Ախր ինչո՞ւ, ինչի՞ համար է այսքան հակառակություն, մեզ անվերջ թուլացնող այսքան պառակտում, հրահրում ու թշնամանք, մեր ազգապահ արժեքների, մարդկային զգացմունքների այսքան արհամարհում ու ոտնահարում… Ինչո՛ւ:
Ասում եք՝ պատարագ, ասում եք՝ առանց Ամենայն Հայոց կաթողիկոսի անունը տալու: Այդպիսի զարմանալի «պատարագների» նախաձեռնող ու հովանավոր, երեք միլիոն հայության հերթական վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իր կառավարող խմբով անզիջում ելած լինելով տասը միլիոն հայության Եկեղեցու օծյալ ցկյանս գահակալի դեմ, պետք է որ դժգոհ մնացած լինի անցած կիրակի ավանդապաշտ Գյումրի ներմուծած իրենց հերթական նման պատարագից: Որովհետեւ դրա ընթացքում այնուամենայնիվ եղավ բարձրաձայն ընդվզման դրվագ ու երկու խիզախ աղջիկներ հասցրին անհրաժեշտ պահին երգչախմբի հարթակի բարձրությունից ըստ կարգի, օրհներգությամբ հնչեցնել ե՛ւ Ամենայն Հայոց կաթողիկոսի, ե՛ւ Շիրակի թեմի ազատազրկված առաջնորդի անունները:
…Թեմիս կարծեմ 29 քահանաներից ոչ մեկը չէր համաձայնել ԱԱԾ-ականների միջոցով փոխանցված ձեր «խնդրանքին»՝ կատարել օրվա պատարագը այդ անունները զեղչելով, ու թեմի հոգեւոր սպասավորներից ոչ մեկն այնտեղ չկար: Դուք եկաք պաշտոնյաներով ու վերջին շրջանի երեւի ձեր շրջիկ աղոթախմբով, ձեր բերովի քահանայով ու ապստամբեալ չորս բարձրաստիճան հոգեւորականներով, պետական պաշտոնյաների պահպանության համար ակնհայտորեն այդքան չպահանջվող ԱԱԾ աշխատողներով եւ ոստիկանների ու հատուկջոկատայինների զորքով, անցկացրիք քաղաքին պարտադրված, ամեն կանոն խախտող ձեր ինտրիգային պատարագը, երբ նաեւ… օրը դեկտեմբերի 7 էր: 88-ի ավերիչ երկրաշարժի 37-րդ տարելիցն էր, այդ ահեղ աղետի բյուրավոր անմեղ զոհ մեր հարազատների հիշատակի, վերապրողներիս ցավի նորոգման հերթական օրը… Հիմա դո՛ւք ձեր արածի գնահատականը տվեք՝ եթե դեռ կարող եք:
Ասում են՝ իր գոյության ողջ ընթացքում առաջին անգամ պատարագին չհնչեցին քաղաքիս կենտրոնական հրապարակի մի կողմում գտնվող մեր այդ մայր եկեղեցու՝ Սբ. Աստվածածին-Սբ. Յոթվերքի զանգերը… Զանգեր հնչում էին հրապարակի մյուս կողմում գտնվող Սբ. Ամենափրկիչ եկեղեցուց, որտեղ թեմականների կանոնական պատարագն էր: Նախօրեին քաղաքիս մի հայտնի, մտահոգ դուստրն այնքան տեղին գրել ու բացատրել էր՝ դեկտեմբերի 7-ը ոգեկոչման, ո՛չ թե շահարկման օր է… հարգե՛ք քաղաքիս չսպիացող վերքը: Դուք հակառակն արեցիք… Ու նաեւ վիրավորեցիք օրվա, կորուստների անանց ցավի եւ աղետի տարբեր հետեւանքների բեռը դեռ կրողների մեր մարդկային զգացմունքները: Թեկուզ եւ ըստ ընդունված կարգի սկզբում ծաղիկներ էիք դրել ու խոնարհվել «Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին» հուշարձանին:
Քաղաքիս մեկ այլ ճանաչված երիտասարդ դուստրն այս ամենին ի տես՝ գյումրեցուն ուղղված հետեւյալ լակոնիկ գրառումն էր արել. «չմոռանաս էս օրը… չներես էս օրը»:
Սբ. Յոթվերքը զորավոր է: Հիշեմ եւ տարիներ առաջ տեղական մի կառավարողի հասցեին մայրենիի իմ վաղուցվա բազմավաստակ, սիրելի ուսուցչուհու՝ այժմ լուսահոգի Ազգանուշ Ջուլհակյանի ասած խոսքը. «Հերիք է աստվածապաշտ լինես. մի քիչ էլ աստվածավախ եղիր»:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ
Գյումրի