Կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում մտել է ավելի կտրուկ փուլ․ մի կողմից շարունակվում է ապօրինի գույքի վերադարձի լայնածավալ աշխատանքը, մյուս կողմից՝ Հայաստանը խորացնում է միջազգային գործակցությունը՝ պատրաստվելով 2026-ին դատախազ գործուղել Եվրաջասթ։ Բայց գործընթացը հեշտ չէ՝ խոստովանել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ իր վերջին երկու ելույթներում խոսելով թե երկրի ներսում պայքարի դժվարություններից ու հակաքայլերից, թե՛ միջազգային հարթակներում առաջիկա քայլերից։
Կոռուպցիայի դեմ պայքարը բախվում է հակազդեցության այն խմբերի կողմից, որոնց համար կոռուպցիան տարիներ շարունակ եղել է կենսակերպ։ Որքան էլ արդյունքի մասին խոսելը տպավորիչ է, բայց դրա տակ ծանր պայքար է՝ Երևանի պետհամալսարանի իրավաբանականի ուսանողներին պատմում ու անկեղծանում է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
«Երբ մենք խոսում ենք կոռուպցիայի դեմ պայքարի մասին. մի բան ինձ համար ավելի հասուն տարիքում ակնհայտ դարձավ, որ պայքարը միակողմանի չի։ Այդ մենք չենք պայքարում կոռուպցիայի դեմ։ Կոռուպցիան իրենց կյանքի իմաստը դարձրած մարդիկ նաև հետադարձ պայքարում են մեր դեմ ու պայքարում են շատ հաճախ առանց որևէ կանոնների, առանց որևէ բարոյական գծերի»։
Գլխավոր դատախազն ուսանողներին բացատրում է, թե ինչպես են իր ասած այդ խմբերը փորձում հարվածել համակարգի հանդեպ վստահությանը։ Որպես գործիք կիրառվում է հավասարակշռությունից հանելու ամենակարճ ճանապարհը՝ արժանապատվությանը հարվածելը՝ լինի դա ստով, թե ապատեղեկատվությամբ՝ նշել է Վարդապետյանը՝ շեշտելով, որ իրավապահ համակարգի արձագանքը պետք է լինի մեկ բան՝ փաստը։
«Եթե ես այսօր լինեի երրորդ կուրսում և սովորեի պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի մեխանիզմները, ես շատ կուզենայի, որ իմ դասախոսները սրա մասին ինձ ասեին, որ, գիտես ինչ, հարգելի՛ ուսանող, երբ մենք քեզ ասում ենք, որ կոռուպցիան բացասական երևույթ է, կոռուպցիան քայքայում է տնտեսությունը, խլում մեր երեխաների ապագան՝ այս բոլոր ձևակերպումների տակ մի շատ կարևոր հակափաստարկ կա, որ այդ կոռուպցիան էլ իր հերթին բավական «սուր ժանիքներով, սուր ճանկերով» և 0 բարոյական գծերով պայքարում է քո դեմ, երբ դու որոշում ես, որ պետք է ձեռնոց նետես այդ կոռուպցիային»։
Վարդապետյանը ներկայացրել է նաև վերջին տարիների արդյունքները։ Միայն այս տարի դատախազությունը պետությանը և համայնքներին վերադարձրել է 66.5 միլիարդ դրամի գույք, ներառյալ՝ մանկապարտեզներ, մշակույթի տուն, մարզադաշտ, անշարժ ու շարժական գույք։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով դատարան ուղարկված հայցերի ընդհանուր պահանջը գերազանցում է 518 միլիարդ դրամը, իսկ 2021-2025 թթ. ընթացքում՝ 595 միլիարդը։

Գլխավոր դատախազը կարևորում է հաշտության համաձայնությունները․ 2023-2025 թթ. դրանց շրջանակում պետությանը փոխանցվել է միլիարդավոր դրամի անշարժ ու շարժական գույք, զգալի դրամական միջոցներ։
Հակակոռուպցիոն ռազմավարությունը պահանջում է միջազգային գործակցության զարգացում։ Եկող տարի Հայաստանը դատախազ կգործուղի Եվրաջասթ։ Սա ԵՄ երկրների դատախազությունների «համակարգող կենտրոնն» է, պայքարում է միջազգային հանցագործությունների դեմ, տարբեր երկրների դատախազությունների ու իրավապահ մարմինների համատեղ աշխատանքով բացահայտում անդրազգային հանցագործությունները, այդ թվում՝ փողերի լվացումը։
«Հայաստանի Հանրապետությունը ձգտում է ապահովել սերտ համագործակցություն միջազգային և տարածաշրջանային մասնագիտական կառույցների հետ, մոտեցնել դատախազի մասնագիտական կարողություններն ու կերպարը միջազգային չափորոշիչներին», — նշել է Վարդապետյանը։
2024 թվականին ստորագրվել են ՀՀ-Եվրաջասթ գործակցության փաստաթղթերը, և Հայաստանն ավարտել է ներքին իրավական ընթացակարգերը։ Նիդերլանդների Թագավորության փոխդեսպան Թիմեն Կաուվենարը, իր հերթին, ընդգծել է.
«Հայաստանն այսօր Նիդերլանդների համար ռազմավարական գործընկեր է, իսկ Եվրաջասթի ներկայացուցիչները բարձր են գնահատել Հայաստանի ակտիվությունը»։
Հայաստանն այս նպատակով այժմ քննարկում է Եվրաջասթի գործիքակազմի կիրառման հնարավորությունները, օպերատիվ տեղեկատվության փոխանակման մեխանիզմները և միջազգային քննչական համագործակցության առանձնահատկությունները՝ ընդլայնելու կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գործիքակազմը։