
«Միտք» կրթական-երիտասարդական նախաձեռնության հիմնադիր Լևոն Չուկակլյան․
«Աշխատող աղքատները և աղքատության իրական պատկերը
Շիրակը այսօր Հայաստանի ամենաաղքատ մարզն է՝ 43% աղքատությամբ։ Տավուշը՝ 39.9%։ Վայոց Ձոր, Գեղարքունիք, Արմավիր, Կոտայք՝ բոլորը ունեն միջինից բարձր աղքատություն։
Ներկայացվում է, որ ՀՀ-ում միջին աղքատությունը կազմում է 21.7%, բայց իրական պատկերն անհամեմատ ավելի ծանր է․
– Մոտ 500 հազար թոշակառու ամսական ստանում է ընդամենը 49 հազար դրամ, այն դեպքում, երբ մեկ մարդու նվազագույն սպառողական զամբյուղը 81,681 դրամ է։
– Թոշակառուների մոտ 35%-ը աղքատ կամ ծայրահեղ աղքատ է։
– Շուրջ 100 հազար քաղաքացի ստանում է ընդամենը 36,500 դրամ նպաստ։
– Նվազագույն աշխատավարձ ստացող մարդը պաշտոնապես աշխատող աղքատ է, որովհետև նրա եկամուտը շուրջ 7 հազար դրամով պակաս է նույնիսկ նվազագույն սպառողական զամբյուղից։
Վիճ կոմիտե
Այս պայմաններում ինչպե՞ս պիտի հավատանք, որ «ընդամենը 21.7%» աղքատություն կա։ Երկիրը չի կարող ունենալ այնպիսի մարզեր, որտեղ գրեթե ամեն երկրորդ բնակիչը աղքատ է, իրական պատկերը պարզ է՝ Հայաստանում այսօր աղքատ են ոչ միայն գործազուրկները, այլև աշխատողները, քանի որ հաշվի առնելով գնաճի տեմպերը, ցածր աշխատավարձերը, ապա ամենապարզ և թեկուզ մոտավոր հաշվարկներով զբաղվածների առնվազն 25-30%-ը աշխատող աղքատներ են։
Եթե մարդու աշխատավարձը, թոշակը կամ նպաստը չի հասնում նույնիսկ կենսական նվազագույնին, ապա միջին ցուցանիշները ընդհանրապես կարևոր չեն։ Սակայն իշխանությունն այս ամենի մեջ տեսնում է միայն «միջինացված թվերի գեղեցիկ տեսքը»։ Իսկ ժողովուրդը տեսնում է դատարկ սառնարանը, թանկացած գները, անարդար մրցավազքը և աշխատող մարդու արժանապատվության ոտնահարումը։ Հասարակությունը հոգնել է խաբվելուց։ Մարդիկ չեն կարող ապրել թվերով, մարդիկ ապրում են եկամուտով՝ որը չի հերիքում։
Աղքատությունը դարձել է երկրի համակարգային խոցը, իսկ իշխանությունը՝ դրա գլխավոր հովանավորը»։