🎥 Սպերցյանն օգնում է Կրասնոդարին հաղթել ԲԿՄԱ-ին և ձմեռային դադարի գնալ որպես առաջատար

Կիրակի՝ դեկտեմբերի 7-ին, կայացած «Կրասնոդար» — ԲԿՄԱ և «Բալթիկա» — «Կռիլյա Սովետով» հանդիպումներով ավարտվեց Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) 18-րդ տուրը։

Տուրի կենտրոնական խաղում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ 3։2 հաշվով հաղթանակ տարավ ԲԿՄԱ-ի նկատմամբ։ Տանտերերի կազմում գոլերով աչքի ընկան Ջոն Կորդոբան, Վիկտոր Սան և Բատչին, իսկ բանակայինների կազմում՝ Մոյզեսն ու Մատեուս Ալվեսը։ Հանդիպման 68-րդ րոպեին Մոյզեսը ստացավ երկրորդ դեղին քարտն ու հեռացվեց դաշտից՝ թողնելով իր թիմին փոքրամասնության մեջ։

«Կրասնոդարի» կազմում խաղին մասնակցեց նաև թիմի ավագ, կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, ով խաղադաշտ մտավ մեկնարկային րոպեներից և դարձավ գոլային փոխանցման հեղինակ 51-րդ րոպեին։

Այս հաղթանակի շնորհիվ Մուրադ Մուսաևի թիմը վաստակեց 40 միավոր և ձմեռային դադարի գնաց որպես մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատար։ «Ցլերը» մեկ միավորով գերազանցում են «Զենիթին», երեք միավորով՝ «Լոկոմոտիվին» և չորս միավորով՝ ԲԿՄԱ-ին (36 միավոր)։ Լավագույն հնգյակը եզրափակում է «Բալթիկան», որը սեփական դաշտում 2։0 հաշվով առավելության հասավ «Կռիլյա Սովետովի» նկատմամբ և առաջատարից հետ է մնում 5 միավորով։

Առաջնությունը կվերսկսվի 2026 թվականին։ Ձմեռային դադարից հետո առաջին տուրում «Կրասնոդարը» կընդունի «Ռոստովին», իսկ ԲԿՄԱ-ն արտագնա խաղ կանցկացնի Գրոզնիի «Ախմատի» հետ։

Տեսանյութերը՝ ԱՅՍՏԵՂ

Leave a Comment