ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ բողոքի ցույց է տեղի ունեցել ՀՀ դեսպանատան շենքի առջև։ Life.ru-ի փոխանցմամբ՝ դիվանագիտական ներկայացուցչության դիմաց հավաքվել էր մոտ 300 մարդ, այդ թվում՝ հոգևորականներ և հասարակական ակտիվիստներ։
Ցուցարարները հայտարարել են, որ հոգևորականների և բարերար Սամվել Կարապետյանի ձերբակալությունները «հակասահմանադրական» են և «սպառնում են սոցիալական կայունությանը»։ Ցուցարարները վանկարկել են «Ազատությո՛ւն մեր հոգևորականներին» և պնդել, որ իշխանությունների գործողությունները «Հայաստանը տանում են Ուկրաինայի ճանապարհով»։
«Նոյի ժառանգներ» շարժման կազմակերպիչները հայտարարել են իրենց մտադրության մասին՝ Հայաստանի դեսպանին հանձնել իշխանություններին ուղղված պահանջներով խնդրագիր։ Նրանք նաև հայտնել եմ, որ նմանատիպ բողոքի ցույցեր են նախատեսվում ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և մի շարք այլ երկրներում գտնվող Հայաստանի դեսպանատների մոտ։
ՀՀ վարչապետը աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա։ Մոսկվայում նա կմասնակցի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջկառավարական խորհրդի նիստին։ Ավելի վաղ Փաշինյանի ինքնաթիռը չէր կարողացել վայրէջք կատարել փակ օդային տարածքի պատճառով, և ինքնաթիռը ուղևորվել էր Սանկտ Պետերբուրգ և անվտանգ վայրէջք կատարել Պուլկովո օդանավակայանում։
