ՇՄ նախարարը Քենիայում հանդիպել է UN-Habitat-ի գործադիր տնօրեն, ՄԱԿ-ի գործադիր քարտուղարի տեղակալի հետ

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ասամբլեայի 7-րդ նստաշրջանի (UNEA-7) շրջանակում Քենիայում հանդիպել է UN-Habitat-ի գործադիր տնօրեն, ՄԱԿ-ի գործադիր քարտուղարի տեղակալ Անքլաուդիա Ռոզբախին:

Հանդիպման ընթացքում ներկայացրել է Հայաստանի առաջնահերթությունները՝ կայուն ու կանաչ քաղաքային և գյուղական զարգացման ուղղությամբ։

Հայաստանի օրակարգում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում կանաչ և շրջանաձև տնտեսության անցմանը նպաստող ռազմավարությունների մշակումը, ինչպես նաև էներգաարդյունավետության խթանումը։

Այս համատեքստում նախարարն ընդգծել է, որ Հայաստանը կարող է օգտվել UN-Habitat-ի մասնագիտական փորձից՝ «խելացի» քաղաքների և գյուղական բնակավայրերի զարգացման, ինչպես նաև շրջանաձև տնտեսության առաջմղման ոլորտներում։

Քննարկվել են նաև ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի և UN-Habitat-ի միջև ընթացիկ համագործակցության կարևոր ուղղությունները՝ թվային քաղաքաշինական պլանավորման ծառայությունների հարթակի, Քաղաքաշինական կադաստրի և Ազգային գեոպորտալի ինտեգրման գործընթացները, ինչպես նաև մի շարք այլ ընթացիկ ու հեռանկարային համատեղ նախաձեռնություններ։

Որպես Կենսաբազմազանության COP17-ի հյուրընկալող երկիր՝ Հայաստանը մեծ հետաքրքրվածություն ունի ընդգրկելու այս կարևոր թեման բոլոր դիտակետերից՝ ներառյալ մարդկային բնակավայրերի կայուն համակեցությունն ու կենսաբազմազանության պահպանումը։

Նախարարը նշել է, որ վերջին տարիներին էական առաջընթաց է գրանցվել կենսաբազմազանության ոլորտում՝ ընդունելով Կենսաբազմազանության ազգային ռազմավարությունն ու գործողությունների ծրագիրը (NBSAPs), և պատրաստակամ ենք UN-Habitat-ի հետ համագործակցել դրանց իրականացման շրջանակում, քանի որ դրանք ներառում են քաղաքների կանաչ անցման և կայուն զարգացմանն ուղղված թիրախներ։

Տեղեկացրել է նաև, որ COP17-ի շրջանակներում նախատեսում ենք անցկացնել Քաղաքների ֆորում՝ քաղաքապետերի և քաղաքային իշխանության շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, որը կընթանա հիմնական համաժողովին զուգահեռ։
Նախարարը հանդիպման ավարտին UN-Habitat-ի գործընկերներին հրավիրել է Հայաստան:

Leave a Comment