Հայաստանում անհետ կորածների խնդիրը մնում է ամենազգայուն և չլուծված հումանիտար մարտահրավերներից մեկը։ Իրավապաշտպան կազմակերպությունները տարիներ շարունակ նշում են, որ խնդիրը չունի իրավական հստակ կարգավորում։ Այս օրերին Երևանում են Անհետ կորած անձանց միջազգային հանձնաժողովի (ICMP) ներկայացուցիչները:
Նրանք հետաքրքրվում են, թե ՀՀ իշխանություններն ինչ քայլեր են արել պատերազմում անհետ կորած անձանց հարցը լուծելու ուղղությամբ։ Այս տարվա նոյեմբերի 6-ին կառավարության նիստի օրակարգում չզեկուցվող հարցերի շարքում քննարկվել է անհետ կորածներին վերաբերող օրինագծի հաստատումը։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցն այս ուղղությամբ կարևոր քայլ է համարում օրենքի ընդունումը։
Հայաստանը շուրջ 1․200 անհետ կորած անձի հարց է բարձրաձայնում։ Պաշտոնական տվյալներով՝ 90-ականների սկզբից անհետ կորած է համարվում 993 հայ։ 2020–ի 44-օրյա պատերազմի հետևանքով անհայտ է 191 անձի գտնվելու վայրը, այդ թվում՝ 172 զինծառայողի և 19 քաղաքացիական անձի։
Անհետ կորածների խնդրի ամենացավոտ կողմը մարդկայինն է։ Տասնյակ տարիներ ընտանիքները շարունակում են սպասել նվազագույն տեղեկատվության՝ անորոշության մեջ։ Ինչպես ընդգծում են հոգեբաններն ու իրավապաշտպանները, անորոշությունն ամենածանր ցավն է, որը թելադրում է ընտանիքների առօրյան և զրկում նրանց վստահության զգացումից։
Խնդիրը բացառապես մարդասիրական է՝ ասում է Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ շեշտելով անհետ կորածների վերաբերյալ օրենքի բացակայության տասնամյակներ ձգձգված խնդիրը, թեպետ այդպիսի օրենք ունենալու անհրաժեշտության մասին բազմիցս է բարձրաձայնվել։
«Շարունակում էր մնալ անհետ կորածների խնդիրը, հարազատները անորոշության մեջ էին, և չկար այն մարմինը, որը պետք է զբաղվեր։ Եթե մենք ունենայինք արդեն ընդունված օրենք և արդեն ձևավորված մարմին, մենք 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ արդեն կունենայինք ձևավորված ինստիտուտ, և հարազատները կիմանային, թե ում դիմեն, և այդ մարմինը պրոֆեսիոնալ կերպով կաշխատեր և կունենար նաև ձևավորված երկխոսություն։ Օրենքի նախագիծը առաջ չէր գնում»։
Սաքունցը ողջունում է, որ այդ առումով քաղաքական կամք են դրսևորել գործող իշխանությունները։ Իրավապաշտպանը նկատում է, որ այսօր անհետ կորածների խնդիրների մասին խոսում են մարդիկ, որոնք ժամանակին լիազորություններ են ունեցել հարցն առաջ տանելու, սակայն չեն արել։
«Լավ է, որ խոսում են, բայց ինչու այն ժամանակ չէին խոսում. մարդու իրավունքների պաշտպաններ կային, արդարադատության նախարարներ կային, քաղաքական պատասխանատուներ կային։ Տարիներ շարունակ՝ առնվազն 20 տարի, գզրոցներում գտնվող, օրակարգում գտնվող հարցը ի վերջո լուծում ստացավ օրենքի մակարդակով»։
Այս օրերին Երևանում են Անհետ կորած անձանց միջազգային հանձնաժողովի (ICMP) ներկայացուցիչները: Նրանք հետաքրքրվում են, թե ՀՀ իշխանությունները ինչ քայլեր են արել՝ պատերազմում անհետ կորած անձանց հարցը լուծելու ուղղությամբ։ ՀՀ-ում անհետ կորած անձանց հարցով 2020-ից ի վեր զբաղվել է ԱԱԾ-ն։ Վերջին անգամ այս տարվա հունիսի 4-ին են հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչները, անդրադարձել հակամարտության ընթացքում անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանմանն առնչվող հումանիտար հարցերին։
Պետությունն այս ընթացքում փորձում է առաջ գնալ հումանիտար բանակցությունների միջոցով։ 2025-ին տեղի ունեցած մի շարք հանդիպումների արդյունքներով Հայաստանի և Ադրբեջանի միջև նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել որոնողական համատեղ գործողությունների շուրջ։ Սակայն մեխանիզմները, ժամկետները և իրական արդյունավետությունը դեռ հստակ չեն։
ՄԱԿ-ում անցկացված քննարկման ընթացքում ՀՀ փոխարտգործնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանը հայտարարեց. «Անհետ կորածների ճակատագիրը քաղաքական բանակցությունների առարկա չէ. սա մարդկանց կյանքի ու ընտանիքների ճակատագրի հարց է»։
Իրավապաշտպան կազմակերպությունները հստակորեն ասում են, որ խնդրի լուծման համար անհրաժեշտ է համակարգային մոտեցում՝ օրենք, միասնական տվյալների բազա, շարունակական որոնողական գործողություններ և միջազգային ավելի մեծ ներգրավվածություն։ Այն պահից, երբ պետությունը կիրառի ամբողջական և օրենսդրորեն ամրացված մոտեցում, տասնյակ տարիներ տևած անորոշությունը կնվազի։ Կառավարության կողմից այս տարվա նոյեմբերի 6-ին անհետ կորածներին վերաբերող օրինագծի հաստատումը հատկապես այդ տեսանկյունից է գնահատում Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը։
«Կարևորում եմ այս օրենքի նախագծի աշխատանքներին մասնակցայնությունը։ Մենք էլ ենք մասնակցել, ծնողներն էլ են ունեցել մասնակցություն, և բավական շատ մեծ ծավալով մեր առաջարկները ընդունվել են, այդ թվում՝ «անհետ կորած» սահմանումը, որովհետև շատ կարևոր է։ Եվ օրենքով նախատեսվում է նաև և՛ հոգեբանական, և՛ ֆինանսական, և՛ սոցիալական աջակցություն անհետ կորածների հարազատներին, նրանց ընտանքիքի անդամներին։ Սա շատ կարևոր է»։
Այսօր կառավարությունը պարբերաբար երկարացնում է անհետ կորածների հարազատներին տրամադրվող ֆինանսական օգնությունը։ Այս մոտեցումը, սակայն, կարող էր փոխվել։ Իրավապաշտպանը նկատում է, որ հիմա դա կլինի օրենքի ուժով, ոչ թե կառավարության որոշմամբ։
«Միաժամանակ շատ ավելի կարևորում ենք օրենքով սահմանված գործառույթների պատշաճ իրականացումը։ Ի վերջո, շատ կարևոր քայլ է կատարվել։ Մնում է իրապես, բացի օրենքի ընդունումից, որ չմնա թղթի վրա, նաև դրա իրագործման համար պատշաճ ջանքեր, մեթոդիկաներ և այլն, մշակվեն, որպեսզի մենք կարողանանք ունենալ իրապես մասնագիտացված մարմին, որը կարողանա և՛ ազգային մակարդակում, և՛ միջազգային մակարդակում ջանքեր գործադրի անհետ կորածների ճակատագրի և գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ձեռք բերելու և ապահովելու նրանց հարազատների տեղեկություններ ստանալու իրավունքը։ Եթե մասունքներ, ապա՝ արժանապատիվ հուղարկավորման, ի վերջո, իրավունք ունեն»։
Հակառակ կատարված քայլերին՝ անհետ կորածների թեման շարունակում է մնալ բաց վերք։ Ընտանիքները դեռ ապրում են սպասումով, որի վերջնաժամկետը չկա, և որի լուծումը կախված է նաև հումանիտար գործակցության արդյունավետությունից։
Խնդիրն առանձին կետով ընդգրկված է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» նախաստորագրված համաձայնագրի մեջ։ 9-րդ հոդվածը սահմանում է, որ կողմերը պարտավորվում են հասցեագրելու երկու կողմերի ներգրավմամբ զինված հակամարտության ժամանակ անհետ կորած անձանց և բռնի անհետացումների դեպքերը, նաև ուղղակիորեն կամ հարկ եղած դեպքում համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ գործակցությամբ այդ անձանց վերաբերյալ առկա բոլոր տեղեկությունների փոխանակման միջոցով:
Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են այդ անձանց ճակատագրերի բացահայտման, նաև մասունքների որոնման ու ըստ պատշաճի վերադարձի, պատշաճ քննության միջոցով այդ անձանց առնչությամբ արդարադատության իրականացման կարևորությունը` որպես հաշտեցման և վստահության ամրապնդման միջոց: Սրա վերաբերյալ համապատասխան կարգավորումները կբանակցվեն և մանրամասնորեն կհամաձայնեցվեն առանձին համաձայնագրով։