Որքան մոտենանք TRIPP-ի գործարկմանը, այնքան իրատեսական կլինի գերիների ազատ արձակումը․ Սիրանուշ Սահակյան

Մինչև տարեվերջ Բաքուն ավարտին կհասցնի Արցախի նախկին ղեկավարների, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանի՝ դեռ ընթացող  դատավարությունը։ Տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին պատրաստ կլինեն մեղադրական դատավճիռները՝ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասել է ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը։ Նրա խոսքով՝ առաջիկա ամիսներին Ադրբեջանը կարող է որոշ թվով գերիների ազատ արձակել քաղաքական պրոցեսներով,  մասնավորապես խաղաղության գործընթացում տեղաշարժերով պայմանավորված։ Գերիների հնարավոր վերադարձի մասին խոսել է նաև վարչապետ Փաշինյանը՝ ընդգծելով, որ դա հնարավոր է միայն խաղաղության մթնոլորտում և «փոքր քայլերով»։  

Բաքուն արագացնում է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դատավարությունները՝ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում է ՄԻԵԴ-ում հայ գերիների պաշտպան Սիրանուշ Սահակյանը։  Գերիների մեծ մասի դատավարությունը մոտենում է ավարտին, դատախազն արդեն ներկայացրել է մեղադրական դատավճիռը և պահանջել Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին դատապարտել ցմահ ազատազրկման: Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, ինչպես նաև Մադաթ Բաբայանի և Մելիքսեթ Փաշայանի համար դատախազը 20 տարվա ազատազրկում է պահանջել: Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով, որն Ադրբեջանի ռազմական դատարանն առանձին է քննում, դեռ ցուցմունք են տալիս «տուժողները»։ Սիրանուշ Սահակյանի կարծիքով՝ մինչև տարեվերջ Բաքուն ավարտին կհասցնի նաև Վարդանյանի դատավարությունը։

«Այս տարվա ավարտին կամ եկող տարվա սկզբին կունենանք մեղադրական դատավճիռներ, քանի որ մեղադրող կողմն արդեն իսկ հանդես է եղել եկել պատժի առաջարկով։ Հստակ է, որ առնվազն նախկին ղեկավարներին սպառնում է ցմահ ազատազրկում, երկու պարագայում տարիքի գործոնով պայմանավորված ցմահ ազատազրկումը օրենքի ուժով փոխարինվում է տևական՝ 20 տարի ազատազրկմամբ։ 2023 թվականի սեպտեմբերյան պատերազմին մասնակցած անձանց դեպքում  դարձյալ տևական ազատազրկում է պահանջվում՝ 14-ից մինչև 19 տարի ժամկետով»։

Սահակյանի դիտարկմամբ՝ այս խիստ պատժաչափերը կանխատեսելի ու սպասելի էին։

«Այստեղ երկու գործոն կա․ նախ խստագույն պատժի կիրառումը կատարվել է ցուցադրական կերպով, քանի որ ողջ դատավարություններն են եղել ցուցադրական։ Երկրորդը, իմ գնահատմամբ, խորհրդանշական է, քանի որ նշված անձինք, ըստ էության, դատապարտվում են իրենց իրավունքների իրացման համար, որը կապված է եղել Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակման հետ։ Մեծ հաշվով Բաքվի դատարաններում քննարկում էին Արցախի ինքնորոշման իրավունքը, և հասկանալի է, որ պետք է դատապարտեին կամ մահվան, որը Եվրոպայի խորհրդի անդամ լինելու ուժով անհնար է, կամ ցմահ ազատազրկման՝ ի ցույց դնելու համար, որ Արցախի ինքնորոշման էջը փակված է»։

Ակնհայտ է, որ մեղադրական դատավճիռներ են կայացվելու և ընտրվելու են դատախազների պահանջած պատժատեսակները՝ ասում է Սահակյանը և ընդգծում՝ Ադրբեջանում վաղուց դատարանները ոչ թե արդարադատության, այլ նոտարական գործառույթ ունեն։

«Այս դատարանները երբեք արդարադատություն չեն իրականացրել, Ադրբեջանում առհասարակ անկախ դատարաններ գոյություն չունեն, նույնիսկ սովորական դատարանները՝ ոչ ռազմական դատարանները, քաղաքական գործիքներ են այլախոհներին ճնշելու համար, իսկ  ռազմական դատարաններն ամբողջովին օգտագործվում, շահագործվում են գործադիր իշխանության կողմից։ Չմոռանանք, որ հայերին առնչվող գործերը քննվել են հենց ռազմական դատարաններում, իսկ այս դատարանները ոչ անկախ են և ոչ էլ անկողմնակալ»։

Հայկական կողմի խնդիրը այս փուլում ադրբեջանական դատավարություններում թույլ տրված խնդիրների, մարդու իրավունքների խախտումների մանրամասն ու փաստական ներկայացումն է միջազգային ատյաններում՝ մանրամասնում է Սահակյանը․

«Դրա նախադեպերը մենք ունենք։ Օրինակ՝ ադրբեջանցի ընդդիմադիրները, որոնք ենթարկվել են քաղաքական հետապնդումների, հետագայում վիճարկել են գործընթացները Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, դատարանը ճանաչել է մեղադրանքների քաղաքական բնույթը, որակել այս անձանց որպես քաղբանտարկյալներ և արձանագրել է անազատության մեջ պահելու հիմքերի բացակայություն՝ պահանջելով Ադրբեջանի իշխանություններին, վերաբացել վարույթները, ազատ արձակել անձանց և վերականգնել խախտված իրավունքները»։

Սիրանուշ Սահակյանը կարծում է, որ հայ գերիների մի մասին  Բաքուն կարող է ազատ արձակել քաղաքական պրոցեսներով, մասնավորապես խաղաղության պայմանագրի իրագործման ընթացքով։

«Ազատ արձակումը ուղիղ կախված է խաղաղության համաձայնագրի կատարման՝ իմպլեմենտացիայի աստիճանից․ որքան մոտենանք իմպլեմենտացիային, այդ այդ թվում՝ TRIPP-ի գործարկմանը, այնքան իրատեսական կլինի գերիների ազատ արձակման հարցը»։

Գերիների վերադարձի խնդիրն ավելի հեշտորեն կհասցեագրվի համագործակցության և խաղաղության, ոչ թե հակամարտության մթնոլորտում՝ հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայում՝ պատասխանելով Արտաքին հարաբերությունների գերմանական ընկերակցության քննարկման մասնակիցներից մեկի հարցին․

«Հակամարտության մթնոլորտում հնարավոր չէ, տարբերակ չկա հասցեագրելու այս խնդիրը։ Սակայն քանի որ մենք ընթանում ենք խաղաղության ամրապնդման ուղղությամբ, ավելի ու ավելի իրատեսական է դառնում փոքր քայլերով այդ խնդրի լուծումը։ Դա է մեր դիրքորոշումը, ուստի խաղաղություն հաստատելը նշանակում է լուծել այս խնդիրները»։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նախօրեին, պատասխանելով «Ռադիոլուր»-ի հարցին, հայտարարեց, որ հարցի դրական լուծման միտում է տեսնում։

«Ես ասում եմ, որ մենք խոսում ենք մարդկանց հետ՝ միջազգային կառույցների հետ կամ միջազգային ներկայացուցիչների հետ, ես տեսնում եմ, որ լեգիտիմ պահանջը Հայաստանի Հանրապետության կողմից և բացառում եմ, որ որևէ լեգիտիմ խոսակցություն չունենա դրական արձագանք»։

Ոչ միայն Ադրբեջանի, այլև միջազգային ներկայացուցիչների հետ հայ պաշտոնյաներրի բոլոր հանդիպումներում առանցքային են  գերիների վերադարձի և անհետ կորած անձանց ճակատագրերի պարզման հարցերը՝ վստահեցնում է Ալեն Սիմոնյանը և ընդգծում, որ կառուցողական դիվանագիտության արդյունքում 44-օրյա պատերազմից հետո 200-ի հասնող գերիների մեծ մասը վերադարձել է։  

Leave a Comment