Արհավիրքի օրերին մեր ժողովուրդը համախմբվեց՝ աջակցելու աղետից տուժածներին

ՀՀ ԵԿՄ Էրեբունու տարածքային բաժանմունքի «Պատանի երկրապահ» ակումբի թմբկահարների վաշտի ցերեկույթը նվիրված էր 1988թ․ դեկտեմբերի 7-ին Սպիտակում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի հիշատակին։ Տարածքային բաժանմունքի շենքում հատուկ տարածք նվիրված է Արցախյան բոլոր պատերազմներում Էրեբունի վարչական շրջանից նահատակված քաջորդիներին։

Պատերին նույն Անմահ Հերոսների, մարտական ջոկատների լուսանկարներն են։ Այստեղ նաև մոմ վառելու և խնկարկելու հատուկ անկյուն կա՝ Հերոսների նկարների տակ։ Վաշտի հրամանատար, ավագ ենթասպա Սամվել Խաչատրյանը պատանի երկրապահներին ներկայացրեց 37 տարի առաջ տեղի ունեցած ողբերգության հակիրճ պատմությունը։ Կարևորեց այն հանգամանքը, որ արհավիրքի օրերին մեր ժողովուրդը համախմբվեց՝ աջակցելու աղետից տուժածներին։

Մեզ օգնության հասան նաև տարբեր երկրների փրկարարներ։ Այնուհետև տեղի ունեցավ մոմավառություն և խնկարկում՝ երկրաշարժի զոհերի հոգիների հանգստության համար։

Իր կրտսեր ընկերներին երկրաշարժի արհավիրքների մասին պատմեց նաև բաժանմունքի «Պատանի երկրապահ» ակումբի անդամ, Երևանի պետական հումանիտար քոլեջի 1-ին կուրսի սովորող Լուսինե Սայադյանը՝ մաղթելով այլևս նման արհավիրք չտեսնենք։ Պատանի երկրապահները հանդես եկան նաև թմբուկներով՝ նվագելով տարբեր ստեղծագործություններ։

Զրուցեցի պատանիների ու նրանց հրամանատարի հետ։ Ս․ Խաչատրյանը շատ է կարևորում, որ մեր երեխաները, պատանիները դասերից հետո մասնակից լինեն «Պատանի երկրապահ» և նման այլ կառույցների պարապմունքներին։ Փողոցի վատ բարքերի փոխարեն երեխաները նման կառույցներում դառնում են հայրենասեր, ձեռք են բերում փորձ տարբեր ոլորտներում։

Այս հարցում կարևոր դեր ունեն հանրակրթական դպրոցները։ Ցավ հայտնեց, որ գնալով պակասում է պատանի երկրապահների թիվը։ Հպարտությամբ նշեց՝ վաշտի նախկին սաները, ովքեր արդեն Հայոց բանակի զինվոր են, իրենց իմացածն օգտագործում են բանակում, գոհ են, որ ժամանակին եղել են իր հրամանատարությամբ գործող վաշտի անդամ։

Նշեմ՝ նույն թմբկահարների վաշտը տարիներ շարունակ մասնակից է եղել հանրապետության տարբեր վայրերում տեղի ունեցած հանդեսների և միշտ աչքի ընկել որպես առաջատար։ Վաշտը նաև մշտապես մասնակից է լինում ԵԿՄ ճամբարների բացման և փակման արարողություններին։ Վաշտի ավագ սաներից Վիկտորյա Ճաղարյանն արդեն 5-6 տարվա փորձ ունի։ Կարևորում է նման մարզումները։

Այժմ սովորում է Երևանի Փ․ Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի քանդակագործության բաժնի 3-րդ կուրսում։ Երևանի թիվ 194 հիմնական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտներ Վահան Հայրապետյանը, Նարեկ Կապտանյանը և Դավիթ Ջուլհակյանը տարբեր ժամանակներում են ընդգրկվել վաշտի կազմ, և արդեն կարողանում են նվագել։

Վաշտի կրտսեր սաները՝ 4-րդ դասարանցի Վիկա Ստեփանյանը (թիվ 160 դպրոց) և հինգերորդցի Արեն Առաքելյանը(թիվ 186 դպրոց), նույնպես սկսել են նվագել և պատրաստվում են լավ թմբկահար դառնալ։ Ս․ Խաչատրյանի աշխատանքից գոհ են նաև երեխաների ծնողները։

Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment