Բռնցքամարտի ԱԱ. Դավիթ Եգորյանի հաղթանակը՝ 5:0


Սպորտ


Դուբայում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի եւս մեկ ներկայացուցիչ հաղթանակով մեկնարկեց: 54 կգ քաշային Դավիթ Եգորյանը մրցեց Մավրիկյան Հանրապետության ներկայացուցիչ Անդրե Գյուլամ Ֆրանցիսի հետ եւ հաղթեց 5:0 հաշվով։


Առաջին ռաունդում երիտասարդ բռնցքամարտիկը ագրեսիվ մենամարտ էր վարում, պրեսինգի ենթարկում մրցակցին եւ հարվածները նպատակակետին հասցնում: Այս ռաունդում բոլոր մրցավարները հաղթանակը շնորհեցին հայ բռնցքամարտիկին:


Երկրորդ ռաունդում Եգրոյանը ավելացրեց ճնշումը եւ հրաշալի պաշտպանվեց: Այս ռաունդում էլ բոլոր 10 միավորները մրցավարները տվեցին Եգորյանին:


Երրորդ ռաունդում Հայաստանի ներկայացուցիչը պահպանեց առավելությունը եւ հաղթանակի հասավ մրցավարների միաձայն որոշմամբ՝ 5:0 հաշվով:


Աշխարհի առաջնությունում մրցումային երրորդ օրը Ռուդիկ Մկրտչյանի գլխավորած հավաքականից հաղթանակներ են տարել նաեւ Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Բազեյանը (60 կգ) եւ Վախթանգ Հարությունյանը (75 կգ):


Արթուր Բազեյանը 60 կգ քաշայինների պայքարում առաջին մենամարտում 5:0 հաշվով պարտության մատնեց Մալիի ներկայացուցիչ Կարիմ Աբդուլ Բաթլիին։


75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը առաջին ռաունդում նոկաուտով հաղթեց հնդիկ Անկիթ Կումարին:


Leave a Comment