Մինչ կիրակի օրը Գյումրիի Յոթ Վերք եկեղեցին տիրադավերի շրջիկ «աղոթախմբով» կստանա ութերորդ վերքը, Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում իր անդրանիկ Սուրբ Պատարագը կմատուցի՝ նորաօծ Տեր Գառնիկ քահանա Ավոյանը:
Իմ լավագույն բարեմաղթանքները Տեր Գառնիկ քհն. Ավոյանին և ուզում մի քանի միտք հղել իրեն: Ինձ համար հայ հոգևորականը ունի ինստիտուցիոնալ դիմադրողականության մոդել: Նա ճգնավոր չէ, ֆանատիկ չէ:
Երուսաղեմի Սուրբ Գերեզման տաճարում ժամանակ առ ժամանակ արձանագրվող բախումները հայ ու հույն հոգևորականների միջև առաջին հայացքից կարող են թվալ որպես անհասկանալի միջադեպեր։ Սակայն դրանք արտահայտում են մի պարզ և կարևոր տրամաբանություն․ հայ հոգևորականը պաշտպանում է ոչ թե միայն տարածք, այլ նաև ինստիտուցիոնալ շարունակություն։ Այդ տարածքը սիմվոլ է, որի վրա հիմնվում է հայկական ներկայության իրավական, պատմական և ինքնության լեգիտիմությունը։ Իսկ դրա պահպանումը պահանջում է ոչ միայն հոգևոր, այլ նաև մարմնական, երբեմն՝ ֆիզիկական դիմադրունակություն։
Այս մոդելը երբեք չի սահմանափակվել Երուսաղեմով։ Հայ հոգևորականը պատմականորեն գործել է ոչ թե որպես կրոնական ճգնավոր, այլ որպես ազգային և ինստիտուցիոնալ շահերի կրող, որը կարող է գործել ուժային հարթություններում ևս։ Նրա դերը եղել է պետականության մարմնավորման շարունակական աղբյուր, կրթական համակարգ, միջնորդական ավանդույթ, մշակութային ինքնության փոխանցում, ներքին բարոյական կարգավորման ինստիտուտներ։
Այդ պատճառով ժամանակակից քաղաքական համատեքստում հոգևորականը հաճախ հայտնվում է այնպիսի դիրքում, որն առանձին քաղաքական գործիչների համար դժվար հասանելի է։ Քաղաքական գործիչը կախված է քվեից, շրջակա իրավիճակից, հանրային տրամադրություններից։
Հոգևորականը կախված է ինստիտուցիոնալ պատկանելիությունից, որը չի փոխվում ընտրական ցիկլերով։
Այսօր, երբ Հայաստանի իշխանությունը փորձ է անում սահմանափակել եկեղեցու դերակատարությունը կամ այն ներկայացնել որպես անցանկալի ինստիտուցիոնալ մրցակից, փաստացի բախվում է մի ուժի, որը գործում է ոչ թե կարճաժամկետ քաղաքական շահով, այլ պատմական ինստիտուցիոնալ պատասխանատվությամբ։
Հոգևորականի կեցվածքը՝ նույնիսկ ճնշումների, հալածանքների կամ համակարգային արշավների պայմաններում, առավել կայուն է հենց այդ պատճառով։ Նա ներկայացնում է ոչ թե քաղաքական կամ կուսակցական շահ, այլ ինստիտուցիոնալ հիշողություն, որը չի կարող «վերընտրվել» կամ «անընդունվել»։
Եվ այստեղ է ընդգծվում հիմնական քաղաքական և հոգևոր եզրահանգումը.
Հայ հոգևորականը, լինելով պատմական ինստիտուտի մաս, պատրաստ է պաշտպանել ոչ միայն հավատը, այլ նաև հայկական պետականության և ինքնության շարունակականությունը։ Երուսաղեմի բախումները ընդամենը տեսանելի ձևն են այդ ինստիտուցիոնալ հոգեբանության, որը նույն ուժով արտահայտվում է նաև ներսում՝ հատկապես այն դեպքում, երբ պետական իշխանությունը փորձում է վերադասավորվել ազգային ինստիտուտների հաշվին։
Սիրելի Տեր Գառնիկ, Աստված պահապան Ձեր հրաշք ընտանիքին: Ամուր հավատք, անկոտրում կամք: Վստահ եմ Գյումրին Ձեր անդրանիկ Սուրբ Պատարագի ժամանակ կլինի Ձեզ հետ:
P.S. Խնդրում եմ ընկերներիս տարածել այն ինչ մերն է, մեզ նման է մեսամասնական է և հիմնարար: Խնդրում եմ հույսով, որ այս խավարի նկատմամբ հաղթանակը ոչ թե սևի առավել մգեցումն է այլ լույսի առավել պայծառեցումը:
Վլադիմիր Մարտիրոսյան