«3+3»-ի փոխարեն․ Տարածաշրջանային քառակողմ նոր ձևաչափից դուրս են մնում որոշ պետություններ

Հարավային Կովկաս տարածաշրջանի համար համագործակցային տարբեր ձևաչափեր են պարբերաբար առաջարկվել՝ տարածաշրջանի կայունությունն ու զարգացումը ապահովելու համար։ Հերթական ձևաչափը, որը փորձում է առաջ մղել ԵՄ-ն, հիմքում ունի տնտեսական և լոգիստիկ նպատակներ։ Սակայն ընդհանուր համագործակցությունը ԵՄ հետ արդեն նաև անդրադառնում է անվտանգային խնդիրներին։ Տարածաշրջանային «3+3» ձևաչափին այժմ ավելացել է նորը՝ քառակողմ ձևաչափ, որի քննարկումներն ընթացքի մեջ են։

Պատասխանատու կողմերը սովորաբար հիմնավորում են, որ տարբեր ձևաչափերի թեման և «պատասխանատվության գոտին» առնչություն չունի մեկ այլ ձևաչափի հետ։

Արևելքն ու Արևմուտքն իրար կապելու նպատակով դեռ հոկտեմբերից սկսել է քննարկվել Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա-ԵՄ քառակողմ ձևաչափ ստեղծելու հարցը։ Սա առաջին հերթին տնտեսական բնույթի հարթակ է՝ օրեր առաջ հայ լրագրողների հետ զրույցում բացատրում էր ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։

Այս դեպքում պետք է հիշել, որ ԵՄ-ն նույնպես, որպես կառույց, ստեղծվել էր ոչ թե քաղաքական, այլ հենց տնտեսական համագործակցության հենքով և նպատակով՝ հիշեցնում է  «Հանուն հավասար իրավունքների կենտրոն» ՀԿ ղեկավար Գայանե Աբրահամյանը։ Նա հաստատում է, որ ԵՄ հանձնակատարի առաջարկը քննարկվել է նաև քաղհասարակության ներկայացուցիչների հետ։   

«Տնտեսությունը իրականում նաև կանխորոշելու է հետագայում քաղաքականությունը և այդ փոխկապակցվածությունը տնտեսական նաև կանխորոշելու է հետագայում խաղաղության ընթացքը։ Եթե նայում ենք ընդհանրապես ԵՄ պատմությունը՝ տնտեսական համագործակցությունն է հանգեցրել հենց ԵՄ ստեղծմանը և հանգեցրել է նաև հակամարտությունների կանխմանը։ Նույն մոդելը, կարող ենք ասել, որ կիրառվել է նաև այս դեպքում։ Ի վերջո, խաղաղությունը թղթով չէ, դա նաև փոխկապակցվածության և փոխկախվածության մասին է։ Ինքնին դա, այո, նաև քաղաքական համագործակցության մասին է։ Պարզապես, որը մենք դեռևս չունենք։ Ինչո՞ւ է ԵՄ-ն սա նախաձեռնում, որովհետև հասկանում է, որ մենք դիվանագիտական հարաբերություններ չունենք ո՛չ Ադրբեջանի և ո՛չ Թուրքիայի հետ, և սա ունենալու համար նախ պետք է ունենանք այդ կոմունիկացիան և տնտեսական հարաբերությունները, որպեսզի կարողանանք անցնել նաև հաջորդ փուլի»։

Ենթադրվում է, որ քննարկումներն ընթանում են  Հարավային Կովկասում կապուղիների ապաշրջափակման համատեքստում և ԵՄ-ն դա դիտարկում է որպես ավելի գլոբալ նպատակ, որի ընդամենը մի մասն է TRIPP ծրագիրը։

Մարթա Կոսի խոսքը՝ համաժամանակյա թարգմանությամբ․ «Խոսքը հարավային ուղու վրա դիվերսիֆիկացիայի մասին է, իսկ «Թրամփի ուղին» դրա մի մասն է։ Պետք է կապենք Արևելքն ու Արևմուտքը։ Աշխատում ենք Բաքվի և Անկարայի հետ ու պատրաստ ենք աջակցել հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Հարավային Կովկասում շատ բան կարող ենք անել կապակցվածության օրակարգով, բայց սա հնարավոր է միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շնորհիվ»։   

Առաջարկելով այս նոր հարթակը՝ ԵՄ հանձնակատարը համոզված է, որ բազմաթիվ քայլեր կարող են ձեռնարկվել կապակցվածության օրակարգով։ Բայց դրանից առաջ նորից առաջնային է խաղաղության վերջնական հաստատումը։

ԵՄ բարձրաստիճան պաշտոնյայի խոսքից պարզ է դառնում, որ տնտեսական հարցերի լուծումը շատ հաճախ կարող է կապակցված լինել քաղաքական հարցերի հետ։ Արդյոք այս նոր ձևաչափը փորձ չէ այլ ձևաչափերը տարածաշրջանից դուրս մղելու և երկրորդական դիրքեր ուղարկելու նաև տարածաշրջանի մյուս երկրների։ Օրինակ, ժամանակին կար տարածաշրջանային «3+3» հարթակ ստեղծելու նախաձեռնությունը։

Սակայն, Գայանե Աբրահամյանը դա արդեն ժամանակավրեպ է համարում․

««3+3»-ը ինքնին միևնույնն է արդեն չէր աշխատում և իրականում Հայաստանը դրան միացել էր զուտ հասկանալով կայունությունը, եթե հիշենք, թե դա երբ էր՝ 21-22 թվականներ, երբ Հայաստանը իսկապես այլընտրանքային հնարավորություններ գրեթե չուներ և կոնֆլիկտի լուծման հիմնական լուծման մեխանիզմը ռուսական միջնորդության և նոյերմբերի 9-ի փաստաթղթի շրջանակում էր։ «3+3»-ը առավել ևս նաև չէր աշխատում, որովհետև Վրաստանը այդպես էլ որևէ կերպ չմիացավ այդ շրջանակին։ Այսինքն՝ ըստ էության մեռելածին գործընթաց էր, որը ուղղակի ինչ-որ կերպ փորձում էին Թուրքիա-Ռուսաստան տանդեմը պահել։ Բայց հասկանալի է, որ հիմա դա ընդհանրապես չի աշխատում հատկապես Սիրիայի պրոցեսներից հետո, հատկապես Իրանի պատերազմից հետո և այլն։ Հատկապես արդեն օգոստոսի 8–ի խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո այդ ձևաչափը բացարձակ անհնար և անիմաստ է դառնում»։

Օրեր առաջ Բրյուսելում ընթացած ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ հանդիպմանը և Հայաստանի ու Եվրամիության գործընկերության ռազմավարական օրակարգի ստորագրմանը զուգահեռ Բրյուսելում ընթացել է նաև Քաղաքացիական հասարակության ֆորումը, որին մասնակցել է նաև Գայանե Աբրահամյանը։ Նրա տպավորությամբ՝  ԵՄ նպատակներում և առաջարկվող ձևաչափերում տնտեսության մեջ քաղաքականությունը  զգալի մաս է կազմում․

«Քանի որ հստակ տեսնում էին հատկապես Վրաստանում տեղի ունեցած փոփոխությունների հետևանքով հասկանում էին, որ Հայաստանը տնտեսական այլընտրանքային և դիվերսիֆիկացիայի որևէ այլընտրանք չի կարող ունենալ, եթե Թուրքիայի հետ ճանապարհի բացման հնարավորությունները չստեղծվեն։ Ինչո՞ւ է նաև կարևորվում այս հնարավորությունը, որովհետև Թուրքիան նաև ունի ԵՄ հետ տնտեսական ազատ գոտու հնարավոր շրջանակը և այդ շրջանակից օգտվելու համար նաև մեզ կարող են որոշակի հնարավորություններ այս տեսանկյունից տրվել։ Այսինքն՝ տնտեսությունը այս դեպքում ուղղակիորեն փոխկապակցված է քաղաքական պրոցեսների հետ։ Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացիան և անկախության որոշակի հնարավորությունների բարձրացումը նաև հենց ընդհանրապես անվտանգային համակարգերի դիվերսիֆիկացիայի տեսանկյունից Թուրքիայի հետ ճանապարհի բացումը հույժ կարևոր է»։

Բրյուսելում քաղհասարակության ունեցած հանդիպումներից մեծ տպավորություններով է վերադարձել նաև «Եվրաքվե» նախաձեռնության անդամ, «Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը։ Այս գործիչը համոզված է, որ առաջին անգամ ԵՄ շեշտը դնում է նաև անվտանգային հարցերի վրա։

«Եվրոպայի համար դա նոր տրենդ է։ Ընդհանրապես անվտանգային հարցերի քննարկումը պաշտպանական հարց է։ Դուք գիտեք, նույնիսկ հատուկ դիրեկտորատ է բացվել մյուս կոմիսարների հետ միասին։ Հիմա ունեն նաև պաշտպանության և անվտանգության հարցերով կոմիսար, եվրոկոմիսար, եվրհանձնակատար, և դա փաստորեն տարածվում է նաև Հայաստանի վրա։ Ես վստահ եմ, որ անհրաժեշտ ջանքերը կգործադրեն նաև Հունգարիայի վետոն հանելու «Եվրոպական պետության գործիքի» վրայից։ Դա գուցե խորհրդանշական գումար է՝ 10 միլիոն, որ հերթական անգամ պիտի տրամադրվի, բայց ինքը կարևոր է ինստիտուցիոնալ փոխկապակվածությունը ապահովելու»։

Այստեղ փաստորեն, նույնպես խոսքը տարածաշրջանային փոխկապակցվածություն ապահովելու մասին է։ Խուրշուդյանը հավատացած է, որ այս դեպքում անգամ ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկար կա։ Անվտանգային նույն բլոկում գտնվելը, ըստ Խուրշուդյանի, օրինակ, կկաշկանդի Թուրքիային ոտնձգությունների հարցում։

Իհարկե, այսպիսի ակնկալիքների և գնահատականների դեպքում անգամ, գործիչը գիտակցում է, որ այս դեպքում խոսքը շատ մոտ հեռանկարի մասին չէ։

Leave a Comment