Ավստրալիան դարձել է աշխարհում առաջին երկիրը, որն արգելում է մինչև 16 տարեկան երեխաներին օգտվել սոցիալական ցանցերից: Երկրի խորհրդարանի կողմից 2024 թվականի նոյեմբերին ընդունված օրենքը ուժի մեջ է մտել չորեքշաբթի՝ դեկտեմբերի 10-ին:
Արգելքը, որի նպատակն է պաշտպանել երեխաներին անօրինական բովանդակությունից, կազդի TikTok-ի, YouTube-ի, Instagram-ի, Snapchat-ի, Facebook-ի, Reddit-ի և X-ի վրա: Այն չի վերաբերում WhatsApp-ին, էլ. փոստի հավելվածներին, առցանց խաղերին և կրթական նախագծերին:
Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզը լրագրողներին ասել է, որ օրենքը կօգնի երեխաներին ունենալ նորմալ մանկություն, ծնողներին կապահովի հոգեկան հանգստություն և կծառայի որպես օրինակ այլ երկրների համար:
Արգելքը չկատարելու դեպքում տուգանքները կկազմեն մինչև 49.5 միլիոն ավստրալական դոլար, որը համարժեք է մոտավորապես 33 միլիոն ԱՄՆ դոլարին կամ գրեթե 30 միլիոն եվրոյին:
Կանբերայի կառավարության որոծման քննադատները պնդում են, որ քայլն անհամաչափ է և արդեն դատական հայց են ներկայացրել երկրի Գերագույն դատարան: Շատերը համոզված են, որ դեռահասները պարզապես կօգտվեն այլ ծառայություններից, որոնք ավելի դժվար է վերահսկել։
Մի քանի երկրներ, այդ թվում՝ Մալայզիան, Դանիան և Նորվեգիան, արդեն հայտարարել են նմանատիպ արգելքներ մտցնելու իրենց մտադրության մասին: Եվրոպական խորհրդարանը նույնպես պաշտպանել է նմանատիպ սահմանափակումները։
Գերմանիայում հարցվածների ճնշող մեծամասնությունը (77 տոկոսը) ասել է, որ «լիովին» կամ «մասամբ» կաջակցի նման օրենքին։