ԵՄ դեսպանները պայմանավորվել են մինչև 2027-ի վերջը ՌԴ-ից գազի ներմուծումը դադարեցնելու շուրջ. «Европейская правда»

Եվրոպական միության դեսպանները (COREPER I) չորեքշաբթի՝ դեկտեմբերի 10-ին, համաձայնության են եկել մինչև 2027 թվականի վերջը ռուսական գազի ներմուծումը փուլ առ փուլ դադարեցնելու ծրագրի շուրջ։

ԵՄ Խորհրդի դանիական նախագահության ներկայացուցիչն այս մասին տեղեկացրել է «Европейская правда»-ին։

«COREPER I-ը հաստատել է վերջնական փոխզիջումային տեքստի վերաբերյալ համաձայնությունը և այժմ, ինչպես միշտ, կտեղեկացնի Եվրախորհրդարանին»,- նշել է ներկայացուցիչը։

Այնուհետև Եվրախորհրդարանը կքվեարկի որոշման վերաբերյալ, ամենայն հավանականությամբ, 2026 թվականի սկզբին։ Դրանից հետո ծրագրերը կհաստատի ԵՄ խորհուրդը:

Դեսպանները որոշում են ընդունել ԵՄ Խորհրդի Նախագահության և Եվրախորհրդարանի բանակցողների դեկտեմբերի 3-ին նախնական համաձայնության հասնելուց հետո։

Ըստ համաձայնեցված առաջարկի, որի տեքստը գտնվում է ««Европейская правда»-ի տրամադրության տակ, ԵՄ-ն կդադարեցնի ռուսական հեղուկացված բնական գազի ներմուծումը մինչև 2026 թվականի ապրիլի 25-ը՝ կարճաժամկետ պայմանագրերի դեպքում, և մինչև 2027 թվականի հունվարի 1-ը՝ երկարաժամկետ պայմանագրերի դեպքում։

Խողովակաշարային գազի ներմուծման դադարեցման վերաբերյալ արգելքն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունիսի 17-ին՝ կարճաժամկետ պայմանագրերի դեպքում։ Երկարաժամկետ պայմանագրերի դեպքում վերջնաժամկետը սահմանվում է 2027 թվականի սեպտեմբերի 30-ը, եթե անդամ պետությունները պահպանեն իրենց պահեստավորման հզորությունների նպատակները։

Եթե դա տեղի չունենա, արգելքն ուժի մեջ կմտնի մեկ ամիս անց՝ 2027 թվականի նոյեմբերի 1-ին։

Համաձայնեցված որոշումը միաժամանակ ընդգծում է ներմուծման ավելի խիստ վերահսկողության անհրաժեշտությունը այն դեպքերում, երբ շրջանցման ռիսկը բարձր է։

Անցյալ շաբաթ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալասը հայտարարել էր, որ համաձայնագիրը «վերջ կդնի Մոսկվայի էներգետիկ շանտաժին և կօգնի զրկել նրան այն եկամուտներից, որոնք սնուցում են նրա պատերազմը»։

Leave a Comment