Հաջիև․ Թրամփի դերը շրջադարձային էր Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղ գործընթացում

Հաջիև․ Թրամփի դերը շրջադարձային էր Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղ գործընթացում

8 դեկտեմբերի 2025 – 11:06 AMT

PanARMENIAN.Net – Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի վարչակազմի արտաքին քաղաքական հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը «Դոհա ֆորում» միջոցառման ընթացքում հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերը շրջադարձային էր Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղ գործընթացում։

«Ադրբեջանն ու ՀՀ–ն 5 տարի է աշխատում էին խաղաղ օրակարգի վրա։ Ես անձամբ մասնակցել եմ բազում հանդիպումների՝ երբեմն քննարկումները բարդ էին, կային կետեր, որոնց շուրջ մենք չէինք համաձայնվում։ Սակայն, երբ գործընթացին միացան նախագահ Թրամփն ու իր թիմը, մենք հասկացանք, որ խաղաղության գործընթացն անշրջելի դարձնելու համար մեզ իրոք հարկավոր է ԱՄՆ–ի հզոր քաղաքական հեղինակությունն ու ԱՄՆ երաշխիքները։ Թրամփի հիմնարար դերը շրջադարձային եղավ Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղ գործընթացում»,–ասել է նա, հայտնում է APA-ն։

Նա նաև ասել է, որ պետք է ժողովրդներին պատրաստել խաղաղության։

Նա ընդգծել է, որ Ադրբեջանի տեսանկյունից պատերազմն ու հակամարտությունն ավարտվել են։ Հաջիևի համոզմամբ՝ խաղաղությունը պետք է բերի բարեկեցություն, ապահովի զարգացում և փոխի Հարավային Կովկասի ամբողջ աշխարհաքաղաքական պատկերը։

Նրա խոսքով՝ այս համատեքստում առանձնապես կարևորվում է ժողովուրդների միջև վստահության հարցը։

«Ադրբեջանը ցանկանում է, որ խաղաղությունը լինի հարատև, կայուն և անշրջելի», — նշել է նա՝ հավելելով, որ դրա համար անհրաժեշտ է մեծ աշխատանք կատարել։

«Մենք պետք է պատրաստենք մեր ժողովուրդներին խաղաղության։ Ադրբեջանի ուղերձը միշտ եղել է այն, որ մենք ցանկանում ենք խաղաղության համաձայնագիր ստորագրել ոչ միայն Հայաստանի կառավարության, այլ նաև հայ ժողովրդի հետ, որպեսզի այն օգուտ բերի նաև ապագա սերունդներին», — ասել է նա։

Նա նաև ասել է, թե Ադրբեջանը աշխատում է վստահության ամրապնդման միջոցառումների ուղղությամբ՝ հասկանալով դրանց բարդությունը, և հավելել, թե «Ադրբեջանը ստանձնել է տարածաշրջանային առաջնորդի դերը և պատասխանատվությունը խաղաղության պահպանման համար»։

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։

Leave a Comment