Գյուղեր, ուր անցագրով ու ժամով են նախիրը տանում արածելու․ Արմավիրում գյուղացին նաև սահմանապահ է

Արմավիրի մարզի ութ բնակավայր պետական սահմանի հարևանությամբ է, ու դրանց  վարչական տարածքի հողերի մի մասը սահմանային գոտում է: Տեղացիներն այնտեղ մտնում են միայն ցերեկային ժամերին՝ անցագրերով ու անձնագրով: Արազափի սահմանի ներսում միայն արոտավայրեր են, հիմնականում նախրապահներն են մուտք ու ելք անում, բայց տեղացիներն ուշադիր են օտար մարդկանց նկատմամբ, որոնք երբեմն սահմանը խախտելու հետևանքով են հայտնվում գյուղում:

Սահմանին ապրող  բնակիչներն իրենց սահմանի ու բնակավայրի յուրօրինակ հսկիչ-պատասխանատուներ են։ Այդպես է նաև Արմավիրի մարզի այն 8 բնակավայրերում, որոնք Արաքսի ափին են՝ Թուրքիայի հետ պետական սահմանին: Այդ բնակավայրերի սահմանային գոտին հսկում և պահպանում է ռուսական սահմանապահ ուղեկալը: Սահմանախախտման դեպքերը չեն բացառվում՝ «Ռադիոլուրին» ասում է Արազափի վարչական ղեկավար Մանվել Հարությունյանը.

«Շատ-շատ է եղել այն կողմից էլ, այս կողմից էլ: Հնդիկներ են, սիրիացիներ, այդ կողմի ազգերից են: Գալիս են, իրենք էլ չեն հասկանում՝ ինչ են ուզում: Մեր գյուղացիները զգույշ են, շատ ուշադիր, անծանոթ մարդ տեսնելու դեպքում ուշադրություն են դարձնում, մոտենում են, հարցնում՝ ո՞վ ես, ի՞նչ ես, անձնագիր»:

Հարցնում են, երբեմն ժամանակ շահում և հանձնում սահմանապահ ուղեկալին: Սահմանախախտների նկարները փակցվում են գյուղի հանրային վայրերում և զգուշացնում տեղացիներին՝ նրանց տեսնելու դեպքում տեղեկություններ փոխանցել:

«Սա այն մարդկանց ցուցակն է, որոնք հնարավոր է՝ խախտումներ անեն: Նրանց նկարները փակցված են խանութների պատերին: Սա ռուսական զորամասից են մեզ տվել» :

Սահմանապահ զորամասի պատասխանատուները հաճախ հանդիպում են բնակավայրի վարչական ղեկավարի հետ, հետաքրքրվում սահմանային խնդիրներով: Արազափի շուրջ 100 հա հողատարածք սահմանի ներսում է: Դրանք չեն մշակվում, 5-րդ կարգի հողեր են, աղուտներ, որոնք գյուղի արոտավայրերն են: Անասնապահները սահմանային գոտի են մտնում անցագրերով: Արազափի չափահաս գրեթե բոլոր բնակիչներն անցագրեր ունեն:Վարչական ղեկավարն է ցուցակները կազմում, որպեսզի անասնատերերն իրենք էլ հնարավորություն ունենան անասուններին արոտավայր տանել:

«Դրա համար էլ մոտ 400-500 անցագիր ենք հանում: Սա անցագիրն է, մինչև տալը մենք ցուցակներն ուղարկում ենք ստուգման: Ես անցագրերն արդեն ուղարկել եմ անվտանգություն: Մենք անցագրերի ցուցակը ներկայացրել ենք հոկտեմբեր ամսին, հունվարին պետք է տան: Իրենք լրիվ ստուգում են, երբ առավոտյան անասնապահները գնում են սահման, անցագրի հետ անձնագիր է ներկայացնում: Պետք է տվյալները համապատասխանեն, օրինական գրանցում են, մտնում սահմանից ներս: Իրիկունը նորից անասունները հաշվում են ու դուրս թողնում»:  

Արազափում վերջին տարիներին անասնապահությունը կրճատվել է: Գյուղում հաշվառված է մոտ 500 գլուխ խոշոր եղջերավոր, 123 գլուխ էլ մանր եղջերավոր կենդանիներ: Մանր եղջերավորներն առաջ ավելի շատ էին, հիմնականում եզդի բնակիչներն են պահել:
Վոլոդյա Ուսոյանը խոշոր եղջերավոր շուրջ 30 գլուխ անասուն ունի, որից 7 կով, 11 ցուլ, մնացածը հորթեր են: Չի ցանկանում ավելացնել անասնագլխաքանակը: Հաճախ սպանդանոց է տանում կամ վաճառում կենդանի քաշով:

«Մեզ ձեռք չի տալիս, արոտավայրերը քիչ են, տեղ չկա: Այստեղ մենք ամսավճարով անասուններին նախիր ենք ուղարկում: Ստիպված ենք տալիս, որ տանեն պահեն: Արոտավայրն էլ էն արոտը չի, անասունները շատ են: Ամռանը նախիրը գնում է սահմանային գոտի, մենք չենք գնում, նախրապահն է տանում, բայց մենք էլ ունենք անցագրեր:»

Նախիր ուղարկելուց ամեն գլխի համար 6000 դրամ են վճարում նախրապահին: Մինչև սահմանային կետում կստուգեն նախրապահի տվյալները, գյուղի անասուններին հավաքում են անցակետի մոտ, հաշվառում, ներս թողնում, երեկոյան մինչև 18:00 դուրս բերում: Վոլոդյան աշնանը անասուններին նախիր չի ուղարկում, բերքահավաքից հետո իր մշակած հողերում է արածեցնում: Անասնակերը տնից է, 8000 քմ առվույտ ունի, կերը չբավարարելու դեպքում երբեմն խոտ է գնում: Իսկ Արազափի խոշոր անասնատերերը ամռանը սահմանային գոտու արոտավայրի փոխարեն տանում են Ապարանի սարերում պահում:

Leave a Comment