Դեկտեմբերի 5-ը կամավորների միջազգային օրն է: Կամավորները միշտ այնտեղ են, որտեղ օգնության ու աջակցության կարիք կա՝ անկախ ռասայից ու կրոնից: Արմավիրցի կամավորները միահամուռ օգնություն են ցուցաբերել 2020թ կորոնավիրուսի արգելքների ընթացքում անօգնական ու միայնակ մարդկանց, սահմանում կռվող զինվորներին, տեղահանված արցախցիներին: Այդ աշխատանքներին ակտիվ մասնակցել է նաև արմավիրցի կամավոր Քրիստինե Կարապետյանը: Երկարատև կամավորության աշխատանքի արդյունքում 2024թ-ին Քրիստինեն ճանաչվել է «Տարվա լավագույն կամավոր»:
Պատերազմի, հրդեհի, ջրհեղեղի, սովի և այլ իրավիճակներում կամավորներն ինքնակամ առաջինն են օգնության հասնում և ցուցաբերում մարդասիրություն: Քրիստինե Կարապետյանն արդեն 10 տարի այդ ոլորտում է: Կամավորությամբ նա հանրօգուտ աշխատանքներ է իրականացրել ինչպես խաղաղ պայմաններում, այնպես էլ պատերազմական իրավիճակներում: Կամավորությունը համարում է իր առաքելությունը։
«Ես ևս շատ ակտիվ մասնակցել եմ սահմանային առաջնագիծ ուղարկելու առաջին անհրաժեշտ պարագաների հավաքմանը: Այդ ընթացքում պաշտպանիչ ցանցեր էին գործում, այդ ձևով եմ կամավորություն արել: Մեդիահարթակներում, առցանց սոցիալական մեդիայում ապատեղեկատվության դեմ պայքարին եմ շատ ակտիվ մասնակցել: 2023թ-ին տեղի ունեցած դեպքերին, երբ տեղահանությունից հետո մարդկանց դիմավերել ենք, փորձել նրանց ընթացիկ աջակցել»:

Քրիստինեն արմավիրցի մյուս կամավորների հետ փորձել է տեղահանված արցախցիների համար բնակարան գտնել ու աջակցել առաջնային կարիքները հոգալուն։ Նա օգնության է հասել նաև Ալավերդիում ջրհեղեղից տուժած բնակիչներին, աջակցել ջրհեղեղի հետևանքների վերացմանը:
«Ես հենց երկրորդ օրը մեկնել ու կամավոր սկզբունքով աշխատել եմ, փորձել օգնել տուժածներին՝ սկսած իրենց բնակարաններն ու տարածքները մաքրելուց, մինչև տեխնիկական աջակցություն: Ինձ համար կամավորությունը հենց դրանում է, այսինքն, եթե իմ փորձը, հմտությունները, գիտելիքը թույլ կտա թեկուզ մեկ հոգու օգնել, ես դրան պատրաստ եմ»:
Իր պատրաստակամության ու կամավորության աշխատանքներին ակտիվ մասնակցելու համար էլ Քրիստինեն անցած տարի ճանաչվել է «Տարվա լավագույն կամավոր»: Հպարտանում է իր անցած ճանապարհի ու հումանիզմ դրսևորելու համար: Պատրաստ է նաև իր հմտությունները փոխանցել դեռահաս կամավորներին: Կամավորությունը բարի կամքի դրսևորում է: Սովորաբար կամավորները հանդես են գալիս անհատական նախաձեռնություններով կամ համախմբվում են տարբեր հասարակական կազմակերպություններում: «Արմավիրի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի կամավորները դեռահասներ են ու երիտասարդներ, որոնք կամավորության առաջին քայլերն այստեղից են սկսում: 18-ամյա Հեղինեի համար կամավորությունը ինքնաճանաչողության լավագույն դրսևորում է:

«Պատերազմի ժամանակ ձեռագործ իրեր էինք պատրաստում, դրանք վաճառում էինք, հասույթն ուղարկում զինվորներին: Հենց այդ ժամանակվանից էլ սկսեցի կամավորություն անել: Հետո իմացա «Արմավիրի երիտասարդների տան» մասին ու առ այսօր շարունակում եմ»:
Հեղինեն, կամավորագրվելով երիտասարդական կենտրոնին, տարբեր հմտություններ է ձեռք բերում հանրօգուտ աշխատանք կատարելու համար: Շրջակա միջավայրի մաքրությունն ու կանաչ տարածքների առկայությունն առաջնային է համարում:
«Կանաչապատման ծրագրերի եմ մասնակցել: Երբ անցկացնում էինք դասընթացներ ու իրազեկում էինք, թե ինչ է կանաչապատումը, նաև միասին աշխատանքներ էինք տանում, ցույց տալիս ի՞նչպես քաղաքը մաքուր պահել, ի՞նչ անել, որ վնաս չլինի, օդի աղտոտվածություն չլինի»:

«Արմավիրի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի երիտասարդական աշխատող Լիլիթ Գևորգյանն ասում է, որ կենտրոնի տարբեր ծրագրերն իրականացվում են կամավորների միջոցով, անվարձահատույց:
«Ոլորտի գիտակ մարդկանց ենք հավաքագրում, օրինակ՝ պարերի ուսուցում, ձեռագործ աշխատանքներ, ուղղակի մարդիկ կան, որոնք իրենց ցանկությամբ կամավորագրվում են կենտրոնի աշխատանքներին»:
Կամավորների աշխատանքը ամրագրված է օրենքով և առավելություն է տալիս երիտասարդներին աշխատանքի ընդունվելիս՝ ասում է «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Նաիրա Առաքելյանը:
«Օրինակ, եթե նախկինում աշխատանքային փորձ էին պահանջում, հիմա կամավորության փորձով իրենք կարող են այդ պահանջը լրացնել: Շատ մեծ կամավորների խումբ ունենք, ովքեր միանում են մեզ տարբեր աշխատանքներում, և՛ մեզ են օգնում, և՛ իրենք են մեծ փորձ ձեռք բերում, տարբեր քննարկումների են մասնակցում, նաև իրենք են իրականացնում տարբեր թեմաներով քննարկումներ»:
Հասարակական կազմակերպություններն օրենքի ուժով երաշխավորում են կամավորների գործունեությունը նրանց հետագա ուսման ու աշխատանքի հարցում: «Արմավիրի երիտասարդների տուն» կենտրոնի երիտասարդական աշխատող Լիլիթ Գևորգյան.
«Կենտրոնում կամավոր լինելուց հետո հավաստագիր են ստանում, համալսարանից կամ որևէ այլ տեղից, եթե ունեն պահանջ, դա իրավունքի ուժով փաստաթուղթ է, որը հաստատում է, որ տվյալ անձը մեր կենտրոնում կամավորություն է արել ինչ-որ ոլորտում»:

Կամավորներին աջակցում է նաև պետությունը: Կազմակերպված տարբեր ծրագրերի միջոցով նրանք ձեռք են բերում դժվարին իրավիճակներում արագ կողմորոշվելու, բարդ խնդիրներին այլընտրանքային լուծումներ գտնելու կարողություններ, ինչպես նաև զարգացնել հաղորդակցման և այլ հմտություններ:
Հայաստանում կամավորությունը, որպես այդպիսին, լիարժեք ընկալված չէ, ու անվարձահատույց աշխատելը շատ հաճախ անընկալելի է։ Եվրոպական շատ երկրներում այս մեխանիզմը պարտադիր է. աշխատանքի ընդունելիս կամ կենսագրությունը դիտարկելիս անպայման հաշվի է առնվում կամավոր աշխատանքների փորձը։ Ծնողներն, օրինակ, դպրոցներում, վարձու աշխատողները հասարակական կյանքում կամավոր աշխատանքի պարտավորություն ունեն։