Դեկտեմբերի 10-ին Ինժեներական քաղաքում ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպում է ունեցել ԼինքդԻն (LinkedIn) սոցիալական հարթակի հայաստանյան օգտատերերի հետ։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը:
Քննարկումը կենտրոնացած էր ԼինքդԻնում հայաստանյան օգտատերերին մատուցվող ծառայությունների սահմանափակումների, Հայաստանում տեխնոլոգիական միջավայրի զարգացման, միջազգային էլեկտրոնային վճարումների հասանելիության (PayPal, Stripe), բիզնես նոր հնարավորությունների և ոլորտային քաղաքականության մի շարք առանցքային հարցերի շուրջ։
Նախարար Հայրապետյանը ներկայացրել է նախարարության առաջնահերթությունները տեխնոլոգիական ոլորտում` ընդգծելով ընթացիկ ծրագրերը, առաջիկա անելիքները։ Անդրադարձել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փոխըմբռնման հուշագրին՝ պարզաբանելով փաստաթղթով ամրագրված դրույթների գործնական նշանակությունը, նպատակները և դրանցից սպասվող ազդեցությունը Հայաստանի տեխնոլոգիական միջավայրի զարգացման վրա։
Հանդիպումը միտված էր ձևավորել կառուցողական և բաց քննարկման հարթակ տեխնոլոգիական համայնքի հետ` քննարկման դաշտ բացելով այն հարցերի շուրջ, որոնց վերաբերյալ վերջիններս առցանց հարթակում բարձրաձայնել էին իրենց մտահոգությունները։

