Չեռնոբիլի ԱԷԿ-ի պաշտպանիչ ծածկը կորցրել է անվտանգության ապահովման գործառույթները

Չեռնոբիլի ԱԷԿ-ի պաշտպանիչ ծածկը ԱԹՍ-ի հասցրած վնասի պատճառով այլևս ի վիճակի չէ կատարել իր հիմնական գործառույթները, ուրբաթ՝ դեկտեմբերի 5-ին, հաղորդել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը:

ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի խոսքով՝ ուսումնասիրությունը հաստատել է, որ պաշտպանիչ ծածկը կամ սարկոֆագը կորցրել է իր հիմնական անվտանգության գործառույթները, այդ թվում՝ ճառագայթումից պաշտպանելու ունակությունը։

Սկզբնական վերանորոգումն արդեն ավարտվել է, բայց Գրոսին ընդգծել է, որ երկարաժամկետ միջուկային անվտանգություն ապահովելու համար անհրաժեշտ է սարկոֆագի լիարժեք վերականգնում։

Չեռնոբիլի ԱԷԿ-ի վրա աարկոֆագը կառուցվել է 1986 թվականի աղետից հետո՝ ռադիոակտիվ նյութերի հետագա արտահոսքը կանխելու համար, և շահագործման է հանձնվել 2019 թվականին: Միջազգային հանրությունը 2.2 միլիարդ եվրո է տրամադրել այդ նախագիծն իրականացնելու համար: Այս տարվա փետրվարին ՄԱԿ-ը հայտնել էր, որ կայանը հարձակման է ենթարկվել հզոր մարտագլխիկ կրող անօդաչու թռչող սարքի կողմից: Ուկրաինան մեղադրել էր Ռուսաստանին, սակայն Մոսկվան հերքել էր իր մասնակցությունը։ Այդ ժամանակ կատարված չափումները ցույց էին տվել, որ ճառագայթման մակարդակը մնացել է նորմալ և կայուն։

Leave a Comment