Թբիլիսիում դեկտեմբերի 8-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ Վրաստանի Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի համատեղ երրորդ նիստը Սարգիս Խանդանյանի եւ Նիկոլոզ Սամխարաձեի համանախագահությամբ:
Նիստին մասնակցել են ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներ Մարիա Կարապետյանը, Լենա Նազարյանը:
Երկուստեք կարեւորվել են 2022 թվականի նոյեմբերին համատեղ ստորագրված համագործակցության հուշագրի համաձայն Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների միջեւ նիստերի անցկացումը, երկու երկրների միջեւ միջխորհրդարանական համագործակցության խորացումը:
Քննարկվել են Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ռազմավարական հարաբերություններից բխող ընթացիկ գործընթացները, երկկողմ քաղաքական, տնտեսական եւ մշակութային գործընկերության մանրամասները:
Երկու խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների անդամները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային, անվտանգային եւ տնտեսական հարցերի շուրջ: ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները գործընկերներին ներկայացրել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացի ընթացիկ իրավիճակը, ինչպես նաեւ «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» (TRIPP) հաղորդակցության նախագծի իրագործմանն ուղղված աշխատանքները:
ՀՀ Ազգային ժողով
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: