Ովքե՞ր են Իսպանիայի նոր սերնդի հայերը. Ալիկանտեի հայ համայնքի հաջողության բանաձևը․ «Սփյուռքի ձայնը»

Իսպանիան շատերի համար ասոցացվում է ծովափնյա հանգստի, ֆլամենկոյի ու կիզիչ արևի հետ։ Բայց Ալիկանտե քաղաքի արմավենիների ստվերում ապրում և արարում է մի համայնք, որի մասին մենք շատ բան չգիտենք։ Սա Ֆրանսիայի կամ ԱՄՆ-ի դարավոր Սփյուռքը չէ. այստեղ հայությունը «երիտասարդ» է ու փոքր՝ ձևավորված հիմնականում 90-ականներին, բայց հավակնությունները մեծ են։ «Սփյուռքի ձայնը» հաղորդման եթերում Ալիկանտեի հայ համայնքի հիմնադիր Հասմիկ Թորոսյան-Գրիգորյանը և երիտասարդ գործարար Ալբերտ Քոչարյանը պատմում են, թե ինչպես է հայը գոյատևում և ինտեգրվում մի երկրում, որտեղ դեռ ստիպված են 15 րոպե բացատրել՝ որտեղ է գտնվում Հայաստանը։

Խաչքարը՝ արմավենիների մեջ

2007 թվական։ Ալիկանտեում պաշտոնապես ձևավորվում է հայկական համայնքը։ Ընդամենը մեկ տարի անց՝ 2008-ին, իսպանական հայտնի «Էլ Պալմերալ» բուսաբանական այգում տեղադրվում է հայկական առաջին խաչքարը։ Սա պարզապես քար չէր, սա հայտ էր՝ «Մենք այստեղ ենք»։ «Խաչքարի դիմաց տնկեցինք նռնենին՝ մեր նշանակությունը. այնտեղ հավաքվում ենք բոլոր տոներին։ Թեև քաղաքում հայկական եկեղեցի չունենք, բայց ունենք Տեր Հայր, ով սպասարկում է նաև Պորտուգալիայի հայությանը»,- պատմում է Հասմիկ Թորոսյան-Գրիգորյանը։
Այսօր Ալիկանտեում և հարակից մարզերում ապրում է շուրջ 2500 հայ։ Նրանք ունեն պարային խմբեր, շախմատի դպրոց և ամենակարևորը՝ կիրակնօրյա դպրոց, որը կենսական նշանակություն ունի ձուլման վտանգի դեմ պայքարում։

«Լավ հյուր» լինելը բավարար չէ. նոր հայեցակարգ

Հասմիկ Թորոսյան-Գրիգորյանն, ով նաև Սփյուռքի գործերի հանձնակատարն է Իսպանիայում, առաջ է քաշում մի համարձակ միտք, որը դուրս է գալիս ավանդական պահպանողական մոտեցումներից։ Բավարար չէ լինել օրինապահ քաղաքացի կամ լավ բժիշկ. հայը պետք է լինի որոշում կայացնող։ «Իմ կարգախոսը սա է՝ մենք պետք է լինենք պոլիտիկներ։ Մենք պետք է լինենք նրանց մեջ։ Բելգիայում ունենք եվրոպատգամավորներ, մենք էլ պետք է ունենանք քաղաքագետներ։ Մենք պետք է կրթենք երիտասարդներին այդ ոգով»,- շեշտում է նա։ Նրա խոսքով՝ այսօրվա երիտասարդությունը, որը մեծանում է իսպանական թեթև ու անհոգ միջավայրում, 3–4 սերունդ հետո կանգնելու է լեզուն կորցնելու վտանգի առաջ։ Դրա դեմ պայքարի միակ ձևը ոչ թե ինքնամեկուսացումն է, այլ ակտիվ ինտեգրումը՝ պահպանելով ազգային դիմագիծը։

Գաստրո-դիվանագիտություն. խորովածը՝ որպես այցեքարտ

Եթե Հասմիկը ինստիտուցիոնալ պայքարի կրողն է, ապա Ալբերտ Քոչարյանը «փափուկ ուժն» է։ 30-ամյա Ալբերտը, ով 28 տարի ապրում է Իսպանիայում, իր եղբոր հետ միասին Ալիկանտեում վարում է հայկական ռեստորանային բիզնես։ Նա ծնվել է Ռուսաստանում, մեծացել Իսպանիայում, բայց իրեն ներկայացնում է բացառապես որպես հայ։ «Իսպանիայում, եթե հայ ես, պիտի 15 րոպե բացատրես՝ որտեղ է Հայաստանը, ինչ պատմություն ունենք։ Բայց հիմա իրավիճակը փոխվում է. մեր այցելուների 90 տոկոսը իսպանացիներ են, և նրանք սիրահարվում են մեր խոհանոցին»,- ասում է Ալբերտը։ Նա նշում է մի նուրբ, բայց կարևոր տարբերություն հայկական և իսպանական իրականությունների միջև՝ «ջիգյարը». «Մեր ջիգյարը… մարդիկ իրար հարգում են, սիրում։ Իսպանիայում ամեն մեկն իր գործով է, նույնիսկ ընտանիքներում երբեմն կապը այդքան սերտ չէ։ Ամեն անգամ Հայաստան գալիս այդ ձգողականությունն ավելի է ուժեղանում»։

Խնդիրը. «15 րոպեանոց բացատրությունը»

Իսպանիան այն երկրներից է, որը պետական մակարդակով դեռ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, թեև առանձին քաղաքներ (այդ թվում՝ Ալիկանտեն, Պետրելը, Բիյենան) արել են այդ քայլը։ Հասմիկ Թորոսյան-Գրիգորյանը նկատում է. «Մեր ցանկությունն է, որ երբ ասենք Արմենիա, լինի այնպես, ինչպես Ֆրանսիայում՝ էլ ոչինչ չպետք լինի բացատրել։ Դա մեծ աշխատանք է պահանջում»։ Համայնքը փորձում է լրացնել պետական դիվանագիտության բացերը։ «Դեսպանները գալիս-գնում են, մենք տեղում ենք»,- ասում է նա՝ ընդգծելով, որ իրենք դիվանագիտությամբ չեն զբաղվում, բայց ակնկալում են Հայաստանից ավելի հստակ ծրագրեր և աջակցություն, հատկապես կրթական ոլորտում։

Վերջաբան. Իսպանիայի հայության մասին դեռ կլսենք

Իսպանիայի հայ համայնքը գուցե չունի դարավոր պատմություն, բայց ունի ժամանակակից դեմք։ Նրանք երիտասարդ բժիշկներ են, որոնք ունեն սեփական կլինիկաներ, փաստաբաններ են, ուսուցիչներ։ Նրանք փորձում են կոտրել կարծրատիպերը և իսպանական հասարակության մեջ դառնալ ոչ թե եկվորներ, այլ լիիրավ գործընկերներ։ Ինչպես ասում է Հասմիկ Թորոսյան-Գրիգորյանը. «Ես չեմ ճանաչում որևէ իսպանացու, ով հային ճանաչելուց հետո վատը խոսի։ Մեր հայը միշտ բոլորին լավն է երևում»։ Եվ սա, թերևս, Ալիկանտեի հայության ամենամեծ կապիտալն է։

Leave a Comment