Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում քննարկվում է բարեխիճ ու ոչ բարեխիղճ գործատուներին առանձնացնելու հնարավորությունը։ ԱՍՀՆ աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը բացատրում է՝ բարեխիղճ գործատու նշանակում է աշխատողների գրանցում, անցում ֆորմալ դաշտ։ Պաշտոնական վերջին վիճակագրությամբ՝ 2025 թ․ հոկտեմբերի դրությամբ Հայաստանում ստեղծվել է 810․074 գրանցված աշխատատեղ։ 2018–ի նկատմամբ աճը կազմել է 223․895 կամ 38 %։
Վիճակագրությունը փաստում է՝ Հայաստանում ամեն երրորդ աշխատողը գրանցված չէ։ Առաջին հայացքից թիվը մեծ է, բայց այստեղ կեսից ավելին գյուղատնտեսության ոլորտի աշխատատեղերն են։ Իսկ այս դեպքում սա օրենսդրության խախտում չէ՝ բացատրում է ԱՍՀՆ աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը․
«Գյուղոլորտում կարգավորումներն այնպիսին են, որ իրենք կարող են աշխատել ու չունենալ աշխատանքային հարաբերություն։ Կարող են մշակել իրենց հողը, բարեկամի հողը՝ ոչ մի տեղ գրանցված չլինելով»։
Հայաստանի տնտեսության շարժիչ ուժը շինարարությունն է։ Այստեղ մոտ 20 % աճ է գրանցվում։ Բայց այս ոլորտում են նաև ամենաշատ չգրանցված աշխատողները՝ արձանագրում է պաշտոնյան․
«Իր առանձնահատկությունն ունի շինարարության ոլորտը։ Սա տարածված է նաև աշխարհում։ Հաջորդ տեղում արդեն, ըստ ցուցանիշների, ծառայությունների ոլորտն է»։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում քննարկվում է բարեխիղճ ու ոչ բարեխիղճ գործատուներին առանձնացնելու հնարավորությունը։ Նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը բացատրում է՝ ինչ ասել է բարեխիղճ գործատու․
«Զբաղվածության ծրագրերում պետք է ունենանք տարանջատում՝ խրախուսելու բարեխիղճ գործատուին։ Սա նաև կնպաստի, որ պետության հետ գործակցեն՝ ներգրավվելով տարբեր պետական աջակցության ծրագրերում»։
Գործատուն պարտավոր է նորմալ աշխատանքային պայմաններ ստեղծելու՝ արձանագրում են մասնագետները՝ հղում անելով աշխատանքային օրենսդրությանը։ Այս պահին բարեխիղճ–ոչ բարեխիղճ գործատուների ինստիտուտի ներդրումը դեռ քննարկման մակարդակում է։ Երբ կամբողջանա, հանրության դատին կներկայացվի, ասում է Սարգսյանը։ Աշխատաշուկայում առկա են բազմաթիվ խնդիրներ՝ արձանագրում է «Բիզնես ու կրթություն» ասոցիացիայի նախագահ Մարինե Ժամկոչյանը։ Նա համոզված է, որ աշխատաշուկայում առկա խնդիրները հնարավոր է լուծել միայն եռակողմ գործակցությամբ՝ պետություն, կրթության համակարգ ու բիզնես.
«Ոչ մի պրակտիկ փորձառություն չունեն, գործատուն ստիպված է լինում երկար ժամանակ ու ջանք գործադրելու, որ պրակտիկ հմտություններ ձեռք բերեն»։
Աշխատանքի և զբաղվածության ոլորտում պետության մոտեցումը համահունչ է բազմաթիվ երկրների փորձին՝ պարզաբանում են գերատեսչությունից։ Շեշտում են, որ պետական ծրագրերն ու միջամտություններն օգնել են նվազեցնել ոչ ֆորմալ զբաղվածությունը։ Օրինակ՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում ոչ ֆորմալ զբաղվածության մակարդակը շուրջ 12 % է, Վրաստանում վերջին տարիներին այն նվազել է 32 %-ից մինչև 27. %։ Հայաստանում, ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալների, 2024 թ․ ոչ ֆորմալ զբաղվածության մակարդակը կազմել է շուրջ 35.3%, ինչը հստակ ցույց է տալիս, որ ոլորտում բարեփոխումների անհրաժեշտություն կա։