Աստղիկ Սարգսյան
Ռադիոլուրի համար
Համբուրգում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Հանրային ռադիոյի հարցին՝ մեկնաբանելով Հայաստանի Սահմանադրության փոփոխության վերաբերյալ Ադրբեջանի կողմից հնչեցվող հայտարարություններին և առաջ քաշվող պահանջներին։
Վարչապետի խոսքով՝ այս պահին Հայաստանը որևէ պայման չի դնում Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար և պատրաստ է առանց նախապայմանների ստորագրել այն։ Ըստ նրա՝ գործընթացը դժվարանում է Ադրբեջանի կողմից առաջ քաշվող լրացուցիչ պայմանների պատճառով։
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ հնչեցվող հայտարարություններին՝ վարչապետը նշել է, որ եթե ադրբեջանական կողմն անկեղծորեն կարծում է, թե ՀՀ Սահմանադրությունում կան տարածքային պահանջներ, ապա այդ հարցը լուծելու ամենակարճ և արդյունավետ ճանապարհը հենց խաղաղության համաձայնագրի ստորագրումն է։
Նրա խոսքով՝ համաձայնագիրը ստորագրվելուց հետո այն պարտադիր կուղարկվի ՀՀ Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանը համապատասխանության ստուգման նպատակով։
Վարչապետը պարզաբանել է, որ եթե Սահմանադրական դատարանը արձանագրի համաձայնագրի համապատասխանությունը Սահմանադրությանը, այն կուղարկվի Ազգային ժողով՝ վավերացման։ Այդ դեպքում վավերացված միջազգային պայմանագիրը կունենա գերակա իրավական ուժ ներքին օրենսդրության նկատմամբ, և Հայաստանը իրավականորեն չի կարող ունենալ որևէ տարածքային պահանջ Ադրբեջանի նկատմամբ։
Միաժամանակ վարչապետը նշել է, որ եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ համաձայնագիրը չի համապատասխանում Սահմանադրությանը, ինքը պատրաստ է նախաձեռնել սահմանադրական փոփոխություններ՝ ընդգծելով, որ խաղաղությունն ունի առավել բարձր արժեք։
Վարչապետի խոսքով, ներկայումս չկա հանրային լեգիտիմ հիմք նման փոփոխությունների համար, քանի որ 2024 թվականին Սահմանադրական դատարանն արդեն արձանագրել է, որ Ալմա-Աթայի հռչակագիրը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը։
Վարչապետն ընդգծել է, որ Ադրբեջանի հետ Հայաստանի Սահմանադրության հարցը երբեք չի քննարկվել և չի քննարկվում, քանի որ այն երկրի ներքին գործն է։ Միևնույն ժամանակ նա հիշեցրել է, որ նոր Սահմանադրության շուրջ քննարկումները Հայաստանի ներքաղաքական օրակարգում են դեռևս 2018 թվականից և կապված են կառավարման համակարգի արդյունավետության հետ։
Վարչապետը նշել է, որ խաղաղությունը պետք է դիտարկել ոչ միայն որպես մեկ փաստաթուղթ, այլ որպես շարունակական գործընթաց, որը պետք է զարգանա և վերածվի տնտեսական համագործակցության ու կայուն հարաբերությունների։ Նրա խոսքով՝ գործընթացի լճացումը կարող է նոր ռիսկեր ստեղծել տարածաշրջանի համար։
Եզրափակելով՝ ՀՀ վարչապետն ընդգծել է, որ առկա է քաղաքական կամք ավարտելու հակամարտությունների էջը և ստեղծելու պայմաններ, որպեսզի տարածաշրջանի ժողովուրդները կարողանան խաղաղ և անվտանգ ապրել։