Դատարանը վերացրեց Յուրի Խաչատուրովի որդու՝ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը

Հակակոռուպցիոն դատարանում Արտուշ Գրիգորյանի նախագահությամբ անցկացվեց Սեյրան Օհանյանի և մյուսների գործով դատական նիստը։ Iravaban.net-ի փոխանցմամբ դատական նիստին ներկայացել էին հանրային մեղադրող Գորիկ Հովակիմյանը, պաշտպաններ Կարեն Մեժլումյանը, Գագիկ Ասատրյանը, Արմեն Թավրազյանը, Մարիամ Աղաբեւկյանը, Հակոբ Ենոքյանը, Միհրան Պողոսյանը, մեղադրյալներ Սեյրան Օհանյանը, Հակոբ Մարտիրոսյանը, Արմեն Գևորգյանը, Նորայր Կարապետյանը, Իգոր Արշակյանը։ Դատական նիստին չէին ներկայացել պաշտպաներ Գագիկ Խաչիկյանը, Կարեն Թորոսյանը, Սասուն Ռաֆայելյանը, մեղադրյալներ Մանուկ Վարդանյանը և Գրիգորի Խաչատուրովը, ինչպես նաև տուժողի լիազոր ներկայացուցիչ Արմեն Աղավալյանը։  Գագիկ Խաչիկյանը բջջային հեռախոսազրույցի ընթացքում հայտնել էր, որ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառաբանությամբ չի կարող ներկայացվել դատական նիստին, ինչպես նաև խնդրել էր  դատական նիստը հետաձգել:

Դատարանը գործում մեղադրյալ Գրիգորի Խաչատուրովից ստացել էր միջնորդություն՝ իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել վարչարարության ժամկետն ացնելու կապակցությամբ։

Դատարանին ներկայացվեց միջնորդության բովանդակությունը։

Հանրային մեղադրողի ներկայացուցիչը իր դիրքորոշմամբ նշեց, որ ներկայացված ծավալն ուսումնասիրելու, որոշակի փաստեր ուսումնասիրելու համար ժամանակ է հարկավոր։ Դատախազը միջնորդեց նշված հիմնավորումներով միջնորդության քննարկումը հետաձգել, հնարավորություն ընձեռնել իրեն վերահանել, նորից ստուգել և վերջնական դիրքորոշում հայտնել մյուս դատական նիստին։

Պաշտպանական կողմը նշեց, որ հիմքեր չկան միջնորդության քննարկումը հետաձգելու համար, քանի որ հանրային մեղադրողի կողմից նշված փաստերը պետք է Դատարանը ուսումնասիրի։ Նշվեց նաև, որ ուսումնառության անհրաժեշտությամբ պայմանավորված է բացակայում երկրից և չի առարկել իր բացակայությամբ միջնորդությունը քննարկելուն։

Միջնորդության քննարկումը անցավ լարված մթնոլորտում։ Ի վերջո Դատարանը քննարկման արդյուքում  որոշեց Մեղադրյալ Գրիգորի Յուրի Խաչատուրովի և վերջինիս պաշտպաններ Հակոբ Ենոքյանի և Միհրան Պողոսյանի միջնորդությունը բավարարել, Մեղադրյալ Գրիգորի Յուրի Խաչատուրովի նկատմամբ  քրեական հետապնդումը դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն հասնելու հիմքով։

Մեղադրյալ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոցով 20 մլն դրամ գումարի չափով գրավը վերացնել, նաև վերադարձնել գրավատուին, մեղադրյալ Գրիգորի Խաչատուրովի պատկանող ավտոմեքենայի նկատմամբ կիրառված արգելանքը վերացնել։

Այսպիսով դատական նիստը հետաձգվեց հաջորդ նիստը կկայանա  դեկտեմբերի 24-ին, 14:00-ին։

Leave a Comment