Հայ-ճապոնական հարաբերությունները հաճախ ներկայացվում են որպես սովորական դիվանագիտական պատմություն՝ պայմանագրերով, այցելություններով ու պաշտոնական լուսանկարներով։ Այսօր մեր հյուրի՝ Ճապոնիայում ՀՀ դեսպան Մոնիկա Սիմոնյանի հետ փորձել ենք մի կողմ թողնել բյուրոկրատիան և ծագող արևի լույսով պարուրված Ճապոնիան ոչ թե տուրիստի, այլ դիվանագետի աչքով բացահայտել։
Խոսել ենք նաև այն մասին, թե ինչպես հավատարիմ մնալ կապույտ քարտեզների վրա Հայաստանը տեսանելի դարձնելու մանկական երազանքին։
***
-Մանկության ընթացքում չէի կարող լավ պատկերացնել՝ ինչ է դիվանագետի աշխատանքը, և ինչ է դեսպանի աշխատանքը, ես խաղալիքներ գրեթե չունեի ու անընդհատ քարտեզներ էի փռում գետնին ու քարտեզների վրա շարժվում էի, գույներին էի նայում՝ կապույտ, դեղին, կանաչ, ասում էի՝ աշխարհը շատ մեծ է, գունավոր ու շատ սիրուն։ Ու քանի որ կարդալ չգիտեի, փորձում էի հասկանալ՝ ի՞նչ է սա, ո՞ր երկիրը որտեղ է, և ինձ անընդհատ աշխարհում էի տեսնում ու մի միաժամանակ չափազանց կապված էի Հայաստանի հետ ասում էի՝ եթե գնամ այլ աշխարհ, անպայման այնտեղ կներկայացնեմ Հայաստանը։
Փոքր տարիքից աշխարհընկալումը քարտեզներով ձևավորած Մոնիկա Սիմոնյանի՝ դիվանգետ դառնալու պատմությունն այն մասին է, որ մանկության երազանքները չեն կորչում, այլ ժամանակի ընթացքում իրենց տեղն են գտնում իրականության մեջ։ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ֆրանսերեն լեզվի և քաղաքագիտության ֆակուլտետում սովորելու ընթացքում Մոնիկա Սիմոնյանը հստակ սահմանեց բռնած ճանապարհի նպատակը՝ առաջին հերթին դառնալ ոչ թե դեսպան, այլ՝ դիվանագետ։
—Այդ պատճառով էի ընտրել ֆրանսերենի մասնագետի ու քաղաքագետի որակավորմամբ կրթությունն ու ապագա աշխատանքս պատկերացնում էի աշխարհի քաղաքակրթությունների ու մշակույթների թոհուբոհում։ Արտաքին գործերի նախարարությունում աշխատանքի ընդունվել եմ 2005 թ․-ին, իսկ դեսպան նշանակվեցի 2025-ին՝ ուղիղ 20 տարի անց։ Դա ինձ համար խորհրդանշական էր, քանի որ հրաշալի առիթ էր կրկին հեռվից նայելու երկու տասնամյակի ուղեծրին՝ իր վայրիվերումներով, երբեմն կտրուկ շրջադարձերով, միաժամանակ առաջ շարժվելու կայուն մղում ունեի։
Իրադարձությունների հետագա զարգացումներն արդեն զինվորական կարիերայի վերելք էին հիշեցնում, որտեղ դիվանագետի կոչումը շատ արագ իր տեղը զիջում է դեսպան դառնալու նպատակին։
—Ես երբևէ չեմ ասել, թե ես դիվանագետ եմ, և ինձ դա բավարար է, միշտ ասել եմ, որ մի օր պիտի դեսպան դառնամ, ու երբ որ ինձ ընդունեցին աշխատանքի որպես պայմանագրային ռեֆերենտ, նույնիսկ արտաքին մրցույթի ժամկետներ չկային, ու աշխատավարձը բավական ցածր էր։ Ստիպված էի այդ ժամանակ գործից հետո այլ աշխատանքով էլ զբաղվել, որպեսզի կարողանամ արտգործնախարարությունում աշխատել։ Բայց ոգևորված էի, քանի որ ապագայի ծրագրեր ունեի ու կարծում էի՝ մի օր ամեն ինչ այլ է լինելու՝ և՛ աշխատավարձն է փոխվելու, և՛ իմ կարգավիճակն է փոխվելու, և էդպես էլ եղավ։
Եվ քանի դեռ մեր զրույցն անձնական թեմաների շուրջ էր, ես որոշեցի չշրջանցել նաև սեռով պայմանավորված կարծրատիպերն ու դրանց մասին հարց տալ՝ օրինակ ի՞նչ բարդություններ է հաղթահարում Հայաստանում կին դիվանագետը։
— Գիտե՞ք, Հայաստանը, ինչպես և երկրների մեծ մասը, այդ ճանապարհը անցել, անցնում է, ու դեռ երկար ճանապարհ պիտի անցնենք, որպեսզի կինը՝ թե՛ դիվանագետի, թե՛ այլ պաշտոններում ընկալվի նույնական՝ հավասար կարողություններով։ Բնականաբար, այն ժամանակ բարդությունները շատ ավելի էին, նաև պետք է նշեմ, որ երբեմն կինը պետք է հավակնի այդ պաշտոններին։ Եթե վախենում ես, ու հավակնությունները փոքր են, եթե կարծում ես, որ իսկապես կին լինելը քեզ խոչընդոտ է, դա, միևնույն է, օգտագործվելու է քո իսկ դեմ։ Այդ պատճառով ես փորձում եմ չկենտրոնանալ, միևնույն է, ինձնից կարողություններով շատ ավելի թույլ տղամարդիկ շատ ավելի հեշտ կհասնեն պաշտոնների, նախընտրում էի կենտրոնանալ ինձ վրա։
***
Քարտեզների նկատմամբ տածած սիրո շնորհիվ դիվանագետ դարձած Մոնիկա Սիմոնյանը հիշում է, որ դեռ մանկուց իր սիրելի կղզներից առանձնացողը Ճապոնիան էր՝ քարտեզի խաղաղ կապույտի մեջ ձգվող երկարավուն մարմինով երկիրը։
-Ես կղզիների հանդեպ առանձնակի մեծ հետաքրքրություն ունեի, և Ճապոնիան ինձ համար ամենահետաքրքիր երկրներից մեկն է եղել։ Անընդհատ նայում էի այդ երկարուկ, ձգված կղզուն՝ ներքևում բազմաթիվ կղզիներով, ու ասում էի՝ տեսնե՞ս՝ մի օր կգնամ ես էստեղ՝ շատ հետաքրքիր տեղ կլինի, հետաքրքիր կլինի այնտեղ գնալ։
Եվ այդպես էլ ստացվեց։ 2011 թ․-ին, երբ Ճապոնիայի հիմնադրամը դիվանագետների համար ճապոներենի դասընթաց կազմակերպեց, Մոնիկա Սիմոնյանը որոշեց դիմել այդ դասընթացին։ Ճապոնական երեք այբուբեններից, որոնք են՝ հիրագանա, կատականա, կանջի քննություն հանձնելով հիրագանայից՝ նա մեկնեց Ճապոնիա՝ ոչ միայն լեզու, այլ նաև մշակույթն ու մարդկանց ուսումնասիրելու նպատակով։

-Իմ գործընկերների հետ մենք հաճախ ենք մեր առաջին փորձառությունը քննարկում Ճապոնիայում։ Եվ այստեղ մի քիչ երկար ժամանակով գործուղված անձինք լրիվ այլ Ճապոնիա են տեսնում, քան տուրիստները, որոնք գալիս են պարզապես տուրիստական ծրագրով՝ քաղաքից քաղաք, շրջում են և տեսնում են ամենագեղեցիկը, ամենալավը, ամենահրապուրիչը և էդպես տպավորված հետ են գնում, բայց երբ Ճապոնիա գալիս ես աշխատանքի, ապրելու, իհարկե, երկրի ընկալումը բացարձակապես տարբերվում է այն ընկալումից, ինչ որ ունեն տուրիստները։
Իսկ ի՞նչ կա Ճապոնիայում, որ մենք՝ տուրիստներս չենք տեսնում։
-Տուրիստները կենցաղի հետ չեն առնչվում։ Եթե 10 տարվա հետագծով վերլուծում եմ, Ճապոնիայում անգլախոսներ բավականին կան, բայց երբ որ էստեղ տեղափոխվում ես ապրելու, աշխատելու և ճապոներեն չգիտես, արդեն իսկ մեծ փորձություն է, որովհետև ամեն քայլափոխի պետք է հարց տաս, պետք է հասկանաս, Տոկիոն հատկապես 27 միլիոնանոց քաղաք է, և այստեղ կողմնորոշվելու համար պարբերաբար պիտի օգնություն խնդրես։ Իհարկե, իրենք չափազանց բարեհամբույր են, բայց միաժամանակ լեզուն բարիեր է Ճապոնիայում։ Նաև խնդիր է, եթե մարդը սովոր չէ հոծ խմբերի, հսկայական հերթերի։
Հին աշխարհին սամուրյաներով հայտնի Ճապոնիան նոր աշխարհին տեխնիկական զարգացում է առաջարկում՝ կողք կողքի շարելով ավանդույթներն ու նորարարությունը՝ հազվադեպ հանդիպող ներդաշնակությամբ։ Հարց է առաջանում՝ մենք ի՞նչ պետք է սովորենք այս կղզեխմբի նորարար մարդկանցից։
— Հարգանքի, բարեկրթության, կարգուկանոնի ու պատասխանատվության երկիր է։ Ու մարդիկ, հասարակությունը բոլորը փորձում են այդ արժեքները կրել՝ ի շահ իրենց հասարակության, որովհետև հասարակության մեջ ներդաշնակությունը, խաղաղությունը իրենց համար զարգացման գրավականն է։ Նաև Ճապոնիան կոնտրաստների երկիր է։ Իրենք դարավոր ավանդույթներն ու գերժամանակակից տեխնոլոգիաները համադրում են, համադրում են նաև սրբավայրերը երկինք սլացող երկնաքերերի հետ։ Նաև կուզեմ ասել, որ ճապոնացիները էսթետիզմի բացարձակ զգացողությամբ են օժտված ու կատարելության անդադար ձգտում ունեն։
***
Դիվանագիտությունը դժվար է սահմանել այնպես, ինչպես սահմանում են քարը, ծառը կամ գետը։ Այն ոչ նկարագրելու նյութ է, ոչ էլ ապացուցված բանաձև, այդ պատճառով ինձ ամեն անգամ հետաքրքիր է , թե իմ զրուցակիցերն իրենք ինչպես կբացատրեն իրենց մասնագիտությունը երեխային, երիտասարդին ու ծերունուն։

— Թե՛ երեխային, թե՛ 20-ամյա ուսանողին և թե՛ տարեց մարդուն վստահաբար հարազատ են սիրո, խնամքի ուշադրության զգացողությունները։ Իմ աշխատանքը դրանց համադրությունն է։ Գիտե՞ք, օրինակ, Ճապոնիայում, որտեղ Հայաստանը դեռևս լավ ճանաչելի չէ, դեսպանի անձի ընկալումը վերափոխվում է երկրի ընկալմամբ։ Ու արդեն իսկ քո երկիրը ներկայացնելու համար պետք է այն անշահախնդիր սիրես ու կատարելապես ճանաչես՝ իր բոլոր առավելություններով, թերի կողմերով, հնարավորություններով, որպեսզի կարողանաս զարգացնել ու կատարելագործել, ինչպես ինքդ քեզ։