Աստղիկ Սարգսյան
Ռադիոլուրի համար-Բեռլին
Այսօր ամփոփվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Բեռլին:
Երեկ ստորագրված ռազմավարական գործընկերությունից հետո տրված մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Ֆրիդրիխ Մերցը պատասխանեցին գերմանացի և հայ լրագրողների հարցերին։
Կանցլեր Մերցը հայտարարեց հաջորդ տարի մայիսին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Հայաստան այցելելու մտադրության մասին, շնորհավորեց այս տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ երկու երկրների խաղաղության համաձայնագիրը կնքելու առթիվ:
Նա հայտնեց, որ Գերմանիայի և հայաստանի միջև համագործակցություն է հաստատվել տարբեր ոլորտներում և իբրև գործնական արդյունք նշել Է, որ Երևանում կբացվի «Գյոթե» ինստիտուտ, իսկ Գերմանիայում՝ Թումո կենտրոններ։
Վարչապետ Փաշինյանն ընդգծեց, որ հայ գերմանական հարաբերությունները թևակոխում են ռազմավարական գործընկերության փուլ և որ երկու երկրներին միավորում է մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության նկատմամբ ընդհանուր հանձնառությունը։
Նիկոլ Փաշինյանը Բեռլինում այցելեց նաև Գերմանիայի առևտրի և արդյունաբերության պալատ, հանդիպեց գերմանացի մի խումբ գործարարների և տնտեսական միավորումների ներկայացուցիչների հետ:
Գերմանական արևելյան գործարար ասոցիացիայի գլխավոր տնօրեն Միքայել Հարմսը նշեց, որ գերմանացի գործարարները հետաքրքրված են Հայաստանի հետ համագործակցությամբ և որ հանդիպումը լավ հնարավորություն է՝ ծանոթանալու առկա հնարավորություններին և հեռանկարներին:
Իր խոսքում վարչապետ Փաշինյանն ընդգծեց, որ ՀՀ Կառավարությունը շահագրգռված է Գերմանիայի հետ տնտեսական կապերի հետևողական զարգացմամբ և ընդլայնմամբ և հավելեց, որ վերջին շրջանում արձանագրվել է առևտրաշրջանառության ծավալների դրական դինամիկա:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում բիզնես միջավայրի բարելավման նպատակով իրականացվող բարեփոխումներին, տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումների իրականացման հնարավորություններին, տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների համատեքստում բացվող հեռանկարներին։
Ռազմավարական գործընկերությունները քաղաքական նպաստավոր հիմք են գցում տնտեսական ներդրումներ ներգրավելու համար։
Վերջին շրջանում միմյանց հետևից ստորագրվող ռազմավարական գործընկերությունները հատկապես արևմտյան ուղղությամբ դիվերսիֆիկացվող արտաքին քաղաքականության ցուցիչ են, բայց հարցեր են ծագում նաև դրանց արդյունավետ իմպլեմենտացիայի վերաբերյալ։ Լայն գործունեության ճակատը թույլ կտա ապահովել անհրաժեշտ էֆեկտիվություն։
Այսօր՝ այցի երկրորդ օրը, վարչապետը շրջայց կատարեց ՀՀ դեսպանությունում, ապա այցելեց EUREF Campus Berlin գիտական և տեխնոլոգիական կենտրոն, որտեղ վարչապետին ներկայացվեցին խելացի ցանցերի և շենքերում էներգաարդյունավետությունը, ջրի կառավարման վերաբերյալ ցուցասրահ: Վարչապետը եղավ նաև այդ համալիրի 15-րդ հարկում, որտեղից հնարավոր Է տեսնել ամբողջ մայրաքաղաքը:
Կայացավ նաև հանդիպում Հայաստանում գործող գերմանական հիմնադրամների, ուղեղային կենտրոնների և լրագրողների հետ։
Վարչապետը Բեռլինից մեկնում Է Համբուրգ, որտեղ նախատեսվում Է այց այդ քաղաքի սենատ: Համբուրգի այցի մանրամասները կներկայացնենք հաջորդ ռեպորտաժում: