Մադրիդի «Ռեալի» չորս ֆուտբոլիստներ՝ Ֆրան Գարսիան, Ալվարո Կարերասը, Էնդրիկը և Դանի Կարվախալը, որակազրկվել են Իսպանիայի առաջնության 15-րդ տուրի՝ «Սելտայի» դեմ խաղից հետո, հաղորդում է Mundo Deportivo-ն։
Հանդիպումը կայացավ կիրակի՝ դեկտեմբերի 7-ին Մադրիդում և ավարտվեց Վիգոն ներկայացնող ակումբի հաղթանակով (2-0)։
Խաղի 64-րդ րոպեին Գարսիան ստացավ երկրորդ դեղին քարտը և լքեց խաղադաշտը։ Կարերասը կարմիր քարտ ստացավ ավելացված ժամանակում՝ ոչ սպորտային վարքագծի համար։ Էնդրիկը պատժվեց պահեստայինների նստարանից մրցավարների վրա գոռալու համար, իսկ Կարվախալը, որը չէր մասնակցում խաղին, մրցավար Ալեխանդրո Կինտերոյի արձանագրության մեջ հայտնվեց՝ նրա հասցեին հնչեցրած վիրավորանքների համար։
Կարգապահական կոմիտեի որոշմամբ Գարսիան որակազրկվեց մեկ խաղով, իսկ Կարերասը, Էնդրիկը և Կարվախալը բաց կթողնեն երկուական խաղ։
Նշենք, որ բացի թվարկած խաղացողներից, հանդիպումը բաց կթողնեն նաև Դին Հաուսենը, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը, Դավիդ Ալաբան, Ֆերլան Մենդին և Էդեր Միլիտաոն։ Այս պահին հարցականի տակ է նաև Կիլիան Մբապեի և Կամավինգայի մասնակցությունը, որոնք վնասվածքի պատճառով բաց թողեցին «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղը (1-2)։
«Ալավես» — «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 13-ին, Երևանի ժամանակով 00:00-ին։