Հակակոռուպցիոն քրեական դատարանում շարունակվում են Վիգեն Սարգսյանի գործով դատական նիստերը՝ դատավոր Գիվի Հովհաննիսյաի նախագահությամբ։
Iravaban.net-ի փոխանցմամբ դատական նիստին ներկա էին հանրային մեղադրող Սաշիկ Ավետիսյանը, պաշտպաններ Արտակ Նավասարդյանը, Սլավիկ Պողոսյանը, դատական նիստին չէր ներկայացել մեղադրյալ Վիգեն Սարգսյանը, քանի որ բացակայում է Հայաստանի Հանրապետության տարածքից։
Գործով նախորդ դատական նիստը հետաձգվել էր։ Այս նիստով շարունակվեց հեռակա դատաքննություն անցկացնելու հարցի քննությունը։
Դատարանը քննության առնելով հեռակա դատաքննություն իրականացնելու մասին միջնորդություն և լսելով կողմերի կարծիքը, ինչպես նաև արձանագրելով, որ բացակայում են քրեական դատավարության օրենքի 486-րդ հոդվածի երկրորդ մասով և 480-րդ հոդվածի չորրորդ մասով սահմանված հեռակա դատաքննությունը իրականացնելու բացառող հանգամանքները առկա է քրեական դատավարության 480-րդ հոդվածի երրորդ մասով հեռակա դատաքննությունը իրականացնելու հիմքը, այսինքն, քանի որ մեղադրյալը արդեն իսկ բավական տեղական ժամանակ գտնվում է երկրից դուրս, և չեն ներկայացվել հարգելի և օբյեկտիվ պատճառներ, դատարանը որոշեց խուսափող մեղադրյալ Վիգեն Սարգսյանի նկատմամբ իրականացնել հեռակա դատաքննություն:
Հաջորդիվ դատարանը անցավ ապացույցների ծավալի հարցի քննարկմանը։ Հայցվորի ներկայացուցիչը նշեց, որ իր կարծիքով նախ պետք է հետազոտել գրավոև ապացույցները, հետո միայն անցնել վկաների հարցաքննությանը։ Ներկայացվեցին հետազոտման ենթակա փաստական ապացույցները, որոնք մեծամասամբ վերաբերում էին վկաների ցուցմունքի հիման վրա ի հայտ եկած հանգամանքներին։ Դրանցով պարզ էր դառնում մի շարք անշարժ գույքերի՝ Վիգեն Սարգսյանի իրական սեփականատեր լինելու հանգամանքը։
Ներկայացված ապացույցների ծավալը լսելուց հետո պաշտպանական կողմը միջնորդեց քննության առարկա դարձնել նաև իրենց կողմից թվարկվելիք փաստաթղթերը։ Պաշտպանը նշեց, որ օրինակ առաջին հատորի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ սույն քրեական գործի հարուցումը ապօրինի է։
Պաշտպանական կողմը թվարկեց փաստաթղթերը, նշելով Գործ- թերթ և որոշակի հիմնավորումներ ներկայացնելով, նշելով, թե վերդիկտի կայացան համար ինչ փաստական հանգամանքներ են դրանցով ի հայտ գալիս։
Պաշտպանը նշեց, որ իրենց դիտարկմամբ ոչ թե ըստ էության մեղադրանքը հիմնավորելուն ուղղված ապացույցներ են փորձել ձեռք բերել կամ փորձել են օբյեկտիվ բազմապատկողմանի քննություն անել, այլ փորձել են տարաբնույթ հարցումներով, տարաբնույթ փորձաքննություններով, այնպիսի մարմիններ հարցում կատարելով, որտեղ Վիգեն Սարգսյանը չի էլ աշխատել, տեղեկությունները հավաքել։
Հանրային մեղադրողը ի պատասխան ասաց, որ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ եթե վարույթն իրականացնող մարմինը լինի, լիազորություններն իրականացնելու ընթացքում որոշակի ենթադրյալ, հա, հանցագործության հատկանիշներ կան, տարրեր է պարունակում, դրան ուղղված որևէ գործողություն չպետք է կատարվի, և ուղղակիորեն հակասում է քրեադատավարական այն ինստիտուտին, որ յուրաքանչյուր, պաշտոնատար անձ, քննիչ, դատախազ, դատավորի լիազորությունների շրջանակում հանցագործության ենթադրյալ հատկանիշներ հայտնաբերելու դեպքում ընթացք է տալիս, հաղորդում է տալիս և համապատասխան վարույթ եք նախաձեռնում, չպետք է իրականացվի, հակառակ դեպքում կդիտվի հետապնդում, ոչ քրեադատավարական դիրքի, այլ քաղաքական։
Քննարկումից հետո դատարանը քրեական գործի նյութերում հստակեցրեց, թե որ հատվածից են գրավոր փաստաթղթերը ներառված։ Այսպիսով Դատարանը հետաձգեց դատական նիստը՝ ներկայացված առաջարկների վերաբերյալ որոշում կայացնելու համար։
Հաջորդ դատական նիստը կկայանա 2026 թվականի հունվարի 19-ին ժամը 17:00-ին։