«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածի ամենաարդյունավետ ֆուտբոլիստը։
«Ցլերի» ավագն իր ակտիվում գրանցել է 20 արդյունավետ գործողություն՝ դառնալով 8 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։
Հատկանշական է, որ 18 տուրի արդյունքներով Սպերցյանը գոլային փոխանցումների ցուցակը գլխավորում է կրկնակի առավելությամբ։ Նրա մոտակա հետապնդողը՝ «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Ալեքսեյ Բատրակովը, կատարել է ընդամենը 6 ասիստ։ Միևնույն ժամանակ, Բատրակովը ռմբարկուների պայքարում առաջ է Սպերցյանից 3 գնդակով (11 գոլ):
Առաջնության առաջին հատվածից հետո «Կրասնոդարը» 40 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում Սանկտ Պետերբուրգի «Զենիթն» է (39 միավոր), իսկ լավագույն եռյակը եզրափակում է «Լոկոմոտիվը» (37 միավոր)։