ԱՄՆ-ն նախատեսում է ստուգել դաշնակից երկրներից ժամանող զբոսաշրջիկների սոցիալական ցանցերի հաշիվները, նախքան երկիր նրանց մուտք գործելը: Թե ինչպես է դա գործելու, առայժմ հստակ չէ։ Նախագիծը դեռ քննարկումների փուլում է։ Խստացվող միգրացիոն քաղաքականության դեմ Միացյալ Նահանգներում շարունակվում են բողոքի ցույցերը։ Իսկ այդ ամենին զուգահեռ գործարկվում է «Ոսկե քարտերի» համակարգը։
ԱՄՆ մեկնող զբոսաշրջիկները հնարավոր է՝ շուտով պարտավորված կլինեն տրամադրելու իրենց սոց ցանցերի հաշիվների վերջին հինգ տարվա բովանդակությունը։ Այս առաջարկը, ի թիվս այլ փոփոխությունների, ներկայացրել է ԱՄՆ սահմանապահ ծառայությունը։
Այս պահանջը կվերաբերի այն երկրների քաղաքացիներին, որոնք Միացյալ Նահանգներ կմեկնեն՝ լրացնելով ճամփորդության թույլտվության էլեկտրոնային համակարգի առցանց դիմումն ու կստանան դրական պատասխան։ Խոսքը ԱՄՆ դաշնակից 42 երկրների քաղաքացիների մասին է, որոնց թվում են գրեթե բոլոր եվրոպական երկրները, Ավստրալիան, Չիլին, Իսրայելը, Ճապոնիան, Նոր Զելանդիան, Կատարը, Սինգապուրը, Հարավային Կորեան և Թայվանը։
Էլեկտրոնային համակարգով ճամփորդության թույլտվությունը վավեր է երկու տարի և հնարավորություն է տալիս մեկ այցելությամբ մինչև 90 օր մնալու Նահանգներում։
Դոնալդ Թրամփի վարչակազմը խստացրել է սահմանային վերահսկողությունը՝ բացատրելով, որ դա անհրաժեշտ է երկրի անվտանգության համար։
Պետդեպարտամենտը սկսել է ստուգել ամերիկյան վիզայի համար դիմողների սոցիալական ցանցերի հաշիվները դեռևս այս տարվա մայիսի վերջից։
Այս քաղաքականության հակառակորդները պնդում են, որ նոր միջոցառումը կխանգարի որոշ պոտենցիալ զբոսաշրջիկների և կսահմանափակի ժամանողների իրավունքները։
AP–ը ուշադրության է արժանացնում այն , որ հաջորդ տարի Միացյալ Նահանգները, Մեքսիկան և Կանադան կհյուրընկալեն ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնությունը, իսկ 2028 թվականին Լոս Անջելեսում տեղի կունենան Օլիմպիական խաղերը։ Մարզական երկու այս համաշխարհային իրադարձություններին ակնկալվում է տասնյակ հազարավոր օտարերկրացիների այց։
Ամերիկյան լրատվամիջոցները գրում են, որ ԱՄՆ Մաքսային և սահմանային պաշտպանության ծառայությունը և Ներքին անվտանգության նախարարությունը՝ սոցիալական ցանցերի հաշիվների աուդիտի առաջարկը հրապարակել են «Ֆեդերալ ռեգիստր»-ում, որը ԱՄՆ կառավարության պաշտոնական ամսագիրն է։ Այս գերատեսչությունները քաղաքացիներին կոչ են անում արտահայտելու իրենց կարծիքը նախագծի վերաբերյալ։ Նրանք 60 օր ունեն քննադատությունների և առաջարկությունների համար։
Փաստաթղթում պարզապես նշվում է, որ ԱՄՆ ճամփորդության թույլտվության էլեկտրոնային համակարգից օգտվելու համար օտարերկրյա քաղաքացին պարտավոր կլինի տրամադրելու իր սոցիալական ցանցերի վերջին հինգ տարվա բովանդակությունը։
Ավելին, փաստաթուղթը առաջարկում է պահանջել դիմորդներից վերջին հինգ և տասը տարիներին օգտագործած հեռախոսահամարներն ու էլեկտրոնային փոստի հասցեները, ավելացնել ազգականների մասին պահանջվող տեղեկությունները։
Ներկայումս, ճամփորդության թույլտվության էլեկտրոնային համակարգի դիմումը լրացնելիս դիմորդները պարտավոր են տրամադրելու հիմնականում անձնական տվյալներ և վճարելու 40 դոլար։
Փաստաթղթում հղում է արվում ԱՄՆ նախագահի «Միացյալ Նահանգները օտարերկրյա ահաբեկիչներից և ազգային անվտանգությանը և հասարակությանը սպառնացող այլ սպառնալիքներից պաշտպանելու մասին» հրամանագրին։
«Էլեկտրոնային սահմանային հիմնադրամի» առցանց իրավունքների և ազատությունների պաշտպանության կազմակերպության ներկայացուցիչ Սոֆիա Քոուփը New York Times-ին ասել է, որ եթե կիրառվի այս նոր պահանջը, այն կվնասի քաղաքացիական ազատություններին։ Fragomen իրավաբանական ընկերությունը, որը մասնագիտացած է ներգաղթի հարցերում, նշել է, որ սոցիալական ցանցերի գրառումների վերանայման պատճառով ճամփորդության թույլտվության էլեկտրոնային համակարգի դիմողները ստիպված կլինեն ավելի երկար սպասելու պատասխանի։ Ներկայումս դա սովորաբար տևում է մի քանի ժամ։
Լուիզիանա նահանգի Գրետնա քաղաքում ցուցարարները դժգոհել են Նոր Օռլեանում և Լուիզիանայում 5000 ներգաղթյալների ձերբակալելու ծրագրի դեմ:
«Ես ուզում եմ աղաչել ձեզ, խնդրում եմ, զգույշ եղեք այս երեխաների հետ, նրանք տրավմայի են ենթարկվել ոստիկանության կողմից»։
«Այսօր շատ ընտանիքներ վախենում են դուրս գալ իրենց տներից։ Երեխաները դպրոց են գնում անվստահ՝ արդյո՞ք իրենց ծնողները օրվա վերջում տանը կլինեն։ Ծնողներն էլ վախենում են երեխաներին ավտոբուսի կանգառ հասցնել, մեքենայով գնալ աշխատանքի կամ պարզ գործեր անել, օրինակ՝ խանութ գնալ։ Ես նույնպես զգում եմ այդ վախը։ Իմ անձնագիրը պայուսակումս է։ Այստեղ եմ երկու ամիս։
Չգիտեմ ինձ կկանգնեցնե՞ն և կհարցաքննե՞ն առանց պատշաճ գործընթացի»։
Երկիր մուտք գործող զբոսաշրջիկների սոցիալական ցանցերի հաշիվները ստուգելու և միգրացիոն քաղաքականությունը խստացնելու քայլերին զուգահեռ Վաշինգտոնը գործարկում է «Ոսկե քարտ» նախագիծն այն օտարերկրացիների համար, որոնք ցանկանում են ապրել Միացյալ Նահանգներում և մտադիր են հետագայում քաղաքացիություն ստանալ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սա կարևոր իրադարձություն է համարում՝
«Անձամբ ինձ համար և երկրի համար սա շատ կարևոր իրադարձություն է. մենք գործարկում ենք «Թրամփի ոսկե քարտը»։ Կայքը կգործարկվի և բոլոր միջոցները կփոխանցվեն Միացյալ Նահանգների կառավարությանը, դա հսկայական գումարներ կարող է բերել։ Դա որոշ առումներով նման է «Գրին քարտին», բայց շատ ավելի մեծ առավելություններով»։
Թրամփը ավելի վաղ հույս էր հայտնել, որ նման քարտեր վաճառելով հնարավոր կլինի կրճատել ԱՄՆ պետական պարտքը։ ԱՄՆ նախագահը կարծում է, որ «Ոսկե քարտերով» կհաջողվի երկիր ներգրավել գործարար մարդկանց, որոնք աշխատատեղեր կստեղծեն։ «Ոսկե քարտի» արժեքը մեկ միլիոն դոլար է։