Ինչպես է հաջողվել փակել դժվար որսալի ֆիշինգային կայքերը․ Կիբեռոստիկանությունից «Ռադիոլուր»-ին մանրամասներ են հայտնել

Երևանի բնակիչ, թոշակառու Ռիտա Հովհաննիսյանը 2 տարուց ավելի կիբեռհանցագործների չընդհատվող խաբեությունների շղթայում է․ սկզբում 50 հզր դրամ, հիմա արդեն 192 հզր դոլար է փոխանցել, որ վերադարձնի կորցրած գումարները, վաճառել է ամեն ինչ՝ սպասքից մինչև ավտոտնակ․

«50 հզր դրամ փող ուղարկեցի, իրենց դուր չեկավ, ասացին՝ մինիմումը պետք է 500 դոլար ուղարկեք, ուղարկեցի 500 դոլար, անցավ ժամանակ՝ զանգեցին, ասացին՝ շահել եք, 1300 դոլար է դարձել ձեր գումարը, էսքան գումար տվեք, որ ձեր գումարը հետ տանք։ Դա էլ տվեցի, հետո նորից․․․․։ Որոշ ժամանակ անց մի ուրիշ կազմակերպությունից ինձ հետ կապվեցին, ասացին, որ մենք կարող ենք ձեզ օգնել ձեր գումարը ստանալ։ Արդեն դարձել է 192 հզր դոլար, ո՞նց կարող եմ ես էդքան գումար կորցրել, ամեն ինչ վաճառել եմ ես իմ տանը, ամեն ինչ՝ մեքենա, ոսկեղեն, նույնիսկ տան սպասքն եմ վաճառել»։

Այսպես, մեկը մյուսից գրավիչ առաջարկներին հավատալով, քաղաքացիները ներդրում անվան տակ գումար են ուղղում այնպիսի ընկերությունների, որոնք չունեն գրանցման օրինական հասցե և առաջարկում են գայթակղիչ բարձր եկամուտներ։ Կիբեռանվտանգության մասնագետ Արթուր Պապյան․

«Հայաստանում ներդրումային ծառայություններ մատուցող լեգիտիմ կազմակերպությունները պիտի գրանցված լինեն Կենտրոնական բանկի կայքում։ Այդ մասին Կենտրոնական բանկը բազմաթիվ հայտարարություններ է տարածել։ Եթե ինչ-որ մի կառույց առաջարկում է  եկամուտներ, ներդրումներ, գումարային ինչ-որ շրջապտույտ, ինքը, որպեսզի իմանաք, որ ամեն ինչ օրինական է արվում, պիտի գրանցված լինի Կենտրոնական բանկում։ Եթե այնտեղ գրանցված չէ, ապա, հավանաբար, էնտեղ, եթե ձեր իրավունքները խախտվեն, դուք չեք կարողանալու դրանք պաշտպանել»։

Հաջորդ ամենաակնհայտ հուշումն այն է, որ զեղծարարները սովորաբար առաջարկում են մրցակից կազմակերպություններից անհամեմատ ավելի բարձր տոկոսադրույքներ։  Պապյանի խոսքով՝ եթե ֆինանսական ներդրումների որևէ համակարգ գրանցված է am կամ hay դոմենով և զբաղվում է զեղծարարությամբ, ապա դրա հայտնաբերումը և չեզոքացումը հեշտ լուծելի է, իսկ օրինակ com դոմենով զեղծարարները կարող են աշխատել աշխարհի յուրաքանչյուր կետից ու մնալ անորսալի։ Վերջին շաբաթներին Հայաստանում տարածված ու բազմաթիվ քաղաքացիների ֆինանսական լուրջ կորուստների պատճառ դարձաձ hellobit անվանումով ֆինանսական բուրգն ասվածի օրինակներից է։ Պապյանի կարծիքով՝ ավելի արագ ու արդյունավետ է կանխարգելել քաղաքացիների  կորուստները, քան բացահայտել, թե որտեղից ու ովքեր են ղեկավարում այն․

«Դա բաց թողնված հնարավորություններից մեկն է, երբ կարելի է փորձել հասկանալ, թե որտե՞ղ է այն կետը, որտեղ մենք իրավազորություն ունենք ու էդտեղ արագ գործել։ Կայք փակելը երկար, բարդ, պրոբլեմային խնդիր է։ Իսկ, օրինակ, բանկերին ասել, որ հավելյալ ստուգումներ արեք, մարդկանց ասեք, որ թող ստորագրեն, որ իրենք հասկանում են ռիսկերը, հետո նոր անեն, այսինքն՝ պրոցեսը դանդաղեցնել, որպեսզի մարդու մոտ կասկած առաջանա ու ինքը ամեն տեսակ «hellobit» երին գումար չփոխանցի»։

ՆԳՆ կիբեռհանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Հայկ Մկրտչանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում մանրամասնում է՝ hellobit-ի դեպքում բանկային փոխանցումները նույն անվանումով չեն արվել․

«Այսինքն՝ անձինք կրիպտոակտիվներով կամ տարբեր այլ հնարքներով գումարները փոխանցել են և  ստացել են։ Տվյալ դեպքում՝ բանկը երբ գումար է  փոխանցում,  չգիտի, որ դա «hellobit»-ի հաշիվների կամ մյուսի հաշիվնների համար է, այսինքն՝ հանցագործները կարող են վերցնել մեկ ֆիզիկական անձի և այդ ֆիզիկական անձի անունով բացել որևէ բանկային հաշիվ կամ որևէ կրիպտոակտիվի հաշիվ և այդ բանկային հաշվի կամ կրիպտոակտիվի հաշվի միջոցով իրականացնել էդ ամբողջական գործարքները»։

Կիբեռոստիկանությունը, գործակցելով միջազգային գործընկերների հետ, հաջողությամբ արգելափակել է hellobit ֆինանսական բուրգի  hellobitamh.com և hellobitarmenia.com դոմենային հասցեներով կայքերի գործունեությունը։ Հայկ Մկրտչյանի խոսքով՝ նախնական տվյալներ կան, թե որ երկրից և ովքեր են կանգնած ֆինանսական բուրգի հետևում, սակայն վարույթը նախաքննության փուլում է, և այլ մանրամասներ չի կարող հանրայնացնել․

«Բնականաբար, չի բացառվում, որ հետագայում այլ անվանումով նույն հանցավոր մեխանիզմը կարող են փորձել տարածել Հայաստանի Հանրապետությունում։ Բայց քանի որ արդեն կա նախաձեռնված քրեական վարույթ, ուստի իրավական առումով մենք կաշկանդվածություն չունենք նոր դոմենային անվանումների, կայքերի ի հայտ գալու պարագայում դրանք կարգելվեն»։

Մկրտչյանի խոսքով՝ չկա վիրտուալ հանցագործության որևէ տեսակ, որ հնարավոր չլինի բացահայտել․

«Հանցագործներն էստեղ բազմաթիվ գործիքներ են օգտագործում, և ինչքան շատ գործիք են օգտագործում՝ իրենց քողարկելու համար, այդքան շատ հետք են թողնում համացանցում»։

Սխալ կլինի պնդելը, թե հնարավոր չէ վերադարձնել ֆինանսական բուրգից տուժած քաղաքացիների գումարները՝ մանրամասնում է Հայկ Մկրտչյանը։ Սակայն այս տեսակի հանցագործությունների հիմնական առանձնահատկությունն այն է, որ պահանջվում է երկարատև աշխատանք, ուստի տուժած քաղաքացիները երբեմն չեն համբերում մինչև վերջնարդյունքը․

«Պրակտիկայում բազմաթիվ են դեպքերը, երբ անգամ չնչին տոկոսային հնարավորությունը և նախնական գնահատումը իրականացվել է և տվել է այնպիսի արդյունք, որ քաղաքացին իր գումարը ետ է ստացել։ Հիմա այս պարագայում էլ ակտիվ աշխատանքները տարվում են հանցագործներին ամբողջապես բացահայտելու, հայտնաբերելու, ֆինանսական ռեսուրսները պարզելու ուղղությամբ»։

Քաղաքացիներին ամենաշատ հուզող հարցն այն է, թե ինչու ոստիկանությունը չի հեռացնում նման կայքերի գովազդները նախնական փուլում, երբ ֆինանսական բուրգը նոր է սկսել աշխատանքը։ Հայկ Մկրտչյանի խոսքով՝ իրավական առումով գովազդը հեռացնելու իրավունք ոստիկանությունը չունի այնքան ժամանակ, քանի դեռ չկա քրեական վարույթ․

«Իսկ նախաձեռնված քրեական վարույթ կարող է լինել բացառապես հանցագործության փաստական տվյալների կամ հանցագործության փաստի առիթով։ Այսինքն՝ անձանցից մեկը պետք է տուժող լինի, իսկ տվյալ պարագայում, երբ ֆինանսական բուրգը գործարկում է, էդ ժամանակ տուժող մարդիկ չեն լինում, այսինքն՝ սկզբնական փուլում մարդիկ գումար են դնում իրենց բերած մարդկանց հաշվին, չասեմ՝ աշխատում կամ վաստակում են, բայց իրենց գումարը, համենայնդեպս չեն կորցնում։ Այդ փուլում մենք, որպես իրավապահ մարմին, ոչինչ չենք կարող անել, բացառությամբ վերջիններիս հորդորելուց, իրազեկելուց, որ հեռու մնան այդ հարթակներից, քանի որ հարթակը հետագայում հնարավոր է դառնա հանցագործության միջավայր»։

Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետի խոսքով՝ համացանցային հանցագործություններից պաշտպանվելու լավագույն միջոցը քաղաքացիների մեդիագրագիտության և իրազեկվածության բարձրացումն է։ Այդ նպատակով գործարկվել է կիբեռոստիկանության տելեգրամյան ալիքը, որում քաղաքացիները կարող են իրենց հուզող հարցերը տալ ոլորտի պատասխանատուներին։

Leave a Comment