Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության լիգայի փուլի հինգերորդ տուրի «Նոա» — «Լեգիա» հանդիպումը խոստանում է թեժ լինել ոչ միայն խաղադաշտում, այլև դրա սահմաններից դուրս։ Չնայած ՈւԵՖԱ-ի կողմից սահմանված խիստ արգելքին՝ լեհ երկրպագուները ժամանել են Հայաստան և փորձում են ամեն գնով հայտնվել «Հանրապետական» մարզադաշտում։
Լեհական մամուլի և երկրպագուների ֆորումների տվյալներով՝ «Լեգիայի» աջակիցների խմբերը արդեն Երևանում են։ Քանի որ ՈւԵՖԱ-ն պաշտոնապես արգելել է «Լեգիայի» երկրպագուների մուտքը խաղի, նախորդ հանդիպումներում պիրոտեխնիկայի կիրառման ու անկարգությունների համար, նրանք անցել են այլ տարբերակի։
Տեղեկություններ են ստացվում, որ լեհերը զանգվածաբար փորձում են տոմսեր գնել հայ երկրպագուների համար նախատեսված սեկտորներում։ «Արարատ-Արմենիայի» ֆան-ակումբի ղեկավարը հայտնել է, որ իրենց ևս դիմել են ծանոթներ Լեհաստանից՝ խնդրելով միջնորդել տոմսերի գնման հարցում, սակայն մերժում են ստացել։
«Լեգիայի» ուլտրասները Եվրոպայում հայտնի են իրենց ագրեսիվ պահվածքով։ Նախկինում նրանք բախումներ են ունեցել ոստիկանության հետ Անգլիայում և Նիդերլանդներում։ Երևան ժամանած խմբերը, ամենայն հավանականությամբ, կփորձեն շրջանցել անվտանգության արգելքները, ինչը լրացուցիչ զգոնություն է պահանջում իրավապահներից։