել, որոնց անդամակցության մասին ղեկավարությունը պետք է տեղյակ լինի։

Ոստիկանությանը նման առաջարկ է արել անկախ հանձնաժողովը, որն ուսումնասիրում էր 1987 թվականին սպանված մասնավոր խուզարկու Դենիել Մորգանի գործը։ Երեք երեխաների հայր 37-ամյա Մորգանը կացնահարվել էր Լոնդոնի հարավ-արեւելքում։ 

Հանձնաժողովի զեկույցում նշված է, որ ոստիկանների Մասոնական օթայակի անդամակցությունը «հետաքննության նկատմամբ  կրկնվող կասկածների եւ անվստահության աղբյուր» է եղել։

Մասոնությունը աշխարհում ամենահին սոցիալական եւ բարեգործական կազմակերպությունն է, որն իր անդամներից պահանջում է անվերապահ հավատարմություն եղբայրության եւ փոխադարձ օգնության սկզբունքներին։

Ոստիկանության աշխատակիցների շրջանում անցկացված հարցման մասնակիցների 2/3-ը ասել է, որ մասոնականին նման կառույցների անդամակցությունը ազդում է նրա վրա, թե որքանով է հասարակությունը վստահում ոստիկանությանը եւ նրա գործողություններն անկողմնակալ գնահատում։

Անգլիայում այսօր 200 հազարից ավելի մասոն կա։ Երկրի պատմության մեջ ամենահայտնի մասոններ եղել են վարչապետ Ուինսոթոն Չերչիլը, հայտնի դրամատուրգ, բանաստեղծ, արձակագիր Օսկար Ուայլդը, Շերլոկ Հոլմսի մասին աշխարհահռչակ պատումների հեղինակ Արթուր Կոնան Դոյլը։

Leave a Comment