Կառավարությունը վերաբաշխում է կատարել ԿԳՄՍ նախարարության պետբյուջեով նախատեսված դպրոցաշինության և մանկապարտեզաշինության ծրագրի շրջանակում՝2,812,886.6 հազար դրամի չափով: Որոշմամբ՝ գումար կհատկացի դպրոցների և կրթահամալիրների կառուցման, վերանորոգման, ինչպես նաև դպրոցների և մանկապարտեզների գույքով ապահովման ծրագրի պատշաճ կատարման նպատակով։ Հիմնավորման համաձայն՝ ՀՀ 2025թ. պետբյուջեով 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման և գույքով ապահովման ծրագրի ճշտված բյուջեն կազմում է 137,1 մլրդ դրամ: Ծրագրի շրջանակում արդեն շինարարական աշխատանքներն ավարտվել են 60 դպրոցում (որից 35-ը՝ կառուցված, 25-ը նորոգված) և 235 նախադպրոցական հաստատությունում։
Մինչև տարեվերջ շահագործման կհանձնվի ևս 50 դպրոց (որից 8-ը կառուցվող, 42-ը նորոգվող), մինչև 2026 թ. սեպտեմբերի 1-ը 151 դպրոց (որից 49-ը կառուցվող, 102-ը՝ նորոգվող), իսկ մինչև 2026 թ. դեկտեմբերի 31-ը ևս 47-ը՝ կառուցվող դպրոց։ 2026 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ պատրաստ կլինեն ընդհանուր թվով 308 դպրոցներ, որից 139-ը կառուցված և 169-ը՝ կապիտալ նորոգված: Ծրագրի շրջանակում հաստատված ցանկերում ներառված օբյեկտներում շինարարական աշխատանքների պատշաճ իրականացման նպատակով որոշմամբ կատարվում են փոփոխություններ գումարի՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ իրականացվող օբյեկտների միջև բաշխման մասով, մասնավորապես՝ մանկապարտեզների կառուցման գծով թվով 1 օբյեկտի հատկացումն ավելանում է 53.8 մլն դրամով, դպրոցների կառուցման գծով թվով 5 օբյեկտի հատկացումն ավելացվում է ընդհանուր 200.1 մլն դրամով, դպրոցների նորոգման գծով թվով 39 օբյեկտի հատկացումն ավելանում է 1.99 մլրդ դրամով, կրթահամալիրների կառուցման գծով թվով 4 օբյեկտի հատկացումն ավելանում է 60.9 մլն դրամով: Իսկ դպրոցների և մանկապարտեզների գույքով ապահովման գծով հատկացումն ավելանում է 502.0 մլն դրամով, որը կուղղվի ավելի քան 50 օբյեկտի՝ դպրոցների, կրթահամալիրների և մանկապարտեզի:
Միաժամանակ, որոշմամբ 9 մլն դրամի չափով ավելացվում է ՀՀ քաղաքաշինության պատվիրատվությամբ դպրոցների վերանորոգման համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմման համար նախատեսված գումարը, որը կուղղվի 3 դպրոցի։ Նախատեսվում են նաև թույլտվություններ՝ դպրոցների վերանորոգման/հիմնանորոգման համար անհրաժեշտ տեխնիկական վիճակի զննության, չափագրության և նախահաշվային փաստաթղթերի կազմման նպատակով կնքված պայմանագրերում ծավալների ավելացման համար։