Բեռլինում չնկատեցի՞ն, որ Ադրբեջանի դեսպանը պայմանական խաղաղություն է թելադրում

«Ազգում» ծանուցել ենք 

https://azg.am/am/%d5%b0%d5%b0-%d5%be%d5%a1%d6%80%d5%b9%d5%a1%d5%ba%d5%a5%d5%bf%d5%a8-%d5%a5%d5%ac%d5%b8%d6%82%d5%b5%d5%a9-%d5%af%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%b6%d5%a1-%d5%a2%d5%a5%d5%bc%d5%ac%d5%ab%d5%b6%d5%b8%d6%82/
 https://azg.am/news/%d5%af%d5%a1%d6%80%d6%87%d5%b8%d6%80%d5%a8/%d5%bf%d5%a5%d5%bd%d5%a1%d5%b6%d5%b5%d5%b8%d6%82%d5%a9-%d5%ad%d5%b6%d5%a4%d6%80%d5%a1%d5%b6%d6%84-%d5%a3%d5%a4%d5%b0-%d5%af%d5%a1%d5%b6%d6%81%d5%ac%d5%a5%d6%80-%d5%b4%d5%a5%d6%80%d6%81%d5%ab%d5%b6/

դեկտեմբերի 9-10-ը ՀՀ վարչապետի Գերմանիա կատարած այցի մասին: Տեղի սղության պատճառով հպանցիկ ամփոփենք, որ ՀՀ կառավարության ղեկավարին եւ նրան ուղեկցող պատվիրակության անդամներին պաշտոնական Բեռլինն ընդունեց կարմիր գորգով, երկրի ղեկավարների՝ նախագահ Ֆրանկ Վալտեր Շթայնմայերի, կանցլեր Ֆրիդրիհ Մերցի հյուրընկալությամբ, գերմանական հիմնադրամներում, մտակենտրոններում՝ գերմանական զուսպ ջերմությամբ եւ ամենաընդգծվածը՝ թեթեւացած շնչով՝ Հարավային Կովկասում հակամարտությունն ավարտվել է: Եւ սրա «գնահատանքը». ի նպաստ hայ-գերմանական հարաբերությունների հետագա ընդլայնման՝ ԳԴՀ եւ ՀՀ կառավարությունների ղեկավարները համատեղ հայտարարություն ստորագրեցին՝ երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի վերաբերյալ:

 Դեռ դեկտեմբերի 5-ին «Դի ցայթի» սյունակագիր Միշայել Թումաննը (Michael Thumann) իր հրապարակման վերնագրում արդեն շեշտել էր՝ «Այստեղ իրագործվում է այն, ինչն Ուկրաինայում այդքան դժվար է»: «Հայաստանն ու Ադրբեջանը բանակցություններ են վարում խաղաղության վերաբերյալ նույնիսկ այն ժամանակ, երբ Ռուսաստանը խանգարում է: Այն, ինչ հաջողվում է այնտեղ ի հեճուկս տառապանքների եւ պարտությունների, Պուտինի պատերազմի տարբերությունն է»: Վերոհիշյալ հոդվածի այս ժլատ պարբերությունն էլ լավագույն բացատրությունն է տալիս, թե երկակի ստանդարտներից բողոքող գերմանացիների համար զոհը միայն Ուկրաինան է, ագրեսորը, դեմոկրատիայի հակառակորդը՝ Ռուսաստանը: Դեկտեմբերի 9-ին Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում նույնը հաստատեց ԳԴՀ կանցլերը «Գերմանիան հստակ ուղեգիծ ունի, առանց Ուկրաինայի ու առանց եվրոպացիների հնարավոր չէ իրենց մասին որոշում կայացնել, եւ պարտադրված, թելադրված խաղաղություն չպետք է լինի Կիեւի համար»: Իսկ Երեւանի համար կարելի՞ է: Ոչ մի լրագրող այդ օրվա ասուլիսում այս հարցը չտվեց, ոչ էլ հիշատակեց, թե բռնագաղթյալ 120 000 արցախցու կարծիքն ինչու՞ չեն հարցնում դեմոկրատիայից ճամարտակողները Գերմանիայի մայրաքաղաքում:

Դեկտեմբերի 9-ին «Հայաստանի տեսակետները խաղաղության համաձայնագրի, տարածաշրջանային կապի եւ ԵՄ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ» հիմնական զեկուցմամբ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ  Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդի (DGAP) փակ հանդիպման ժամանակ, որին ի թիվս այլոց մասնակցում էր «Դի ցայթի» մեկնաբան Թումաննը, որ 2023-ին Արցախի բռնագաղթի, աշխարհից լքյալ ՀՀ-ի երկյուղների մասին էր գրում: Դեկտեմբերի 9-ին նույն վայրում էր Բեռլինում Ադրբեջանի դեսպան Աղաեւը, որին առաջինն ընձեռվեց ՀՀ վարչապետին հարց ուղղելու պատիվը: Նա հայերեն «բարի գալուստ Գերմանիա» Փաշինյանին ուղղված ողջույնից հետո, խաղաղաբեր երկրի դիրքերից ներկայանալով ծանուցեց լսարանին, որ խաղաղության համաձայնագիրը կստորագրվի ՀՀ սահմանադրության վերանայմամբ: «Մեր գերմանացի բարեկամները մեզ միշտ  հիշեցնում են ֆրանս- գերմանական հաշտության օրինակը: 18 տարի է պահանջվել դրա համար, իսկ մեզնից՝ 5 տարի, հայ-ադրբեջանական թիմն առաջ է անցել մյուս թիմից 13 տարով, ուստի ինքներս մեզ շնորհավորում ենք…»:

Աղաեւն իհարկե սրահում էր, երբ վերջին հարց տվողը՝ երիտասարդ մի հայուհի Փաշինյանին հարց ուղղելով հնչեցրեց խաղաղության բնական նախապայմաններից մարդասիրականը՝ Բաքվում պատանդառված, բանտարկված հայերի վերադարձի մասին: Դժվար է պնդել, թե գերմանացիներն այս հույժ ընկալելի հարցը թողել են լուսանցքում եւ ՀՀ -ից ժամանած պատվիրակության հետ չեն արծարծել խնդիրը, մանավանդ խոստացել միջնորդել այս հարցում: Դա կլիներ երկակի ստանդարտներից խոսափելու վառ վկայություն, հաստատումն այն գթասրտության, որ կիրառում են, երբ խոսքն իսրայելցի պատանդառուներին է վերաբերում:

Բարեբախտաբար ժողովրդավար երկրի մայրաքաղաքում, կարմիր գորգից հեռու, Ադրբեջանի վայրագության եւ պարտավորությունների մասին պահանջ կար: Ֆաշիզմի համար աշխարհից մեկուսացած, դրա համար դատապարտված եւ ցայսօր ներում հայցող երկրի մայրաքաղաքում Ալիեւի ֆաշիզմի դեմ լռել չի կարելի: Կանցլերի նստավայրի մերձակայքում հավաքված հայ համայնքի, իրավապաշտպան տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ Բաքվին ու Երեւանին պահանջներ էին ուղղել՝ «Ազատել Ադրբեջանում պահվող հայ բոլոր գերիներին եւ պատանդներին», «Ազատություն քաղբանտարկյալներին», «Ազատություն հայ պատանդներին», «Վերականգնել խոսքի ազատությունը», «Դադարեցնել հարձակումը Հայ առաքելական եկեղեցու վրա», «Վերադարձնել բոլոր բռնազավթյալ եկեղեցիները», «Դադարեցնել Արցախի փախստականների հանդեպ խտրականությունը», «Դադարեցնել ցեղասպանությունը ժխտող հռետորաբանությունը»:

Դեկտեմբերի 10-ին գերմանական ԶԼՄ-ներն անդրադարձան ՀՀ վարչապետի այցին:  «Շպիգելը» «Ադրբեջանի հետ խաղաղության գործընթաց» ենթավերնագրի տակ էր ներկայացնում՝ «Մերցը վստահեցնում է՝ կաջակցի Հայաստանին ԵՄ անդամակցության հարցում» վերնագիրը: Այնուհետ՝ «Կանցլեր Մերցը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագիրը համարում է «պատմական հնարավորություն»: Ուստի՝ Եվրոպա տանող ճանապարհը բաց է Երեւանի համար: Միեւնույն ժամանակ կանցլերը զգուշացրել է առաջիկա ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության մասին»:

Հրապարակման հաջորդ տողերում կարդում ենք՝ «Այժմ մեծ հնարավորություն կա Հայաստանի եւ Ադրբեջանի համար՝ եվրոպական ուղի ընտրելու համար»: Փաստորեն ԳԴՀ կանցլերը երկյուղում է, որ 2026-ի ՀՀ ընտրություններում ՌԴ-ն կարող է միջամտել եւ ժողովրդավարությունը տապալել, մոռանալով, որ 2025-ի հունվարից ի վեր Մյունխենի դատարանում իր երկրի՝ Ադրբեջանից կաշառառու Բունդեսթագի նախկին պատգամավորների գործն է լսվում, որոնց հանցանքի պատճառով է նաեւ Ադրբեջանում բռնապետ Ալիեւը պաշտոնավարում: Նույն օրվա «Բեռլիներ ցայթունգը» ենթավերնագրում «բազմաթիվ նախապայմաններ» գրառմամբ վերնագիր է դարձրել «Մերցը վստահեցրեց Հայաստանին՝ Գերմանիան կսատարի ԵՄ-ի ճանապարհին, իսկ բանալին Ադրբեջանի հետ խաղաղությունն է»: «Կանցլերն ընդգծեց, որ ԵՄ-ին անդամակցության գործընթացը շարունակում է կապված լինել հստակ պայմանների հետ: Հայաստանը գիտի, որ «ԵՄ-ին անդամակցելու համար անհրաժեշտ է բավարարել բազմաթիվ նախապայմաններ» Մերցին հղում է անում «Բեռլիներ ցայթունգը» եւ պարզաբանում, որ Կոպենհագենի չափանիշները պիտի հարգվեն, մասնավորապես՝ օրենքի գերակայության, մարդու իրավունքների եւ գործող շուկայական տնտեսության վերաբերյալ ակնկալիքներն արդարացվեն:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Լուսանկարները` Լիլիթ Քոչարյանի ֆեյսբուքյան էջից

Leave a Comment