11 դեկտեմբերի 2025 – 16:44 AMT
PanARMENIAN.Net – էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ Արևմուտքը սպասում է ճանապարհների ապաշրջափակմանը, խաղաղության հաստատումից հետո Հայաստանը հետաքրքիր է դարձել աշխարհի համար:
Ըստ նախարարի՝ Գերմանիայի նախագահի և կանցլերի հետ վարչապետի գլխավորած պատվիրակության հանդիպումների օրակարգը հիմնականում տնտեսությունն էր, հայտնում է 1lurer.am-ը։
«Ե՛վ Բեռլինում, երբ մենք Գերմանիայի Արևելյան բիզնեսի հանձնաժողովի հետ էինք հանդիպում, և՛ Համբուրգում, երբ հանդիպում էինք գործարարների խմբի հետ, բոլորին հետաքրքիր էր, թե երբ է բացվելու Հայաստան-Թուրքիա սահմանը, երբ է բացվելու Հայաստան-Ադրբեջան սահմանը, որովհետև բազմաթիվ ծրագրեր կան Եվրոպայում՝ կապված Միջին Ասիայի հետ, կապված Չինաստանի հետ:
Այդ ծրագրերի տրամաբանությունն այն է, որ այդ ամբողջ ապրանքները պիտի գան և միջին միջանցքով գնան: Մի ճանապարհը, եթե Ադրբեջան-Վրաստան-Սև ծովն է, մյուս ճանապարհը (իրենց բառերն եմ փոխանցում), իրենք տեսնում են Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա-Միջերկրական ծով կամ Թուրքիայով՝ դեպի Եվրոպա:
Այս տեսանկյունից ուզում եմ նշել, որ շատ կարևոր խոսակցություններ ենք ունեցել, տարբեր ծրագրեր ենք քննարկել, ընդհուպ իրենց առաջարկած, օրինակ, կանաչ ջրածնի տեղափոխման հնարավորությունն ենք քննարկել, որովհետև իրենք հիմա շատ մեծ ծրագրեր են իրականացնում այդ կոնտեքստում, և այս ամեն ինչը կապված է «Խաղաղության խաչմերուկի», TRIPP-ի, ճանապարհների ապաշրջափակման հնարավորության հետ, և պետք է նշեմ, որ Արևմուտքը մեզ նման սպասում է այդ ճանապարհների ապաշրջափակմանը»,- ասել է նա:
Վաշինգտոնում ՀՀ, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևն ու Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայնության են եկել «Թրամփի ուղին» գործարկելու շուրջ։
«Երթուղին թույլ կտա, որ Ադրբեջանը կարողանա հասնել Նախիջևան՝ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։ Հայաստանը նաև բացառիկ գործընկերություն է ստեղծում ԱՄՆ-ի հետ, որպեսզի զարգացնի այս միջանցքը, ժամկետը կարող է մինչև 99 տարով երկարաձգվել, խոստացել են 99 տարուց հետո էլ երկարաձգել 99 տարով։ Ենթակառուցվածքային լուրջ զարգացումներ ենք ակնկալում, ամերիկյան ընկերություններն անհամբեր սպասում են՝ մուտք գործելու այս երկրներ և մեծ գումարներ ծախսելու, ինչը տնտեսական օգուտներ կբերի մեր երեք պետություններին»,–ասել է Թրամփը։
Սեպտեմբերի 11-ին Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կողմից ամերիկյան կողմին ոչ թե հող է տրվել վարձակալությամբ 99 տարով, այլ տրամադրվել է կառուցապատման իրավունք։